ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ (2.12. 1868, Նոր Նախիջևան – 9.5.1954, Էջմիածին, ամփոփվել է Մայր տաճարի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1945-ից: Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879–89), Լայպցիգի համալսարանում (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում) և կոնսերվատորիայում (1889–94): 1889-ին ձեռնադրվել է սարկավագ, 1913-ին` վարդապետ. նշանակվել է Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ: 1915-ի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916-ից` նախագահ:

1916-ի մայիսի 17-ից` Մայր աթոռ Ս. Էջմիածնի Սինոդի անդամ: 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1922–27-ին` Վրաստանի թեմի առաջնորդ, 1927-ից` Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1938-ին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941-ը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1941-ի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, 1945-ի հունիսին` Ամենայն հայոց կաթողիկոս:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար: Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև` Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը: Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը: Մեծ ավանդ է ունեցել 1946–48-ի հայրենադարձության կազմակերպման գործում: 1945-ի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին` հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ` «Հայկական հարցի լուծման մասին»: Ողջունել է 1947-ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը: Կաթողիկոս. գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան