ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ

Share via email

ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ, հոգևոր բարձրագույն գիշերօթիկ ուսումնական հաստատություն: Բացվել է 1945-ի նոյեմբ. 1-ին, Էջմիածնում, Մայրավանքի մատենադարանի նախկին շենքում` Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ: Էջմիածնի հոգևոր ճեմարանը Գևորգյան ճեմարանի յուրատեսակ շարունակությունն էր, ուստի 1998-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կարգադրությամբ վերանվանվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Նպատակն է հոգևորականներ պատրաստել Հայ առաքելական եկեղեցու համար:

Ուսման տևողությունը 6 տարի է, ունեցել է 2 բաժին` ընդհանուր կրթական և լսարանական, այսօր` միայն լսարանական: Առաջին վերատեսուչ է նշանակվել Մինաս Մինասյանը (1945–54): Ճեմարան են ընդունվում միջնական կրթությամբ 17–24 տարեկան ՀՀ քաղաքացիներ և սփյուռքում հայկական կրթություն ստացած երիտասարդներ` «ձայնեղ, լայնամիտ և առողջակազմ աշակերտներ, որոնք ավարտելուց հետո պետք է ծառայեն միայն Հայ առաքելական եկեղեցում» («Տաթև» տարեգիրք, 1996–97, էջ 14): Դասավանդվում են կրոնական (Հայ եկեղեցու պատմություն, ընդհանուր եկեղեցու պատմություն, քարոզխոսություն, մեկնություն Հին և Նոր կտակարանների, բարոյական աստվածաբանություն, 1962-ից` Էկումենիկ շարժման պատմություն ևն), հայագիտական (գրաբար, հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն ևն) առարկաներ, երաժշտություն (եկեղեցական և եվրոպական), լեզուներ (ռուսերեն, անգլերեն, հին հունարեն):

Էջմիածնի հոգևոր ճեմարանն իր գոյության առաջին տասը տարիներին (1945–55) կանոնադրություն չի ունեցել և գործել է վերատեսչի տված հրահանգներով ու հանձնարարականներով: 1955-ին, Գևորգյան ճեմարանի կանոնադրության հիման վրա, կազմվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանի կանոնադրությունը, նշվել են վերատեսչի, տեսչի, վերակացուի, քարտուղարի, դասախոսների, ուսանողների իրավասություններն ու պարտականությունները: Ճեմարանը գտնվում է Ամենայն հայոց կաթողիկոսի գերատեսչության ներքո: Նրա հրամանով են հոգևորականներից նշանակվում վերատեսուչ, տեսուչ և վերակացու: Տեսուչներ են եղել Հայկազուն եպս. Աբրահամյանը, Ներսես արք. Պոզապալյանը, Եզնիկ քհն. Պետրոսյանը և ուր.: Դասավանդում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, Շահե արք. Աճեմյանը, Ներսես արք. Պոզապալյանը, ճեմարանի նախկին սաներ, աշխարհականներ, արտերկրից հրավիրված հոգևորականներ: Ճեմարանն ունի 120 սան, շուրջ 45 դասախոս (2001): Ճեմարանականները պարտավոր են մասնակցել ամենօրյա ժամերգություններին և ս. Պատարագին: Ճեմարանն ավարտելուց հետո նրանք աշխատում են գիտական ավարտաճառի վրա (շուրջ մեկ տարի), որը պաշտպանելուց հետո միայն իրավունք են ստանում քահանա ձեռնադրվելու և օծվելու: Ճեմարանավարտին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակելու արտերկրի կրոնական կրթական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ճեմարանի սաների ջանքերով լույս է տեսնում «Տաթև» ուսանողական պարբերաթերթը: Էջմիածնի հոգևոր ճեմարանի տեսուչն է Եղիշե ավ. քհն. Սարգսյանը (2000-ից):

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Comments are closed.