«ԱՐՄԱՏ ՀԱՎԱՏՈ», «Արմատ հաւատոյ», «Հավատարմատ», հայ պատմադավանաբանական նյութերի ժողովածուներ, որոնք հիմնականում նվիրված են քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանաբանական վեճերին: Հայտնի են չորս տարբեր ժողովածուներ, որոնցից երեքը պաշտպանել են Հայ եկեղեցու դավանանքը` ընդդեմ Քաղկեդոնի ժողովի, մեկը` քաղկեդոնականությունը: Առաջին «Արմատ Հավատո»-ն կազմել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի)` Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք (613–628): Այդ ժողովածուն այժմ հայտնի է «Կնիք հավատո» անունով: Երկրորդ ժողովածուն կազմել է Անանիա Նարեկացին (X դ.) «Հավատարմատ» անվամբ, որը մեզ լրիվ չի հասել: Ուխտանես պատմիչի վկայությամբ, հեղինակն իր հակաքաղկեդոնական այդ երկասիրությունը նվիրել է Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսին (973–992): «Հավատարմատից» առանձին հատվածներ տեղ են գտել Անանիա Սանահնեցու (XI դ.) «Հակաճառություն ընդդեմ երկաբնակաց» երկում («Գանձասար», 1–3, 1992–93): Երրորդ ժողովածուն, որ հայտնի է «Արմատ Հավատո» անունով (լրիվ խորագիրը` «Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ» կամ «Համառաւտ հաւաքումն սրբոց վարդապետաց յաղագս դաւանութեան ամենասուրբ Երրորդութեան ընդդէմ հերձուածոց հակաճառութիւն»), կազմել է Վարդան Այգեկցին, 1205-ին: Հեղինակային բնագիրը մեզ չի հասել:
Երկը հայտնի է բազմաթիվ ընդօրինակություններով` ընդարձակ և համառոտ խմբագրությամբ (լավագույնները Մատենադարանի դդ 2080 և 3295 ձեռագրերն են): Ընդարձակ խմբագրությունը, որ շատ ավելի մոտ է հեղինակային օրինակին, բաղկացած է 16 գլխից: Առաջին երկու գլուխներն ըստ էության առաջաբաններ են, որտեղ խոսվում է աշխատության ստեղծման շարժառիթների ու նպատակների մասին: Այս երկի շարադրումը թելադրված էր կաթոլիկ Արևմուտքի եկեղեցաքաղաքական նկրտումները կասեցնելու անհրաժեշտությամբ: Օգտվելով Կիլիկյան Հայաստանում թագավորական իշխանության հաստատման հետ կապված անկայուն քաղաքական կացությունից` Արևմուտքի քաղաքական շահագրգռությունների խոսափող դարձած լատին (կաթոլիկ) եկեղեցին իր տիրապետությունը մեծացնելու նպատակով գործադրել է գաղափարական ներգործման իր հայտնի եղանակները` քաղկեդոն. դավանության միջոցով:
Վարդան Այգեկցու «Արմատ Հավատո»-ն նպատակ ուներ տագնապի զանգ հնչեցնելով արթուն պահել հայոց դավանական գիտակցությունն ու ազգային մտածողությունը: Այնքան մեծ է եղել այս աշխատության ազդեցությունը ժամանակակիցների վրա, որ Հայ եկեղեցու հակառակորդները Ավինյոնի պապական արքունիքում այն համարել են երկաբնակ դավանության համար առավել վտանգավոր «մոլորական» գրքերից: XIII դ. 2-րդ կեսին Կիլիկիայում ասպարեզ է եկել թվով չորրորդ «Արմատ Հավատո»-ն, որը կազմել էին քաղկեդոնական հայերը` Վարդան Այգեկցու «Արմատ Հավատո»-ին հակակշռելու, երկրում Արևմուտքի քաղաքական և եկեղեցական ազդեցությունը ամրապնդելու նպատակով: Այս ժողովածուն XIV դ. դեռևս եղել է հրապարակի վրա:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

