ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՇԱՐԺՈՒՄ, հայ գրերի գյուտից հետո սկզբնավորված շարժում, որի խնդիրն էր` նախ հայերեն թարգմանել Աստվածաշունչը, հայացնել եկեղեցական ծեսը, ապա հայալեզու քրիստոնեական գրականություն տարածելու, հայոց դպրություն սկզբնավորելու միջոցով նպաստել Հայաստանի հոգևոր վերածննդին, կրոնամշակութային, ինչպես նաև գաղափարաքաղաքական անկախության հաստատմանը: Թարգմանչաց շարժման 1-ին փուլն ընդգրկում է V դ. 1-ին կեսը, 2-րդ շրջանը կապված է հունաբան դպրոցի գործունեության հետ (V դ. կես – VIII դ. սկիզբ):

«Թարգմանիչ» են անվանվել հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի և Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի շուրջ 100 սաները, որոնք անմիջականորեն աշակերտել են նրանց, չհաշված «կրտսեր թարգմանիչները», հիմնականում` աշակերտների աշակերտները: Թարգմանիչ նշանակել է նաև մեկնիչ, մեկնող, Աստվածաշնչի այս կամ այն դրույթը բացատրող: Առաջին թարգմանիչներից հանվանե հայտնի են մոտ երեսունը, իսկ Տոնացույց են մտել երեքը` V դ. պատմիչ Եղիշեն, Մովսես Քերթողը և Դավիթ Անհաղթը: Հայ եկեղեցին «սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների հիշատակը` Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ: Այս վեցյակի մեջ են նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին: Հայ գրերի գյուտով (405) սկզբնավորված Թարգմանչաց շարժումը դարերի ընթացքում համալրվել է նորանոր անուններով և թարգմանական արժեքավոր գործերով: Հայ քրիստոնեական միտքը, ելնելով Սուրբ Գրքից, թարգմանությունը համարել է Սուրբ Հոգու շնորհներից («Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք,… մյուսին` բժշկումների շնորհ` նույն Հոգով, …մյուսին` լեզուների թարգմանության շնորհ», Ա Կորնթ. 12.8–10):

Մեսրոպ Մաշտոց-Սահակ Ա Պարթև-Վռամշապուհ արքա եռյակի առաջին նպատակն էր իրականացնել Սուրբ Գրքի թարգմանությունը: Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմիջական առաջնորդությամբ կատարված այդ թարգմանությամբ լուծվել են մի շարք խնդիրներ` 1. թարգմանչական դպրոցի ստեղծման, 2. հոգևոր-մշակութային, 3. գաղափարաքաղաքական: Թարգմանչական առաջին խումբը` հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի և այլոց, նախապես թարգմանել է Աստվածաշունչը. երկրորդ խումբը` Եզնիկ Կողբացի, Կորյուն, Հովսեփ Պաղնացի, Հովհան Եկեղեցացի, Ղևոնդ Վանանդեցի և մյուսներ` իրենց ուսուցիչների հետ միասին, փաստորեն կատարել է Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունը` համեմատությամբ հունարեն Յոթանասնից թարգմանության:

Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը համարվում է «թարգմանությունների թագուհի», վիթխարի դեր է խաղացել հայերենը համազգային եկեղեցական և գրական լեզվի վերածելու գործում, նպաստել ողջ Հայաստանի հոգևորմշակութային զարթոնքին: Սակայն Աստվածաշնչի բազմաշերտ ու բազմանշանակ տեքստերը հստակորեն, ուղիղ դավանանքով մեկնաբանելու, ինչպես նաև ծայր առած աղանդավորական շարժումներին ի պատասխան` սուրբգրային իմաստները անխաթար ու ամբողջական պահելու համար հարկավոր էր նաև հայերեն թարգմանել ողջ ուղղադավան-եկեղեցական ու հայրախոսական-աստվածաբանական գրականությունը: Սահակ-Մեսրոպյան շրջանում և հետագայում հունարենից և ասորերենից հայերեն են թարգմանվել Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու և մյուսների մեկնողական, աստվածաբանական, դավանական երկերը, ինչպես նաև` Արիստիդես Աթենացու, Հիպպոլիտի, Մեթեդիոս Ոլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագով. բնույթի երկերը:

V դ. 1-ին կեսին կատարված թարգմանությունները խմբավորվում են ըստ հետևյալ բաժինների. լիտուրգիկա` ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք ևն), պատրիստիկա` հայրախոսական գրականություն, մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա` վկայաբանություն և վարքագրություն, կանոնական (եկեղեցական ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահմանումներ), պատմական բնույթի երկեր:

Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թթ. հիմնականում թարգմանվել են. 1. Աստվածաշունչ (405–408-ին և 430-ական թթ.), 2. Խորհրդատետր-Պատարագամատույցներ (թրգմ. հունարենիից և ասորերենից), 3. Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը (հուն-ից), 4. Ժամագիրք (հուն-ից), 5. Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզները և մեկնությունները, 6. Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները` նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները (հունարենից), 7. Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը` նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին (հունարենից), 8. Հիերոնիմոսի մեկնությունը, 9. Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը (416–420-ին, հուն-ից), 10. Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին» (հունարենից), 11. Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը (հունարենից), 12. Եվագր Պոնտացու ճառերն ու մեկնությունները (հունարենից), 13. Եվսեբիոս Եմեսացու ճառերը (հունարենից), 14. Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան»-ը (հունարենից), 15. Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին», նաև` ճառեր, մեկնություններ, խրատներ (հունարենից), 16.Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420–430-ին, հունարենից, ընդ որում հունարեն բնագիրը չի պահպանվել), 17. Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թթ., հունարենից, հունարեն բնագիրը չի պահպանվել), 18. Պրոկղ եպիսկոպոսի թղթերը` ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թթ., հունարենից), 19. Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թթ., հունարենից), 20. Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և Սուրբ Գրքի մասերին նվիրված մեկնություններ (ասորերենից), 21. ս. Թադեոսի և ս. Սանդուխտի վկայաբանությունը (430-ին, ասորերենից), 22. Մեթոդիոս Ոլիմպիացու «Անձնիշխանության մասին» երկը (հունարենից, հունարեն բնագիրը չի պահպանվել, երկի զգալի մասն օգտագործվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում), 23. Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը (հունարենից, որոշ հատվածներ միայն պահպանվել են Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում), 24. Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական թթ., հունարենից, պահպանվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում), 25. Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին» (հունարենից), 26. Զենոբ Ամիդացու ճառը (ասորերենից), 27. Այիթալա Եդեսացու ճառը (ասորերենից), 28. Գրիգոր Նազիանզացու ճառերը (հունարենից), 29. Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի Ա տիեզերական ժողովի կանոնները (430–440-ական թթ., հունարենից):
V դ. 1-ին կեսին են թարգմանվել նաև անվավեր կամ պարականոն ճանաչված բնագրեր. «Պիղատոսի նամակը Տիբերիոս կայսեր», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը» (միայն «Աբգարի նամակը»` ասորերենից, մնացյալները` հունարենից): Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ` և հունարենից, և ասորերենից: Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն` մեկնողական, աստվածաբան-դավանական, իմաստասիրական, պատմական և այլաբնույթ գրականության ստեղծման համար` Գրիգոր Ա Լուսավորչի (կամ նրան վերագրվող) «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլ երկեր:
Հայալեզու թարգմանական գրականությունը չեզոքացրել է հունարենի և ասորերենի գերիշխանությունը, թուլացրել հունական և ասորական եկեղեցիների ազդեցությունը, իսկ միջնորդավորված կերպով` նաև այդ եկեղեցիների թիկունքին կանգնած տերությունների գաղափարաքաղաքական նկրտումները: Կրոնադավանական երկերից զատ հայ աստվածաբանական-իմաստասիրական միտքը անհրաժեշտաբար անդրադարձել է նաև աշխարհիկ գիտական երկերի թարգմանությանը: Դրա համար անհրաժեշտ էր ընդլայնել գրաբարի բառապաշարը` լեզվաոճական և գիտական, փիլիսոփայակաբ եզրաբանության հայացման ճանապարհով: Այս ասպարեզում կարևոր գործ է կատարել հունաբան դպրոցը (V դ. կեսից VIII դ. սկիզբ): Փիլոն Ալեքսանդրացու երկերի և Իրենեոս Լուգդոնացու (II դ.) և Տիմոթեոս Կուզի դավանական գրվածքների թարգմանությունից (480-ական թթ.) հետո Ալեքսանդրիայում և Աթենքում ուսանած հայ թարգմանիչները, մինչ Արիստոտելի բուն երկերի թարգմանությանն անցնելը, կատարել են ճանաչողական նշանակություն ունեցող` Պորփյուրի «Ներածութիւն ստորոգութեանցն Արիստոտելի» երկի թարգմանությունը, որը հիմք է ստեղծել 490-ական թթ. թարգմանելու Արիստոտելի «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը, այնուհետև, 490–500-ական թթ.` նորպլատոնական Յամբլիխոսին (Յամբլիքոս) վերագրվող «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը: Ապա թարգմանվել են անտիկ մտածողության ավանդույթները պահպանող քրիստոնյա հեղինակների (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի, Նեմեսիոս Եմեսացի) երկերը: Հունաբան դպրոցի թարգմանիչների (հատկապես Դավիթ Անհաղթի ինքնուրույն և թարգմանական երկերի) շնորհիվ Հայաստանում տարածվել են նորպլատոնականությունը և նորպլատոնականության հայր Պլոտինի երկերը: Հայ հեղինակների` Պետրոս Սյունեցու, Դավիթ Հարքացու, Խոսրովիկ Թարգմանչի, Անանիա Շիրակացու, Ստեփանոս Սյունեցու ինքնուրույն, ապա թարգմանական (Զենոնին վերագրվող` «Յաղագս բնութեան» տրակտատը, Պսևդո-Արիստոտելի «Յաղագս աշխարհի» և «Յաղագս առաքինութեան» բնագրերը, «Սահմանք փիլիսոփայականք» փիլիսոփայակ տեքստը ևն) երկերում զգալի է Արիստոտելի, Պորփյուրի և հատկապես Դավիթ Անհաղթի գաղափարների և տերմինաբանության որոշակի ազդեցությունը: Հայ աստվածաբանական-փիլիսոփայական-մաթեմատիկական մտքի զարգացման առումով արժեքավոր են նաև Անանիա Շիրակացու (VII դ.) երկերը և նրան վերագրվող` Պապպոս Ալեքսանդրացու, Պողոս Ալեքսանդրացու և մյուսների աստղաբաշխական ու օդերևութաբանական երկերի թարգմանությունները, Ստեփանոս Սյունեցու` 712-ին թարգմանած` Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյուսացու «Յաղագս մարդոյ կազմութեան» աստվածաբանական, բնափիլիսոփայակ, մարդակազմական երկերը, նույն` Ստեփանոս Սյունեցու` Դավիթ Հյուպատի աշխատակցությամբ թարգմանած Դիոնիսիոս Արիոպագացու «Յաղագս երկնային քահանայապետութեան», «Յաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Յաղագս աստվածայնոց անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» երկերն ու 10 թղթերը:

Թարգմանչաց շարժման ավանդույթները շարունակվել են նաև հետագա դարերում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի և ուր.), բայց նոր թափ են ստացել հատկապես XIV դ., լատին միարարների (ունիթորություն) և նրանց հայ հետևորդների շնորհիվ: Քռնայի և Ծործորի դպրոցներում լատիներենից թարգմանվել են Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի, Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և ուր. երկերը: Թեև միարարների նպատակն էր հիմնավորել կաթոլիկության առավելությունը, սակայն նրանց գործունեությունը մեծապես նպաստել է եվրոպական քրիստոնեական մտքի նվաճումների յուրացմանը, որը հմտորեն իրագործել են Հայ եկեղեցու վարդապետներն ու գաղափարախոսները, հակադրվելով հենց իրենց` միարարներին: XVII դ., հոգևոր մշակույթի աշխուժացմանը զուգընթաց, վերականգնվել են Թարգմանչաց շարժման ավանդույթները: Թարգմանչաց շարժումն առհասարակ, իր սկզբնավորումից ի վեր, խթանել է լուսավորականության, կրթության, գիտության, լեզվաշինության և նոր գաղափարների զարգացումը: Հին հայկական թարգմանությունների շնորհիվ պահպանվել են համաշխարհային մշակույթի և գիտության բազմաթիվ հուշարձաններ (բնագրերը կորել են):

Հայ եկեղեցին սահմանել է «Սրբոց թարգմանչաց» տոն. նախ, Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիից առաջ` շաբաթ օրը, տոնվում է ս. Սահակ Ա Պարթևի հիշատակը, իսկ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նշվում է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի տոնը` Օշականում («Սրբոց թարգմանչացն մերոյ Սահակայ եւ Մեսրովբայ»). հոկտեմբերին` Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ-թարգմանիչների տոնը («Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոյ` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անհաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսէսի Կլայեցւոյն»): Թարգմանչաց շարժմանը, սուրբ թարգմանիչներին է ձոնված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը` իր կանոնով: Հայոց մեջ տարածված են Ս. Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ճեմարաններ, վարժարաններ ևն): Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ 1979-ից նշվում է (երկու տարին մեկ) «Թարգմանչաց տոնը»` որպես համաժողովրդական նշանակության իրադարձություն:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան