ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, քաղաք Եգիպտոսի (այժմ` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) հյուսիսում, Միջերկրական ծովի ափին, Նեղոս գետի դելտայի արևմտյան եզրին: Ընդհանրական եկեղեցու հինգ պատրիարքական աթոռներից, քրիստոնեական մտքի, մշակույթի և գիտության նշանավոր կենտրոններից: Հիմնադրել է հույն զորավար և պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին (որի անունով էլ կոչվել է) Ք.ծ.ա. 332–331-ին: Մինչ քրիստոնեության մուտքը Ալեքսանդրիան եգիպտական, հելլենիստական և հրեական մշակույթի, գիտության, կրթության կենտրոնն էր, Արևելքն ու Արևմուտքը միացնող Հին աշխարհի նշանավոր քաղաքներից:

Հայտնի էր իր մշակութային, գիտական, գրական և կրթական հաստատություններով (Ալեքսանդրիայի մուսեյոն, Ալեքսանդրիայի գրադարան, հեթանոսական տաճարներ), փիլիսոփայական դպրոցներով:

Ալեքսանդրիայում տիրող փիլիսոփական ուղղությունը նորպլատոնականությունն էր, որը քրիստոնեական շրջանում մեծ ազդեցություն է ունեցել ալեքսանդրյան աստվածաբանության ձևավորման վրա: Ալեքսանդրիայում է կատարվել Հին կտակարանի Յոթանասնից կոչված հունարեն թարգմանությունը Ք.ծ.ա. III դ.: Քրիստոնեությունը Ալեքսանդրիա մուտք է գործել Iդ., Մարկոս ավետարանչի քարոզչությամբ: Վերջինս հիմնել է Ալեքսանդրիայի առաքելական աթոռը և ինքն էլ դարձել առաջին եպիսկոպոսը: Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ Ալեքսանդրիայի եկեղեցին քրիստոնեական քարոզության, առաքելության և հավատի ուղղափառության կարևորագույն պատվարներից է եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար: Ալեքսանդրիայի պատրիարքները, եկեղեցական հայրերը վճռական դեր են կատարել (մանավանդ` II–V դդ.) աստվածաբանության և քրիստոսաբանության բոլոր հիմնական հարցերում ուղղափառության պաշտպանության գործում և հերետիկոսությունների դեմ Ընդհանրական եկեղեցու մղած պայքարում: Նրանք և Արևելքում, և Արևմուտքում համարվել են «պաշտպան ուղղափառ հաւատոյ»: Այդ ժամանակաշրջանում Ալեքսանդրիայի եկեղեցու բովից հրապարակ են իջել մեծ դավանաբաններ ու ջատագովներ, ինչպիսիք էին Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը, Դիոնիսիոս Ալեքսանդրացին (190–265), Պետրոս (Ալեքսանդրիայի պատրիարք 300–312-ին), Ալեքսանդր (312–328), Թեոփիլոս (385–412) Ալեքսանդրացիները, Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Ալեքսանդրացին, Տիմոթեոս Կուզը և ուր.:

Ալեքսանդրիայի աթոռի հեղինակությունը բարձրացել է քրիստոսաբանական մեծ վեճերի և երեք տիեզերական ժողովների ժամանակ, երբ հաղթել և ուղղափառ է ճանաչվել Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանությունը: Ալեքսանդրիայի պատրիարքները հետևողականորեն պայքարել են արիոսականության (Նիկիայի Ա տիեզերական ժողով 325), հոգեմարտների (Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381), նեստորականության (Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431), եվտիքականության դեմ: Քաղկեդոնի ժողովից հետո Ալեքսանդրիայի աթոռը գլխավորել է հակաքաղկեդոնական պայքարը, խզել հաղորդությունը բյուզանդական եկեղեցուց և հավատարիմ մնացել երեք տիեզերաժողովների դավանությանն ու արևելաքրիստոնեական ավանդությանը: 641-ին, երբ Ալեքսանդրիան գրավել են արաբները, Ալեքսանդրիայի պատրիարքությունը կորցրել է իր երբեմնի փառքն ու նշանակությունը քրիստոնեական աշխարհում:

VII դարից Ղպտի ուղղափառ եկեղեցին («ղպտի» անվանումը Եգիպտոս տեղանվան աղճատված ձևն է, արաբներն այդպես կոչել են հին եգիպտացիների հետևորդներին` քրիստոնյա եգիպտացիներին, իսկ «ղպտի» անունը տարածվել է նաև Ալեքսանդրիայի եկեղեցու վրա) քաղկեդոնականությունը մերժած դավանակից մյուս եկեղեցիների (այդ թվում` Հայ առաքելական եկեղեցու) հետ կազմել է Արևելյան ուղղափառ (ոչքաղկեդոնական) եկեղեցիների ընտանիքը: Ալեքսանդրիան Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ հայտնի է ոչ միայն իր պատրիարքական աթոռով, այլև` նշանավոր աստվածաբանական դպրոցով, որը քրիստոնեական աստվածաբանական առաջին դպրոցն էր: Գնոստիցիզմի դեմ պայքարի անհրաժեշտությունից ելնելով` եկեղեցին մեծ ուշադրություն է դարձրել եկեղեցական գրականության զարգացմանը, դպրոցներ հիմնելուն, որոնք պետք է համակարգված հերքեին գնոստիկյան ուսմունքները, սուրբգրային քմահաճ մեկնաբանությունները: Այդպես առաջացավ Ալեքսանդրիայի քրիստոնեական աստվածաբանական մեծ դպրոցը մոտ 180-ին, որի առաջին ուսուցիչն է եղել սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսը (մահ. մոտ 200-ին): Ալեքսանդրիայի դպրոցն առաջինն էր, որ սահմանել է եկեղեցական-գիտական աստվածաբանության հիմնական սկզբունքներն ու եղանակները, առաջին քայլը կատարել դասական հին գիտությունն ու փիլիսոփայությունը «եկեղեցականացնելու» գործում, ձգտելով հաշտեցնել «գիտությունը քրիստոնեական հավատքի հետ, հին քաղաքակրթությունը` Ավետարանի հետ» (Սագարդա, «Յոյն Արևելքի հին եկեղեցական աստուածաբանական գիտութիւնը», էջ 17–18):

Եթե եկեղեցական քաղաքականության մեջ Ալեքսանդրիան մրցակցել է Կ. Պոլսի աթոռի հետ` Արևելքում գերիշխանության հասնելու համար, ապա աստվածաբանական հարցերում պայքարի ու հակաճառության մեջ է եղել Անտիոքի աստվածաբանական դպրոցի հետ: Ալեքսանդրիայի դպրոցի մշակած եկեղեցական գրականության որոշիչ նկարագիրն է հավատի բովանդակության բնազանցական ուսումնասիրությունը, մեծ հակումը դեպի Պլատոնի և նորպլատոնական փիլիսոփայությունը և Աստվածաշնչի այլաբանական մեկնությունը` ի հակադրություն Անտիոքի դպրոցում գերակշռող Արիստոտելի փիլիսոփայության և Ս.Գրքի մեկնության պատմաբանասիրական եղանակի:
Ալեքսանդրիայի և Անտիոքի ուղղությունների միջև պայքարը հող է պատրաստել հաջորդ դարերի դավանական մեծ վեճերի համար: Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցը, որը հիմնվել է առավելապես քրիստոնեական քարոզության նպատակով, ունեցել է կանոնավոր շրջանների բաժանված դասընթացներ, ուսուցման որոշ եղանակ ու ծրագիր թե հեթանոս և թե նորադարձ քրիստոնյա ուսանողների համար: Հեթանոս ուսանողները մասնակցել են ընդհանուր դասախոսություններին: Նրանց համար դասավանդվող հիմնական առարկաներն էին դիալեկտիկան, ֆիզիկան, մաթեմատիկան, երկրաչափությունը, աստղագիտությունը, հունական փիլիսոփայությունը և հայեցողական աստվածաբանությունը: Իսկ բարձրագույն գիտակրոնական դասախոսություններին մասնակցել են միայն քրիստոնյա ուսանողները, որոնք բացի վերոհիշյալ առարկաներից սովորել են նաև քրիստոնեական աստվածաբանություն, Աստվածաշնչի այլաբանական մեկնություն և փիլիսոփայություն:

Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցն իր ծաղկման առաջին շրջանն է ապրել III դ. սկզբին, երբ Պանտենոսի մահից հետո դպրոցը ղեկավարել են Կղեմես Ալեքսանդրացին (200–203) և Որոգինեսը (203–215): Սակայն երբ 215-ին Կարակալլա կայսրը գրավել է Ալեքսանդրիան, փակել է աստվածաբանական դպրոցը, հալածել դասախոսներին, Որոգինեսը հեռացել է Պաղեստինյան Կեսարիա և այնտեղ հիմնել նոր դպրոց` առաջնորդվելով Ալեքսանդրիայի դպրոցում իր մշակած և հաստատած մանկավարժական ավանդույթներով, ուսման նույն ծրագրերով: Ալեքսանդրիայի դպրոցի երկրորդ շրջանն սկսվել է IV դ. սկզբից և իր ծաղկման գագաթնակետին հասել եկեղեցու հայրեր, Ալեքսանդրիայի պատրիարքներ Աթանաս և Կյուրեղ Ալեքսանդրացիների օրոք, որոնք նաև դպրոցի ղեկավարն ու ոգին էին: IV–V դդ. քրիստոսաբանական մեծ վեճերի շրջանում Ընդհանրական եկեղեցու պատմությունն ուղեկցվել է Ալեքսանդրիայի և Անտիոքի աստվածաբանական դպրոցների պայքարով, ու մինչև V դ. վերջը դավանական շարժումների մեջ առաջնորդող դերը պատկանել է Ալեքսանդրիայի դպրոցի աստվածաբանությանը:

Ալեքսանդրյան դպրոցի քրիստոսաբանությունը խարսխված է «մի բնութիւն Բանին Աստուծոյ մարդացելոյ» բանաձևի վրա: Քրիստոսը կատարյալ Աստված է և կատարյալ մարդ: Աստվածությունը և Մարդեղությունն անփոփոխելի, անշփոթելի և անբաժանելի կերպով միացած են «մի բնության» մեջ: Այս միությունն էական և բնական միություն է և, միևնույն ժամանակ` անճառելի և անհասանելի մտքի համար: Ալեքսանդրյան ավանդությունը մերժում է ցանկացած բաժանություն և երկվություն Քրիստոսի մեջ: Մի է Քրիստոս` մարմնացյալ Բանը, մի աստվածամարդկային բնություն, մի անձ, մի դեմք, մի կամք, մի ներգործություն:

Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանության ամենանշանավոր ներկայացուցիչը Աթանաս Ալեքսանդրացին է: Նա քրիստոնեական ամբողջ աշխարհայեցողությունը կենտրոնացրել է փրկության գաղափարի մեջ և հաստատել քրիստոնեության էության ըմբռնումը որպես փրկության կրոնի էություն: Նրա բոլոր ձգտումներն ուղղված էին Փրկչին և փրկությանը, փրկության գաղափարի տեսակետից քրիստոնեության մեջ Քրիստոսի կենտրոնական նշանակությունը ճանաչելուն: Հիսուս Քրիստոսի անձնավորության մեջ աշխարհ է եկել կատարյալ և ճշմարիտ աստվածությունը: Փրկության խորհուրդը, որ է` Աստվածամարդու միջոցով մարդկության փրկությունը աստվածային կյանքի համար, Աթանաս Մեծը դարձրել է քրիստոնեական կրոնի մեծ սկզբունքը, աստվածաբանության ուղղությունը:
Աթանաս Ալեքսանդրացին փրկության գաղափարը խտացրել է «Աստված մարդացավ, որպեսզի մարդ աստվածանա» բանաձևի մեջ, որը և եղել է քրիստոսաբանության արևելաքրիստոնեական ընկալման առանցքը: Ալեքսանդրիայի դպրոցը շեշտել է Քրիստոսի աստվածությունը, Անտիոքի դպրոցը` Քրիստոսի մարդ լինելը: Քրիստոսի մեջ շեշտելով մարդը («խոստովանեսցուք զոր ի մարդումն Աստուած»)` Անտիոքի դպրոցի ներկայացուցիչները գտնում էին, որ Քրիստոսն ամենակալ Աստծուն երկրպագակից մարդ է, ունի երկու բնություն` Աստված առանձին, մարդն առանձին, նրանք գոյություն ունեն իրարից անջատ, մեկը` ճշմարտապես բնությամբ որդի, իսկ մյուսը շնորհիվ որդեգրության` Աստված: Ալեքսանդրիայի և Անտիոքի դպրոցների աստվածաբանական համակարգերի, քրիստոսաբանական խոստովանությունների իրարամերժությունն արտահայտվել է հետևյալ բանաձևով. «Ինքը Աստվածն է մարդ դարձել», «մարդացյալ Աստված» (Ալեքսանդրիայի դպրոց) և «Մարդ, որն աստվածացել է», «Աստվածազգեստ մարդ» (Անտիոքի դպրոց):

Ալեքսանդրիայի դպրոցի ինքնուրույն հոսանք է կապադովկյան հայրերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի) աստվածաբանությունը, որը կրում է Աթանաս Ալեքսանդրացու և, հատկապես, Որոգինեսի ազդեցությունը: Իր առանձնահատկություններով հանդերձ կապադովկյան հայրերի աստվածաբանական վարդապետությունը ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանության նոր շրջանն էր: Ալեքսանդրիայի, ինչպես և Անտիոքի աստվածաբանական դպրոցները փակվել են VI դ., բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի օրոք (527–565):

Հայ եկեղեցականի մասին ամենահին տեղեկությունը կապված է Ալեքսանդրիայի աթոռի հետ: Եվսեբիոս Կեսարացին իր «Պատմութիւն եկեղեցւոյ» աշխատության մեջ վկայում է, որ Ալեքսանդրիայի Դիոնիսիոս եպիսկոպոսը (248–265) նամակ է գրել հայոց Մեհրուժան եպիսկոպոսին (ըստ Ն. Ադոնցի` նրա նստավայրը գտնվել է Ծոփաց աշխարհի Անգեղ գավառում): Դիոնիսիոս Ալեքսանդրացին Մեհրուժան եպիսկոպոսի կարծիքն է հարցրել քրիստոնյաների դեմ Դեկոս կայսրի (250–253) հալածանքների ժամանակ քրիստոնեությունն ուրացածներին ապաշխարությամբ կրկին եկեղեցի ընդունելու վերաբերյալ: V–VI դդ. կրթություն ստանալու համար Հայաստանից Ալեքսանդրիա են մեկնել հայ երիտասարդներ, որոնց թվում` պատմահայր Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը: V դ. վերջին Ալեքսանդրիայի պատրիարք Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» հակաքաղկեդոնական երկի հայերեն թարգմանությամբ, այնուհետև 506-ին Դվինի եկեղեցական ժողովում Քաղկեդոնի մերժմամբ Հայ եկեղեցին կանգնել է ալեքսանդրյան աստվածաբանության դիրքերի վրա` մերժելով հանգանակի վրա ավելացված, ալեքսանդրյան ավանդությանը և երեք տիեզերաժողովների դավանությանը հակասող ամեն մի նորամուծություն:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան