Արմենակ Փոխարյան – Վասպուրականի հերոսամարտը 1915թ.







Ընդհանուր տեսություն

Վասպուրական աշխարհը գեղեցիկ է իր կապուտագեղ ծովակով, իր բարձրաբերձ լեռներով, իր անտառաշատ ձորակներով ու կանաչազարդ հովիտներով, իր արագահոս գետերով ու պաղորակ աղբյուրներով, իր ճոխ բուսականությամբ ու դրախտանման այգիներով։
Մեծագործ մի ժողովրդի մտքի ու ճարտար ձեռքի հրաշակերտ հուշարձաններ, հավիտենական կոթողներ, բևեռագիր արձանագրություններով ծածկված բերդեր, ժայռեր ու հիշատակարաններ ևս ավելի գեղեցկացրին այդ աշխարհը, նախօրրանը հայ ցեղին, որն իր հարաճուն մակընթացությամբ ծավալելով բռնեց Հայաստան կոչված պատմական երկիրը։
Վասպուրական աշխարհի մեջ հայ ցեղը՝ հակառակ դարերի ու բարբարոս ձեռների քայքայիչ ու սպանիչ մոլուցքին, ապրեց միշտ, թվով գերակշիռ ու որակով գերազանց և յուր տոկուն, աշխատասեր նկարագրի ու հեղափոխական խառնվածքի շնորհիվ, իր բազուկի առնական հարվածով ջարդեց հայ բնաշխարհում որջացած թշնամուն, դուրս վռնդեց նրան և իրականացրեց վերազարթնող հայության դարերի իղձն ու երազը։


Հայ բանաստեղծն երգեց ու երազեց տենչալի ազատությունը. հայ գրագետն ու վիպասանը երևակայեց ու ծրագրեց հայ֊ազատագրական գործը, հայ դպրոցը սովորեցրեց ու ներշնչեց ազատության սերը, հայ հեղափոխականը քարոզեց ու արյունագծեց հայ ազատության ուղին, և հայ երիտասարդը մարտական ոգով գոտեպնդված՝ ազատության երազն իրականություն դարձրեց Վասպուրական աշխարհում։

Հայության դարերի իղձը Վասպուրականում պսակված. — դա պատահականության կամ դիպվածի արդյունք չէ, դա իր լուրջ պատճառներն ու հիմքերն ունի, որոնց արմատները հասնում ու կապվում են այդ գեղեցիկ երկրի պատմական փառավոր անցյալի, նրա աշխարհագրական դիրքի և մանավանդ նրա հիանալի բնության ծոցում ծվարած հայ ժողովրդի առանձնահատուկ նկարագրի հետ։

Ինչո՞վ բացատրել, որ հայ ազատագրական զարթոնքի առաջին կանչը վասպուրականցի մի վեղարավոր արձակեց իր արծվեթռիչ գրչով ու մեղրածորան լեզվով։ Խրիմյան Հայրիկը Վասպուրականումն էր բոյ քաշել, նրա օդով ու ջրով էր սնվել ու նրա տենչերով էր ներշնչվել։

Ինչո՞վ բացատրել, որ առաջին հեղափոխական շարժումը Վասպուրականում ծնունդ առավ, հանձին Արմենական կազմակերպության և 1895 — 96-ի հայ բնաշխարհում գործող համիտյան հայասպան յաթաղանին զենքով պատասխանողը Վասպուրականը եղավ։

Եվ անմահն Մկրտիչ Փորթուգալյանը, հեղափոխական խոսքի առաջին սերմնացանը, իրավունք ուներ Վասպուրականի արգավանդ երկիրն ընտրելու, իբրև հարմարագույն վայրը, նոր լեռան քարոզի, նոր խոսքի դժվարին մշակության։

Ահա այս Վասպուրականն էր նույնպես, որ մի փառավոր էջ բացավ մեր նորագույն պատմության մեջ, կերտելով Ապրիլյան Հերոսամարտը։

Ապրիլյան Հերոսամարտն ըստ արժանվույն գնահատել կարողանալու համար, պետք է լավ ճանաչել այն կերտող ժողովուրդին, իր ֆիզիկական, հոգեկան և մտավոր ապրումներով։

Վասպուրականի հայ ժողովուրդն օժտված էր ի բնե հառաջադիմասեր ոգով. բացի նրանից, որ արհեստներ, հողագործությունն և առևտուրը նրա ժառանգական սեփականությունն էին, նրան էր պատկանում նաև ուսումն ու գիտությունը։

Չնայելով որ մեր մտավոր շարժման երկու կենտրոնները՝ Պոլիսն ու Թիֆլիսը հարյուրավոր մղոններով հեռու էին, և նրանց համեմատաբար ավելի մոտիկ շրջանները դեռ նոր֊նոր սթափման նշաններ էին ցույց տալիս, Վանն ու Վասպուրականը, կրթության ու առաջադիմության տենչով տոգորված՝ վերածնության կենդանարար եռուն կյանք էին ապրում։ Տեր֊Թոդիկյան խամրոցների փոխարեն, նոր տիպի դպրոցներ հիմնվել էին քաղաքում և ապա գավառական կենտրոններում: Վարագա Ժառանգավորացն, ապա Փորթուգալյան Վարժապետանոցն ու Կետրոնականը, Երամյանն ու ծխական բազմաթիվ ուսումնարաններ հասցրել Էին կրթական, գրական ու հասարակական մշակներ, նոր ոգով տոգորված երիտասարդության մի փաղանգ: Կային տասնի չափ կրթական-հառաջադիմական ընկերություններ, յուրաքանչյուրն ուներ իր կլուբ֊ժողովասրահը՝ գրադարան-ընթերցարանով։ Տեղի Էին ունենում ժողովներ, դասախոսություններ, վիճաբանություններ և մի եռուզեռ կյանք քաղաքից խլրտելով, ալեկոծում էր ամբողջ շրջաններ։ Ընթերցասիրության եռանդով բռնված երիտասարդությունը լափում էր ժամանակակից հայ և օտար գրականությունը, մասնավորաբար Րաֆֆու վեպերը փոթորկում էին երիտասարդության սիրտն ու հոգին։ Խավարը տեղի էր տալիս, իսկ լուսավորությունը՝ հաղթանակում։

Այսպես ուրեմն, հենց յոթանասունական֊ութսունական թվականներից վերազարթնող Վասպուրականի երիտասարդության համար, թուրք ու քուրդ կրկնակի բռնակալության ու ստրկացման լուծն անտանելի դարձավ և հեղափոխական շարժման առաջին ծիլերն ու զենքի սերն եկան հայ ժողովրդի կորացած մեջքն ուղղելու։

Ճիշտ է, որ ստրկությունը մեռցրել էր Վասպուրականի ժողովրդի մեջ նրա նախնիների զինվորական ու ռազմական առաքինությունները, բայց նրա լեռնային գավառներում, օրինակ Շատախում, Մոկսում, Կարկառում, Կարճկանում և այլ վայրերում, ուր հայ գյուղացին պարտավորված էր կողք կողքի ապրել քուրդ լեռնական զինված ցեղերի հետ. այդ վայրերում, հայ լեռնցի շինականն, իր անբաժան ընկեր «շեշխանաներով» հաճախ պատասխանում էր իր ընչաքաղց քուրդ հարևանի ավարառու ախորժակին և ինքնապաշտպանության բնազդը մղում Էր նրան հերոսական ակտերի, որոնք զանազան պատումներով պատմվում ու երգվում Էին «Մոկաց֊Միրզա»֊ների, «Ալեքսան»֊ների ժողովրդական բանահյուսության մեջ։ Անգամ դաշտեցի Թիմարի կողքին և նրանից ոչ հեռու Գործոթ գյուղի Մելեքի տունն իր քաջագործությամբ աչքի Էր ընկել դեռ 1899֊ի ջարդերին։

Ու երբ Վասպուրականի զարթոնքի արշալույսին ծնունդ առան նախ «Սև֊խաչ» գաղտնի ընկերությունն, ապա «Արմենական» կազմակերպությունը և հետո այդ ժողովրդի մեջ գործելու եկան «Հնչակյան» և «Դաշնակցական» կուսակցությունները, Վասպուրականի երիտասարդության սրտում քնած առյուծը զարթնեց, մի թարմ, կենսանորոգ ավիշ բարձրացավ նրա երակներով, նա մի անզուսպ սիրով փարվեց զենքի գաղափարին, ի հայտ բերելով իր մարտական դիմագիծը, հեղափոխական աննվաճ կորովն ու զոհաբերության աննախընթաց ոգին։

Հիսունական և վաթսունական թվականներին, երբ դեռ նոր Էր Վասպուրականը ոտք դրել ազգային գիտակցության շեմին և հեղափոխական գործի առաջին մարզանքն Էր կատարում, ծայր առան օսմանյան բռնակալ կառավարության սարսափներն ու զուլումները։ Ապա վրա հասան 1895—96֊ի համիտյան կոտորածները, և մինչ Անադոլուի մի ծայրից մյուսը ուղխորեն հոսում Էր 300000 հայերի արյունը, հայկական համատարած այդ սպանդում, Վասպուրականի երիտասարդությունը, մասնավորաբար Այգեստանում, անվարան ու անայլայլ, զենքի դիմեց քուրդ ոհմակների, թուրք արյունկզակ բաշիբոզուկների և կառավարության զինվորական ուժերի ու թնդանոթների դեմ։ Երեք կուսակցությանց ներկայացուցիչները,– Ավետիսյան, Պետո ու Մարտիկ,– միակամ ու միախորհուրդ, իրենց ուժերով կռվի բովը նետվեցին, և ութօրյա պատվավոր դիմադրությամբ զսպեցին ոճրագործ կառավարության հայակեր ախորժակը։

Սակայն 1896-ի «Մեծ դեպքը» իր աղետավոր հետևանքներով ժամանակավոր լքում ու վհատություն պատճառեց Վասպուրականին։ Հեշտ բան չէր տեսնել հարյուրավոր գյուղեր ավերակված ու ամայացած, Այգեստանի կարևոր թաղերը թալանված ու հրկիզված, թուրքական թաղերի հայ ժողովուրդը մորթոտված և մանավանդ Այգեստանի ութ հարյուր ծաղիկ երիտասարդությունը Գյուզել֊Դերեյում ու Քազի֊Դաղում զոհված։

Այսքան զուլումից հետո սակայն վերապրող վասպուրականցին կապված մնաց իր արյունոտ հողին ու երկրին, նրա վհատությունը երկար չտևեց։ Նա սրբեց իր արտասուքն ու ատամները սեղմած՝ ձեռնարկեց, իր ավանդական համբերատար ոգով, վերաշինել ինչ որ կործանել էր երեկ թուրքի բարբարոս ձեռքը։ Հայ գյուղացին նորից ձեռքը դրավ մաճին ու մշակեց իր հողը, նորակառույց տներ մեկիկ֊մեկիկ մոխիրների միջից բարձրացան, խոնարհած եկեղեցիների արյունաներկ սեղանից կրկին լսվեց հայի աղոթքն ու պատարագը, և հայ մանուկը վերստին սկսավ հայ այբուբենը հեգել այն դպրոցում, ուր երեկ իր ընկերների ու ուսուցիչների հոշոտված դիակներն էին։ Արհեստավորն ու առևտրականը գործի կպան, և կարճ ժամանակի ընթացքում Վասպուրականի գյուղն ու քաղաքը արյունից ու մոխիրներից լվացված` վերստին բողբոջել ու ծաղկել սկսան։

Նյութական կորուստը շուտով դարմանվեց, բայց ինչ֊որ անդարմանելի էր և կսկծալի, դա մեր ծաղիկ երիտասարդության կորուստն էր։ Տուն չկար Այգեստանում, որ իր անբուժելի մրմուռը չունենար։ Տարիներ շարունակ ամբողջ Վասպուրականը, մղկտալով ու արյուն֊արցունք թափելով, երգում էր մեր շնորհալի բանաստեղծ Հովհաննես Կռւլօղլյանի հորինած երգն այդ երիտասարդությանը ձոնված.

Մի՛ լար, մայրիկ, մի՛ լար, հայրիկ, մի՛ քորք, եղբարք, ամուսինք. Հայրենիքի դատին համար մենք հոս ինկանք միասին…

Բազմաթիվ այրիացած նորահարսներ, սակայն, շարունակում էին լաց լինել իրենց նորածինների օրորոցների առջև չոքած և սրտի մրմուռով օրորներ ասել։ Նրանք տեսան իրենց սրտի սփոփանքների հասակ առնելը, նրանց շուքի տակ նստեցին, նրանցից իրենց ամուսինների հոտն ու կարոտն առին և ապա, նրանց ձեռքով, իրենց սիրելիների վրեժը լուծված տեսան ու սփոփվեցին։

1896-ի կսկիծն ամեն սրտի մի լեզու էր տվել, ամեն բերանից մի պատմություն ստեղծել և ամեն մեծից վրեժխնդրության մի անզուսպ թելադրանք բխեցրել բոլոր փոքրերի և նորահասերի համար և 96֊ի ներշնչումներով տոգորված նոր սերունդը կերտեց Ապրիլը:

1896-ի երիտասարդությունը, զենքով դիմակայելով իր դարավոր դահճին, միանգամայն գծեց իր հաղորդների ուղին միևնույն դահճի հայաջինջ ախորժակների հանդեպ։ Եվ ի պատիվ այդ հետագա սերնդին, պիտի արձանագրել, որ այս վերջինս ոչ միայն հավատարմորեն քայլեց իր նախորդների հետքերով, այլև գերազանցեց նրան, ստեղծելով Ապրիլյան փառավոր հերոսամարտը։

Ապրիլն անպայման պիտի գերազանցեր 96-ը, որովհետև 96֊ից մինչև 1915-ը, այդ 19 տարվա ընթացքում շատ ջրեր հոսեցին հայ իրականության վրայով, նորանոր ուժեր ու գործոններ հրապարակ բերելով։

Ինչպես վերևն ասացինք, 1895—96-ին ամբողջ Արևմտյան Հայաստանում կատարված համիտյան եղեռնը մեծ հիասթափություն ու հուսալքում առաջ բերավ նաև Վասպուրականում հայ հեղափոխական շարժման նկատմամբ։ Ճիշտ է, որ երիտասարդությունը, զեն ի ձեռին, ութօրյա կռիվներում խիզախորեն ճակատ տվեց թշնամուն. բայց հայ ժողովուրդը զարմանքով տեսավ, որ այդ բուռն քաջերի վրա հարձակվեցին ոչ միայն քուրդն ու թուրք բաշիբոզուկները, այլև թուրք կառավարությունն իր զորքերով և ավելին՝ իր թնդանոթներով, այն էլ ղեկավարված անգլիական «քրիստոնյա» պետության ներկայացուցիչ թրքամոլ Ուիլյամի ձեռքով։ Այս սահմռկեցուցիչ իրողությունը տրամաբանորեն այն եզրակացության բերավ հայ ժողովրդին, թե հայ հեղափոխությունն ի՛՛նչ պիտի կարողանա անել թուրք հսկա կառավարության դեմ, որը քաջալերվում է քրիստոնյա պետություններից և որն, ինչքան էլ թուլացած լինի, միշտ էլ մեզ համար այն համեմատությունն ունի, ինչ որ առյուծը կատվին համար:

Հայ ժողովրդի այս հիասթափությունը բուժելու, և նրան վերստին եռանդ ու ոգևորություն ներշնչելու համար, գերմարդկային ճիգ էր հարկավոր։ Ահա ստեղծված հոգեբանական բեկման այս դժվարին րոպեին էր, որ հետագայի հեղափոխական գործիչները կատարեցին մեծ գործ և դա՝ էլի շնորհիվ Վասպուրականի երիտասարդության ընտրյալ փոքրամասնության, որ վերստին սրտաբաց ընդառաջ գնաց այս երկրորդ շրջանի հեղափոխության հառաջապահներին։ Ընդարձակ էջեր են հարկավոր պատկերացնելու համար դժոխային պայմաններն, որոնց մեջ գործում էր Վազգեն Տերոյանը, և որոնց նա զոհ գնաց իր երկու անբաժան ընկերների՝ Արշակի և Մուքոյի հետ։ Պակաս չէին նաև գավառացի հայդուկները, ինչպես հաջի Մուրադը, շատախցի Հովսեփը և այլոք, որոնք անհուսահատ փարվել էին հեղափոխական սուրբ գաղափարին։

Եթե Վասպուրականի հեղափոխական շարժման առաջին շրջանի նախաձեռնության պատիվն Արմենական կազմակերպությանն էր պատկանում, այս երկրորդ շրջանում, անուրանալի է, որ Հ. Հ. Դաշնակցությունը եղավ այդ շարժման վերարծարծողն ու կազմակերպիչը։ Նրա անձնուրաց գործիչները, ինչպես Վարդգեսը (Հովհաննես Սերենկյուլյան), մասնավորաբար վերակազմ ութ յան անհնարին պայմաններում, ցնցեցին թմրած երիտասարդությանը, եռանդի բերին նաև առժամանակ քնած Արմենական կազմակերպությունը, և աննման կորովով ստեղծեցին հեղափոխական գործունեության եռուն ու կազդուրիչ նոր շրջան։ Հեղափոխական շարժումն սկսավ մեծ թափով զարգանալ մասնավորաբար հետագա գործիչների, Վահան Փափազյանի (Բժիշկ), Արամի, Իշխանի, Սարգսի, Բուլղարացի Գրիգորի և ուրիշ բազմաթիվ հեղափոխական գործիչների հետզհետե Վասպուրական գալով։ Վասպուրական անունը կարծես մի առանձին առինքնող գրավչություն ուներ բոլոր այն անհատների համար, որոնք հայ-ազատագրության գործին ծառայելու կոչումն ունեին։

Այդ նույն շրջանում է, որ Էջմիածնի ճեմարանում ուսանող մի տասնյակ վասպուրականցի երիտասարդներ հայրենիքի ծոցը վերադարձան, լծվելու նրա կրթական֊հեղափոխական կենսական գործին։ Դրանք էին՝ Համազասպ Բաղեշցյան, Ղևոնդ Մելոյան, Արտակ Դարբինյան, Հայրապետ Պանիրյան, Թովմաղյան եղբայրներ, Համբարձում Հացագործյան, Հայկակ Կոսոյան, Արսեն Հացագործյան, Օնիկ Վարդանյան, Միհրան Թերլեմեզյան, Վարազդատ Տերոյան, Արմենակ Մաքսապետյան, բոլորն էլ ոգևորված, եռանդուն ու հուսալից երիտասարդներ, հայրենիքին ծառայելու ցանկությամբ տոգորված:

Վասպուրականը հրապուրեց նաև ճեմարանականներից արաբկիրցի Երվանդ Քյոսեյանին (Սեպուհ հեղափոխական անունով), նույնքան մաքուր, գաղափարական և եռանդուն գործիչ, որ Արմենական կազմակերպության մեջ մտնելով, նրա շուրջ բոլորված երիտասարդության ոգին դարձավ։

Ոգևորության այս երկրորդ շրջանին էր, որ հեղափոխությունը Վասպուրականում մտավ իր իսկական հունի մեջ, ընդգրկելով քաղաքն ու գավառը միանգամայն։ Հեղափոխական առատ գրականության ներմուծումը, ուսանողների և մտավորական ու թերուս երիտասարդների համար կազմակերպված դասախոսությունները, պրոպագանդի համար գործադրված զանազան ձեռնարկումներ, թատրոն֊ներկայացում, ժողով, օրակարգ, կարծիքների փոխանակություն և այլն, ծառայում էին հասունացնելու և խորացնելու հեղափոխական գիտակցությունն ու դաստիարակությունը հայ ժողովրդի մեջ։ Հեղափոխական այս վերազարթնումին ծառայում էին գերազանցապես Վասպուրականում արդեն գոյություն ունեցող և հետզհետե նոր ծիլ ու ծավալ ստացող կրթական հիմնարկությունները, մանավանդ Օսմանյան սահմանադրության շրջանում, երբ բոլոր գավառների հետին գյուղերն անգամ ունեցան իրենց դպրոցները, շատ տեղեր սեփական շենքերով և կրթական նորագույն հարմարություններով։ Վասպուրականում կային տասի չափ միջնակարգ դպրոցներ — Երամյան, Կենտրոնական, Սանդխտյան օրիորդաց, Ամերիկյան երկսեռ, Գերմանական երկսեռ, Վարժապետանոց, ինչպես նաև Աղթամարի Կենտրոնական (մասնավորապես հեղափոխության ջանքերով հիմնված՝ հատկապես գավառի երիտասարդության համար)։ Այս բոլոր դպրոցներում ամեն տարի ավարտում էին հարյուրավոր երկսեռ ուսանողներ, ինչպես և հազարավոր կիսավարտներ, պատրաստի ուժ հանդիսանալով երկրի կրթական ու հեղափոխական շարժման համար։ Երկիրն ամբողջ, առանց մեծադղորդ հայտարարության, կարծես պայքար էր բացել անգրագիտության դեմ։

Դպրոցն ու հեղափոխությունը մեկը մյուսին լրացնելով, պատրաստեցին մի սերունդ, որ որոշ գիտակցություն ու ըմբռնում ուներ մեր կյանքը հուզող կրթական, հանրային, քաղաքական, տնտեսական, ընկերային-հեղափոխական և այլն հարցերի մասին։ Այդ սերունդը պահանջ էր զգում իր մտքերը, համոզումներն ու տեսակետներն արտահայտելու և տարածելու և ահա հետզհետե հրապարակ եկան մի շարք խմորատիպ թերթեր թե քաղաքում և թե գավառում, իբրև արտահայտություն երիտասարդական զանազան խավերի հայացքների։ Դրանք էին՝ «Նոր֊Սերունդ», «Հայացք», «Ծովակ», «Կոչնակ», «Երկունք», «Զգտում», «Գավառի ձայն», «Տիգրիս» և այլն, որոնց բոլորի նպատակն էր մի ուժեղ հեղաշրջում առաջ բերել իր շրջապատի քարացած համոզումների, նախապաշարմունքների ու հետադիմական խավարի մեջ։

Վերջապես Օսմանյան սահմանադրության օրով կուսակցություններն ունեցան իրենց սեփական տպարաններն ու օրգանները. «Աշխատանք»՝ Դաշնակցության, իսկ «Վան֊Տոսպ»՝ Ռամկավարների։

Երիտասարդության ինքնազարգացման ու ընթերցասիրության պահանջին լիովին բավարարություն էին տալիս մեկից ավելի գրադարաններ, նախ գաղտնի, ապա Սահմանադրության շրջանին ազատ, մատչելի հասարակության բոլոր խավերին։ Հ. Հ. Դաշնակցությունը քաղաքում ուներ «Ազատության լույս» ամենից ճոխ գրադարան֊ընթերցարանն իր նորակառույց շենքով ու փառավոր թատերասրահով, իսկ Քաղաքամեջր՝ «Հայրիկյան» գրադարան֊ընթերցարանը. Ռամկավարները ունեին «Ավետիսյան», իսկ Հնչակյանները՝ «Մարտիկյան» գրադարանները, դեռ չհաշված քաղաքի բազմաթիվ դպրոցական գրադարանները։ Դաշնակցությունը գավառում ուներ «Ախպեր» (Մոկս), «Ռաֆայել» (Աղթամար), «Շատախ», «Երկաթ» և այլ գրադարաններ։

Այս բոլոր ձեռնարկումներն ու եռանդուն գործունեությունը մեկ կենտրոնական նպատակի էին ծառայում՝ պատրաստել ժողովրդի սիրտն ու հոգին և մղել նրան դեպի ցանկալի ազատությունը։

Ազատությունը, սակայն, այս բոլոր միջոցների հետ, պահանջում էր նաև կռվող, պայքարող ոգի ու զենքի գաղափար։ Այս մարզումն էր ահա, որ Դաշնակցությունը Վասպուրականում սպառեց իր նյութական ու բարոյական ուժերի խոշորագույն մասը։ Նա ըստ ամենայնի ընդառաջեց Վասպուրականի զենքի սիրահար երիտասարդության բուռն ձգտումներին. հայթայթեց նրան զենք, մարզեց նրա բազուկը և ներշնչեց մարտական ոգի։ Նրա բազմաթիվ ֆիդայական խմբերը, չափչփելով բովանդակ Վասպուրականի սարերն ու ձորերը, մեկը հարյուրի դեմ հանդգնելով, ամեն սարին հերոսական մի պատմություն տալով, ամեն ժայռին ու ամեն ծերպի մեջ իրենց կյանքն ու արյունը դնելով, Վասպուրականի երիտասարդների սրտում վտանգներ դիմագրավելու անդիմադրելի ավյուն հոսեցրին։ Երիտասարդներից կազմված զինատար խմբեր և մարտական տասնյակներ երկրից Պարսկաստան ու Կովկաս երթևեկելով, հաճախադեպ ընդհարումների մեջ մարզվելով, կռվեցին, կոփվեցին և դարձան գերազանցապես մարտունակ ու զոհաբերության ընդունակ մի բանակ, որի մեջ երևան եկան և բազմաթիվ առյուծասիրտ ու հերոսական դեմքեր։

Այս ոգով պատրաստված երիտասարդության մեջ դիմադրական կորովն ու կռվի տենչն այն աստիճան ուժեղացավ, որ 1896֊ից սկսած մինչև Ապրիլը, տասնյակ առիթներով, Վասպուրականի երիտասարդությունը, միահամուռ կամ մասնակի, բնազդական պատրաստակամությամբ կամ տրված մի նշանի վրա զենք վերցրեց ու դիրքեր մտավ, անվարան ու անայլայլ չափվելու իրենից հարյուրապատիկ գերազանց ուժերի դեմ: Եղան առիթներ, որ պատասխանատու ընկերները պարտավորվեցին մեծ ուժ ու ճնշում գործ դնել երիտասարդության անժամանակ պոռթկումը զսպելու համար։

1896-ի եղեռնից հետո թուրք ոճրապարտ կառավարությունը խեթ աչքով էր նայում Վասպուրականի հայ տարրի վերստին կազդուրման, նյութական ու բարոյական բարգավաճման և նրա մեջ խլրտող ազատագրական եռանդուն շարժմանը։ Հեղափոխականներին հետապնդելու նպատակով նա անդադար հրկիզում ու քանդում էր հայ գյուղն ու փչացնում և քայքայում էր հայ գյուղացու քրտինքի վաստակը։ Նա իր հայաջինջ քաղաքականության համար միշտ Էլ իբր գործիք ծառայեցրեց հայ գյուղացու բնակակից տգետ քրդությանը, որը մինչև վերջ անընդունակ եղավ ըմբռնելու իր չարն ու բարին, միշտ առաջնորդվեց կրոնական մոլեռանդությամբ ու ընչաքաղց, ավազակաբարո բնազդով և խափան ու խոչընդոտ դարձավ իր հարևանի ազատագրական ճիգերին։

1908֊ի Օսմանյան սահմանադրության հռչակումով, Վասպուրականի հայությունն էլ պահ մը հավատք ունեցավ, թե իր տառապանքները վերջացան և ազգամիջյան դառնությունները դադարելու են։ Բայց 1909-ի Ադանայի ջարդն եկավ ցրելու այդ պատրանքը, և Վասպուրականի երիտասարդությունն ուշքի եկավ՝ նորից դիմեց ինքնապաշտպանության փրկարար գործին։

Իրերն այս վիճակումն էին, երբ պայթեց 1914 թ. համաշխարհային պատերազմը։ Նույն տարվա հուլիսի 21-ին Թուրքիան ևս հախուռն մի որոշումով սեֆերբերլիկ (զորահավաք) հայտարարեց և հոկտեմբերի 16-ին պատերազմական գործողություններ սկսեց Ռուսաստանի դեմ։ Նույն ամսվա 19֊ին արդեն ռուսական բանակը Թուրքիա մտավ, իսկ նոյեմբերի 19-ին այդ հաղթական բանակի մեկ թևը Պարսկաստանի վյրայով Վասպուրականի Բաշկալե ու Սարայ գավառները ոտք կոխեց։

Անդրանիկի թնդանոթների խուլ որոտը Մոլլահասանից թունդ հանեց Վասպուրականի երիտասարդության սիրտը։ Նա հասած Էր համարում բախտորոշ րոպեն։ Դարերի ընթացքում հազիվ Էր ներկայացել հարմարագույն առիթը փոխվրեժի կուտակված կատաղությունը թափելու դարավոր թշնամու գլխին։ Արդարև առիթը հարմար էր. թուրք պաշտոնեությունը փախչելու պատրաստություն Էր տեսնում. հարուստ թուրքերը նույնպես ծախծխում Էին իրենց կահ-կարասին օր առաջ կծիկ դնելու համար, իսկ թուրք ժողովուրդը վերահաս վտանգին առջև սահմռկած՝ կրիայի նման կուչ Էր եկել իր պատյանի մեջ։

Սակայն պատմական փորձն ու հեռատեսությունն ուրիշ թելադրանքներ ունեին։ Չէր կարելի վստահել բախտի ժամանակավոր հաջողությանը. պատերազմի փոփոխակի բախտը կարող էր տխուր անակընկալների առջև դնել մեզ և արկածախնդիր մի շարժում կարող էր կորստաբեր հետևանքներ ունենալ։ Վռամյանը և ուրիշներ քարոզում էին շրջահայաց և զգույշ լինել, և երիտասարդությունն անսաց իրեն տրված իմաստուն խորհուրդին, զսպեց իր ներքին հրճվանքն և ոչ մի հակապետական արարք կամ արտահայտություն չունեցավ։

Եվ հիրավի, ռուսները նահանջեցին իրենց հաղթական առաջխաղացության կես ճանապարհից։ Անդրանիկն ևս ստիպվեցավ ետ քաշվելու. թուրքերը սրտապնդվեցին. տուժեց միայն Բաշկալեի և Սարայի հայությունը։

Սակայն ռուսների նահանջից երես առած թուրք կառավարությունը բազմաթիվ անգամ բռնի, արհեստական առիթներ ստեղծեց հայ-թուրքական ընդհարումներն սկսելու և գուցե վերջացնելու իրեն համար նպաստավոր ձևով, նախքան կամավորական գնդերի վերադարձը։ Բայց միշտ միևնույն շրջահայաց քաղաքականությունն ու ժամանակ շահելու հեռատեսությունը թույլ չտվավ բարդություններ առաջացնելու, կամ ստեղծված դեպքում հաջողեցավ խաղաղեցնել և տեղն ու տեղը վերջացնել, միայն մեր կռիվն ու կամավորական գնդերի հառաջխաղացումն իրար մոտեցնելու մտահոգությամբ։ Այդ հեռատեսությունն իր փառավոր արդյունքը տվեց, Վասպուրականը փրկվեց, թեև Վռամյանի, Իշխանի և վերջինիս ընկերացող Վահան Խռան յանի, Քոթոթ Պողոսի և Միհրան Տեր-Մարգարյանի թանկագին կյանքերի գնով։

Թուրք կառավարության դավադիր ու ոճրապարտ դիտավորությունը սակայն կարմիր թելի պես պտույտ էր գալիս Վասպուրականի բոլոր մասերում։ Բաշկալեի ու Սարայի անխնա ջարդերից սկսած մինչև Ապրիլը թե՛ գավառներում և թե՛ Վան քաղաքում կատարվող բոլոր արյունալի դեպքերը՝ Բելուի կռիվն ու հրկիզումը Կարճկան գավառում, Կարկառի քայքայումն ու ժողովրդի ցրումը, Աթանանի ընդհարումը, Ալջավազի գյուղերում կատարված կողոպուտն ու կանանց բռնաբարումը ու դրանց հետևող կռիվները, Թիմարի ընդհարումների շարքը, այդ ընդհարումների առթիվ թուրք անսանձ միլիսների, ոստիկանների ու քուրդ աշիրաթների կատարած չարագործությունները, բանակում ծառայող հայ զինվորների զինաթափումն ու իբրև ամրաշեն գրաստական ծառայության ենթարկվելը և ի վերջո նրանց զանգվածային ջարդը կամ անհատ-անհատ գնդակահարությունը, Թեքալիֆի-Հարբիեի անունով հայ ժողովրդի պաշտոնական կողոպուտն ու տնտեսական քայքայումը, այս ամեն սանձարձակությունները, որ պատերազմի մեջ եղող մի կառավարություն գործ էր դնում խաղաղ ու շինարար հպատակների հանդեպ, մի նախազգացում էին ներշնչում հայ ժողովրդին, թե Վասպուրականը կանգնած է անխուսափելի և ակներև բնաջնջման անդունդի առջև ու այդ անդունդն արյունով պիտի լեցվի: Ուրիշ միջոցներ, որոնք շարունակում էին դեռ գործադրել ղեկավարները, օրինակ զիջում, բանակցություն, կառավարության անվերջ պահանջներին ընդառաջ գնալ և այլն, բոլորը խաբուսիկ էին, անզոր՝ հայ ժողովրդի և կառավարության միջև բացված վիհը փակելու։

Մյուս կողմից էլ սակայն հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում էր։ Հայ գյուղացին բառիս բուն իմաստով քամվում էր։ Բացի վերև հիշված թալան ու կողոպուտից, նա, թուրքական բանակի կարիքները հոգալու համար, տվել էր իր վերջին հացահատիկը, գրաստն ու ոչխարը, եզն ու սագը և բոլոր երիտասարդ աշխատող ձեռքերը։ Իսկ հայ քաղաքացին էլ իսպառ սնանկության էր մատնված։ Բավական չէր, որ նրա շուկայի ամբողջ հարստությունը Թեքալիֆի֊Հարբիեի պահեստներն էր փոխադրված, նա հարկադրվել էր տասնյակ հազար զույգերով գուլպա, կոշիկ, տոպրակ, տաք հագուստ և այլն մատակարարել, միշտ անվճար։ Հայ ժողովուրդն ատամները սեղմած տանում էր դեռ այս բոլոր դիտումնավոր բռնագրավումները, կեղեքումներն ու անիրավությունները, հուսալով, որ ամեն չարիք իր սահմանն ու վախճանը կունենա, բայց միևնույն ժամանակ նա հաստատ համոզումն ուներ, որ բանն այս անգամ առանց սուրի և արյունի չի վերջանալու։

Եվ Վասպուրականն այդ խոր գիտակցությամբ տոկալով մեկտեղ, պատրաստվում էր այդ ահավոր ու բախտորոշ օրվան։

Այդ օրն եղավ Ապրիլ ամիսը։

Այդ ամսուն ամբողջ Վասպուրականը դարձավ կռվի, կրակի, վառոդի ու արյան մի ծով, մի կատարյալ գեհեն, և այդ գեհենում, Այգեսւոանն ու Քաղաքամեջը, Շատախն ու Փեսանդաշտը հպարտ ու անսասան, կուրծք տալով նամարդ թշնամուն՝ ջարդ ու փշուր դուրս վռնդեցին նրան հայ բնօրրանից ու կերտեցին Վասպուրականի Փառավոր հերոսամարտը։

ՎԱՆ-ԱՅԳԵՍՏԱՆ

Կռիվների նախօրյակը

Այգեստան՝ Վասպուրական աշխարհի սիրտը, Ապրիլյան հերոսամարտերի միջնաբերդը դարձավ։

Ովքեր չեն տեսել Այգեստանը, Վանի այդ ընդարձակ քաղաքամասը և չեն եղել այնտեղ Ապրիլյան օրերին, չեն կարող պատկերացնել, թե բաց դաշտում փռված, անպատ ու անպարիսպ, պտղատու և անպտուղ ծառերի այդ արհեստական անտառն ու այդ անտառում կորած հողակերտ ու փայտաշեն տները, հանկարծ ի՞նչ հրաշքով միջնաբերդի վերածվեցին։ Այդ հրաշքի բացատրությունը պիտի փնտրել առաջին այդտեղ բնակվող հայ ժողովրդի դիմադրական աննվաճ ոգու մեջ, և երկրորդ՝ կար և այն բացառիկ հանգամանքը, որ այդ ընդարձակ տարածության վրա բնակվող 20000 հայությունը անխառն էր, հոծ ու միատարր, չհաշված նրա ծայրամասերը։ Գուցե Արևմտյան Հայաստանի մեջ չէր գտնվի մի երկրորդ անկյուն, ուր այդքան հոծ հայություն քով֊քովի խմբված լիներ։ Այգեստանի ինքնապաշտպանության գծից ներս, որտեղ խմբվեցին նաև ծայրամասերի և թուրքախառն թաղերի հայերը, ոչ թուրք կար և ոչ քուրդ, բացի անգլիական հյուպատոսարանի և Համուտ աղայի զորանոցի պահապան զորքերը, որոնք բարեբախտաբար մաքրագործվեցին կռվի առաջին օրերի ընթացքին։ Այս հոծ ժողովուրդը, որ անքակտելի սիրով կապված էր իր հորենական ու պապենական կալվածին և դարերի ընթացքին թույլ չէր տվել ոչ մի թուրք ընտանիքի թափանցել իր սրբազան օջախը, միակամ ու միասիրտ ոտքի կանգնեց և Այգեստանը դարձրեց հայկական անառիկ մի միջնաբերդ:

Այս կարևոր պարագան ընդգծելուց հետո, անցնենք Այգեստանի Հերոսամարտի պատմությանը։

Զորահավաքի առաջին ազդարարությանը Վասպուրականի հայությունը սիրահոժար արձագանք տվավ, և գավառացի բազմաթիվ երիտասարդների հետ Այգեստանի երիտասարդությունից ևա որոշ տոկոս թուրքական բանակը մտավ։ Այդ առաջին զինվորների գլխին եղած աղետը բավական եղավ զգուշացնելու մնացած երիտասարդներին՝ խուսափելու զինվորագրությունից։ Դրանց մեծագույն մասը թեև արձանագրված էր, բայց դեռ բանակ չէր մտել զանազան պատճառներով։ Ուսուցիչները ժամանակավորապես զերծ էին մնացել կրթական գրծը չխափանելու համար, իսկ արհեստավորներն էլ զորանոցներում կամ այլ հիմնարկություններում բանակի հագուստներն էին կարում և ուրիշ կարիքներն էին բավարարում, ուստի քաղաքից դեռ չէին հեռացել, հարուստներից ոմանք զինվորական փրկանք վճարելով ազատության թուղթ էին ստացել, իսկ կային զինվորացուներ, որ թաքնվել էին։

Սակայն զինվորագրության հարցը գնալով սուր կերպարանք էր ստանում, և փախստականների հետապնդումը ժանդարմների կողմից հաճախ տեղի էր տալիս արյունահեղ ընդհարումների, Այգեստանի փողոցներում։

Վռամյանն ու Արամը գերագույն ճիգ էին թափում, ինչպես գավառում, նույնպես և քաղաքում առաջն առնելու և տեղում կանխելու կառավարության և հայ ժողովրդի միջև ծայր առնող անախորժ դեպքերը։

Իրերը գահավեժ բնույթ ստացան, երբ Վանի կուսակալ Ջևդեթը ռազմաճակատից քաղաք վերադարձավ, Վասպուրականի հայությունը բնաջինջ անելու ոճրապարտ հրահանգով։

Ջևդեթի հայատյաց և բարբարոս բնավորությունն անծանոթ չէր հայերին, նա արժանացել էր «նալբանդ» մականունին, յոթն տարի առաջ շատ անմեղ հայերի ոտները պայտել տալու անլուր բարբարոսությամբ։

Ջևգեթը կտրական կերպով պահանջեց հայերից հանձնել 18—45 տարեկան բոլոր զինվորացուներին, անզեն ուղարկելու Արճեշ կամ այլուր, իբր Ամրաշեն զորամասում ծառայելու համար։

Ջևդեթի այս պահանջը տակն ու վրա արեց քաղաքը։ Ազգային վարչությունը, Միջկուսակցական խորհուրդը (այդ ծանր օրերին կազմված) իրար անցան։ Որոշվեց, իբր քավության նոխազ, առաջին առթիվ հանձնել 500 երիտասարդ։ Այս որոշման համաձայն էին Վռամյանն ու Արամը, վերջինս մինչև անգամ հանձնառու եղավ ինքն անձամբ առաջնորդելու երիտասարդների այս առաջին մասը դեպի Արճեշ։

Երիտասարդությունը, սակայն, մեծ դժգոհությամբ լսեց տրված վճիռը, նրա առաջավոր մասը ժողովներ էր անում վերագնահատության ենթարկելու և իր վերաբերմունքը ցույց տալու դրան։ Վռամյանը, Արամն ու Իշխանը ճիգ էին թափում համոզելու երիտասարդությանը, գիտակցորեն հանձն առնել այդ զոհաբերությունը, իբրև փոքրագույն չարիք, որպեսզի հայը չմեղադրվի որպես ապստամբ, և մյուս շրջանների հայությունը չտուժի։

Երիտասարդությունը առարկում էր, ասելով. «Միևնույն է, մեռնելու ենք, ինչպես որ մեռան մեզանից առաջ մեկնողներն աննպատակ, որովհետև մեզ անզեն ուղարկելն ինքնին բացատրում է Ջևդեթի դիվային մտադրությունը։ Թույլ տվեք ուրեմն, որ զեն ի ձեռին մեռնինք պատվավոր կերպով, մեր ժողովրդի համար»։

Իրար խաչաձևող գահավեժ դեպքերն եկան վճռելու չարաբաստիկ հարցն ի նպաստ երիտասարդության։

Դեռ Այգեստանն այս երկընտրանքի առջև տատանվում էր, երբ 1915֊ի մարտի 29֊ին լուր հասավ, թե Շատախի երիտասարդությունն արդեն դիրքերն է մտել, Հովսեփ Չոլոյանի և իր ընկերների անհարկի ձերբակալության առթիվ, և ընդհարումն անխուսափելի է։ Ջևդեթն այս դեպքը վարպետորեն շահագործեց Իշխանին ծուղակ գցելու համար և հաջողեցավ։ Նրա առաջարկով Իշխանը հաշտարար պատգամավորության գլուխն անցավ իր երեք զինակիցներով դեպի Շատախ գնալու և ապրիլի 3֊ի երեկոյին Հիրճում դավադրաբար սպանվեց երեք ընկերների հետ, Ջևդեթի ուղարկած չեթեների ձեռքով։

Դեռ այս լուրն Այգեստան չհասած՝ հաջորդ օրը Ջևդեթը, նույն աղվեսային խորամանկությամբ, ուզեց Արամին ու Վռամյանին էլ թակարդ գցել, երկուսին առանձին հեռախոսներով իր տունը խորհրդակցության հրավիրելով։ Վռամյանը գնաց ու արգելափակվեց, իսկ Արամի հասցեին իր թողած նախազգուշացուցիչ երկտողի շնորհիվ, վերջինս ազատվեց։

Իշխանի ու ընկերների սպանության և Վռամյանի ձերբակալության անակնկալ լուրերը շանթահարեցին Վանի ժողովրդին։

Դա ցնցող ու սթափեցուցիչ մի դեպք էր, որ միանգամից բացեց բոլոր թերահավատների ու տատանվողների աչքերը և ոտքի հանեց հայ ժողովրդին՝ մեկ մարդու նման դիմելու միայն ու միայն ինքկապաշտպանության փրկարար գործին։ Վանի ժողովուրդը միանգամայն դուրս եկավ անորոշությունից, տատանվող վիճակից և կանգնեց պատնեշի վրա, մի սիրտ ու մի հոգի, վրեժխնդրության աստվածային ցասումն իր սրտում։

Արևելցի դիպլոմատ աղվես Ջևդեթը մեծապես սխալվեց իր հաշիվների մեջ. նա ենթադրում էր, որ Վանի հայ ժողովուրդը գլխատելով, իր առջև կունենար ոչխարների մի հոտ, որը հեշտությամբ սպանդանոցը պիտի առաջնորդեր։ Հետո նա տեսավ այդ ժողովուրդը, կարեվեր վիրավորված, առյուծի նման իր դիմացը կանգնած՝ որի կատաղության թափը կոտրելու համար անզոր դարձան նրա ոճրածին ուղեղի հղացած բոլոր միջոցները։

Զինվորական մարմինը

Ապրիլի 5-ին Այգեստանի երիտասարդությունը դիրքեր մտավ անվարան: Լավ էր, որ թշնամին ձեռնոց նետեց, որով և կռվի ազգանշանը տալով չկրցավ հանկարծակիի բերել մեզ։

Միջանկյալ ասենք, որ Այգեստանի մարտական խմբերը շատ անգամ ստիպված լինելով զենք վերցնել թուրքաց հարձակման դեմ ժողովուրդը պաշտպանելու համար, վարժվել էին րոպեապես իրենց հատկացված դիրքերը բռնելու, այնպես որ, մի առանձին դժվարություն չեղավ դիրքերի մի պատնեշով բոլորելու ամբողջ Այգեստանը։ Բացի դրանից, մարտ ամսի ընթացքին պատահած անախորժություններից ապագա չարիքները նախատեսելով, Հ. Հ. Դաշնակցությունը, ինչպես նաև ռամկավարներն ինքնապաշտպանության համար հարկ եղած պատրաստություններ կատարել էին. նրանք ընտրել էին իրենց զինվորական մարմիններ, շրջանապետներ, խմբեր ու խմբապետներ։ Իշխանը, Բուլղարացի Գրիգորը ու Կայծակ֊Առաքելը ներկայացնում էին Դաշնակցության Զինվորական մարմինը, բոլոր շրջանների համար։ Ռամկավարներն էլ ընտրել էին Այգեստանի իրենց տեղական մարմինը։ Այս նախապատրաստական աշխատանքները մեծապես հեշտացրին Այգեստանի զինվորական դասավորումների գործը, ինչպես նաև խառն Զինվորական մարմնի կազմությունը, որ տեղի ունեցավ հետևյալ պայմանների մեջ։

Ապրիլի 5֊ի երեկոյան Արամը մի քանի ընկերների հետ գտնվում էր Շատախցյան Կարապետի տանը, այնտեղ էր և տողերիս գրողը։ Իշխանի և Վռամյանի կորուստը շատ էր ընկճել Արամին։ Ներս մտան նաև մի քանի ռամկավար երիտասարդներ, որոնք րոպեի լրջության համապատասխան սրտաբուխ խոսքերով իրենց պատրաստակամությունը հայտնեցին միասնաբար տանելու սկսվելիք ճակատագրական կռիվը։ Արամը, գոհունակությամբ ընդունելով պարզված եղբայրական ձեռքն, ասաց. «Վանն առաջին անգամ չէ, որ ցույց պիտի տա իր համերաշխ ոգին, երբ գտնվում է ընդհանուր թշնամու հանդեպ. այդ ոգին իր պատմական փառավոր անցյալն ունի։ Այս անգամն էլ պիտի տանենք այս կռիվը միևնույն համերաշխ ոգով, առանց կուսակցությունների խտրության, և որովհետև կռիվը ղեկավարելու համար անհրաժեշտ է մի մարմին, ես առաջարկում եմ երեք հոգու հանձնել այդ պարտականությունը։ Մեր ընկերներից Գրիգոր Բուլղարացին և Կայծակ֊Առաքելը իրենց փորձառությամբ ըստ ամենայնի հարմար են այդ գործին, ձեր ընկերներից էլ Եկարյան Արմենակը ներկայացնում է կարծեմ միևնույն հատկությունները, ես ինքս էլ միշտ նրանց հետ կլինեմ»։ Բոլորը գոհ մնացին Արամի կարգադրությունից։ Արամն ավելացրեց նաև, թե ունինք մի շարք ընկերներ էլ, որոնք կարող են շատ գործերում նրան օգնել. Արմենակ Փոխարյան, Հմայակ Մանուկյան, Գաբրիել Սեմերջյան, Օնիկ Մխիթարյան և դեռ ուրիշներ, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է զանազան երկրորդական աշխատանքներ կատարելու համար։

Այսպիսով կազմվեցին զինվորական և հարակից մարմինները։

Գրիգոր Բուլղարացին, Կայծակ֊Առաքելը և Արմենակ Եկարյանը անմիջապես գործի անցան կռվի նախապատրաստություններին ուղղություն տալու համար։ Արամն էլ նրանց հետ էր, որ իբրև ամենից հեղինակավոր անձնավորություն մեծագույն բաժինը վերցրեց այն բոլոր գործերի մեջ, որոնք կատարեց Զինվորական մարմինը կռվի ամբողջ տևողության ընթացքին։

Կից մարմիններն էլ հետզհետե ձևակերպվեցին, և հետևյալ կազմերն ստացան։

Տեղեկատու դիվան՝ հետևյալ անդամներով.
1. Հմայակ Մանուկյան
2. Արմենակ Փոխարյան
3. Օնիկ Մխիթարյան
4. Արփիար Սաֆրաստյան
5. Վարդան Պապիկյան
6. Կարապետ Աճեմ-Խաչոյան
7. Հրանտ Գալիկյան։

Զինաբաշխ մարմին՝ հետևյալ անդամներով.
1. Դավիթ Փափազյան
2. Կարապետ Բեյլարյան
3. Վահրամ Տեր֊Պողոսյան
4. Սահակ Շեկոյան
5. Գաբրիել Սեմերջյան

Հրավիրվեցավ նաև հին արմենական գործիչներից նկարիչ Փանոս Թերլեմեզյանը՝ մասնակցելու Զինվորական մարմնի զանազան աշխատանքներին։

Այս երիտասարդները, որոնք բոլորն էլ զինված էին, իրենց մասնավոր պարտականությունից բաց՝ ի հարկին վազում էին օգնության այն դիրքերին, որոնք ճգնաժամի էին ենթարկվում։

Այգեստանի Զինվորական մարմնի մասին խոսելիս՝ անհրաժեշտ եմ համարում ճշտել մի պարագա, որ այդ մարմինը տեղական բնույթ ուներ, և նրա գործունեությունը սահմանափակված էր միայն Այգեստանով, կամ առառավելն տարածվում էր մի քանի արվարձանների վրա։ Մնացյալ շրջանների, օրինակ՝ Թիմարի, Հայոց ձորի, Գավաշի, Փեսանդաշտի, Շատախի, անգամ Այգեստանից կես ժամով հեռու Քաղաքամեջի համար, Այգեստանում կազմված Զինվորական մարմինը տեխնիկական հնարավորություն չուներ կարգադրություններ անելու։ Մյուս վայրերում կռիվը տանում էին դաշնակցական գործիչները կամ տեղում կազմված զինվորական մարմինները անկախաբար, իրենց տեղական միջոցներով։ Դրսի հետ կապ հաստատելու, ինչպես Պարսկաստան կամ Կովկաս թղթատարներ ուղարկելու գործը տանում էր Դաշնակցության Կենտրոնական կոմիտեն, որի մնացած անդամները Այգեստանումն էին։

Այգեստանի Զինվորական մարմինը կատարեց իր ստանձնած ծանր պարտականությունը իր ուժերի ներածին չափով, առանց ներքին տարաձայնության կամ ցնցումների։ Նրա գործը մեծապես հեշտացրին մեր մարտունակ խմբերն, իրենց զոհաբերությամբ և աննման քաջությամբ, և խմբապետներն ու շրջանապետներն իրենց նախաձեռնող ոգով ու գործի լրջության համապատասխան ցույց տված տակտով ու արիությամբ, որ հայտնաբերեցին նրանք բազմաթիվ պատասխանատու ձեռնարկների մեջ։

Հանձին Զինվորական մարմնի թե՛ մարտական խմբերն և թե՛ ժողովուրդն զգում էին, որ գործը մի գլուխ ունի, մի ղեկավար, որ մտահոգվում է ընդհանուրով և որին դիմում էին ամեն կողմից։ Զինվորական մարմնի մեջ Արամը, հենված իր ներկայացրած կուսակցության ուժին և իր հմայքին, այդ մարմնի կենտրոնական անձնավորությունն էր, և ամենքը՝ թե՛ ժողովրդական հիմնարկությունների ներկայացուցիչներ, թե օտարներ և թե՛ ընկերներն առհասարակ նրանից խորհուրդ էին հարցնում որևէ գործի համար։

Շրջաններ, խմբեր և դիրքեր

Զինվորական մարմնի առաջին գործն եղավ խմբերի, խմբապետների, շրջանների և շրջանապետների վերջնական դասավորությունը կատարել, զենքերի, փամփուշտների և ուժերի լրացումներ անելը։ Խմբերի դասավորությունը կռվի ընթացքում մեծ փոփոխության ենթարկվեց, ստիպողականության և ձեռք բերված նորանոր փորձառության բերումով և մնայուն վիճակ ստացավ միայն կռվի երկրորդ կեսից հետո։

Կռվի առաջին ութօրյակին Այգեստանում հազիվ թե ունենայինք վեց հարյուրի չափ հրացանակիրներ և տասնոց ատրճանակավորներ. գավառից ճողոպրած հայության հետ հետզհետե Այգեստան թափվեցին նաև զինված ուժերի բեկորներ Թիմարի ու Հայոց ձորի շրջաններից։ Այս նորեկ ուժերն առժամանակ տեղավորվեցին քաղաքի արվարձաններում, թույլ չտալու համար թշնամուն Այգեստանն ամեն կողմից օղակելու։ Բայց երբ ապրիլի 25֊ին Շուշանցն ու Վարագն էլ ընկան, այդ վայրերում տեղավորված տասն հազարի հասնող գյուղացիությանն Այգեստան իջավ, իր զենքերով, թեև շատ չնչին փամփուշտով։ Դրանցից դեռ մարտունակ ուժերը դասավորվեցին դիրքերում, որով Այգեստանի կռվողների և զենքերի թիվն որոշ չափով ավելացավ և տվավ հետևյալ պատկերը, կազմված ապրիլի 30֊ի միօրյա ցուցակագրությամբ։ Այս ցուցակը վերցնում եմ Օնիկ Մխիթարյանի «Վանի ինքնապաշտպանություն» գործից՝ հրատարակված «Հայրենիք» ամսագրում։ Աչքիս առջև ունիմ նաև Ադոյի «Մեծ դեպքեր Վասպուրականում» առանձին հրատարակությունը։

Ահա այդ պատկերը.

Այգեստանի ինքնապաշտպանության ճակատը բաժանված էր հինգ շրջանի. յուրաքանչյուր շրջանն ըստ իր տարածքի և թշնամու հակընդդեմ ուժին, ուներ իր դիրքերը, դիրքապահ խմբերը, խմբապետներն ու շրջանապետները։

Առաջին՝ Արարուց շրջան, սկսվում էր Թութունջյանի տնից, հասնում էր մինչև Արարուց հրապարակը, որտեղից բարձրանում էր մինչև Դարդանել1, այսինքն՝ Ցենի֊Մահլեի ուղղությամբ դաշտի մեջտեղ երկարող վերջին պատը, երկար պարանոցի նման ոլոր֊մոլոր խրամներով մխված Հաջի֊Բեքիրի զորանոցի հանդեպ։ Այս առաջին շրջանը գծում էր Այգեստանի արևմտյան ճակատի կեսը, բռնում էր ամբողջ հարավային թևն ու հարավային արևելյան ճակատի մեկ մասը։ Այս շրջանը հանձնված էր երեք շրջանապետների ղեկավարության. բուն շրջանապետն էր Նշան Նալբանդյանը (դաշնակցական ), իսկ օգնականներն էին՝ Ալես Պարսամյանը (դաշնակցական) և Կարապետ Սարուխանյանը (ռամկավար)։ Ուներ 20 դիրք։ 19 խմբապետ, 209 զինվոր, 127 հրացան, 109 մավզեր և 26029 փամփուշտ, որոնցից 18068֊ը` հրացանի, և 7968֊ը՝ մավզերի, 19 խմբապետներից 9֊ը՝ ռամկավար, 8֊ը՝ դաշ՛նակցական և 2֊ը հնչակյան էին, 209 զինվորներից 119֊ը դաշնակցական, 60֊ը ռամկավար, 16֊ը չեզոք և 7֊ը հնչակյան։

———————————–
1. Այս դիրքերն իրենց զիգզագ ձևի և անպարտելի դիմադրության պատճառով «Դարդանել» անունով մկրտվեցին:

Այս շրջանն, իր ընդարձակության պատճառով, կռվի ընթացքին երկուքի բաժանվեց. Դարդանելի շրջանը հանձնվեց Ալես Պարսամյանին և կոչվեց վեցերորդ շրջան։

Առաջին շրջանի դիրքերն ու խմբապետները հետևյալներն էին.

Դիրք Խմբապետ
1. Արարք եկեղեցու պարտեզը Տիգրան Օհանյան
2. Աշոյի Մեյխանեն Տիգրան Չթչյան
3. Դևե֊Բոյի Միհրան Խռանյան
4. Կրկին Դարդանել Միհրան Խռանյան
5. Դարդանել Հայրենակից (Գրիգոր Բազիկյան)
6. Կում֊Կալե Լոռտո (Հարություն Համբարձումյան)
7. Մանդակունու անտառ ճոչաղա Սալախյան
8. Բնեյան Տիգրան Բնեյան
9. Միսաքյանի տուն Ատոմ Սապոնջյան
10. Ֆարկուզատյան Արմենակ Առըղցյան
11. Նախրի փողոց Մկրտիչ Սալախյան
12. Դըհերցի Մարգարի տուն Նշան Ռես֊Մելիքյան
13. Դըհերցի Ներսոյի տուն Տիգրան Ներսոյան
14. Սալոյի Սրճարան Ղևոնդ Ժամկոչյան
15. Պատուրի Փուռ Դավիթ Ջաղացպանյան
16. Տ. Մկրտչի տուն Արտաշես Հյուսյան
17. Փեոթիկյան Գեորգի տուն Նազարեթ Սապոնջյան
18. Շիրին ի Վարդանի տուն Եղիա Պոյաջյան
19. Չարչի Բաղդոյի տուն Թադեոս Պճիկյան
20. Գարթալյանի տուն Գալուստ Միրիջանյա

Երկրորդ շրջանը Ավոյի դարից սկսելով հասնում էր Ուրբաթ֊Առվի դիմաց և վերջանում Թազա-Քահրեզի ծայրը, գրավելով Այգեստանի հարավ֊ արևելյան ճակատը։ Շրջանապետն էր Ռաֆայել Տ. Խաչատրյանը (դաշնակցական)։ Ուներ 14 դիրք, 13 խմբապետ, 252 զինվոր, 143 հրացան, 128 մավզեր և 28536 փամփուշտ, 19331-ը հրացանի և 9145֊ը մավզերի։ Խմբապետներից 10֊ը՝ դաշնակցական, 3֊ը՝ ռամկավար։ Զինվորներից 210֊ը դաշնակցական, 33-ը՝ ռամկավար և 9֊ը՝ չեզոք։

Երկրորդ շրջանի դիրքերն ու խմբապետները

 

Դիրք Խմբապետ
1. Տ. Խաչատրյանի տուն Ավետիս Կանդալյան
2. Սոլախ յանի տուն Հակոբ Կանդալյան
3. Հաջի Մալխասի տուն Աբրահամ Խոջայան
4. Քրեշճյանի տուն Քավոր
5. Հյուս յանի տուն Հակոբ Բազիկյան
6. Դադոյի Սիմոնի տուն Ավետիս Թռչունյան
7. Խերոյի տուն և այգին Բաղդասար Մելքոնյան
8. Հյուսյանի այգին (բ) Գանգվառցի Գաբրիել
9. Հյուսյանի այգին (գ) Արմենակ Գազազյան
10. Բարսեղի տուն Պլթենցի Տիգրան
11. Հյուսյանի այգին (դ) Նազարեթ Բուռնության
12. Դելի֊Բաթմանի տուն (ա) Թորոս Ղարիբյան
13. Դելի֊Բաթմանի տուն (բ) Թորոս Ղարիբյան
14. Հաց Համրողի տուն Հովհաննես Արտամետցի

Երրորդ շրջանը բռնել էր Այգեստանի հյուսիս և հյուսիս֊արևելյան ճակատը, սկսում էր Շան֊Թաղից մինչև Հանկույսներ և շարունակվում էր մինչև Չավուշ֊Բաշին։ Շրջանապետն էր Հովհաննես Մանուկյան (Պետօհանես, դաշնակցական)։ Ուներ 10 դիրք, 10 խմբապետ, 114 զինվոր, 40 հրացան, 55 մավզեր, 10012 փամփուշտ՝ 6311֊ը հրացանի և 3691֊ը մավզերի։ Խմբապետներից 8֊ը՝ դաշնակցական, 4֊ը ռամկավար, 1-ը՝ հնչակյան. իսկ զինվորներից 89֊ը՝ դաշնակցական, 12֊ը՝ ռամկավար, 12֊ը՝ չեզոք, 1֊ը՝ հնչակյան։

Երրորդ շրջանի դիրքերն ու խմբապետները.

 

Դիրք Խմբապետ
1. Մուխսի Հարությունյանի տուն Ավետիս Մարկոսյան
2. Բուռնությանի տուն Արամ Շալճյան
3. Գարոյանի տուն Գասպար Մկրտիչյան
4. Գատեհճյանի տուն Պետրոս Ռուբենյան
5. Մրոտյանի տուն Մկրտիչ Մանուկյան
6. Շմավոնյանի տուն Ղևոնդ Հյուսյան
7. Թուրոյանի տուն Հովհաննես Մանուկյան
8. Մանասեյանի տուն Մկրտիչ Փեհրիզյան
9. Սանոյանի տուն Սենեքերիմ Սանոյան
10. Դընդոչոյանի տուն Եղիշե Վարդանյան

Չորրորդ շրջան՝ Պողպտի֊Դարից և Համուդ֊Աղի զորանոցից սկսած մինչև Խաչ-Փողոց, գրավում էր Այգեստանի հյուսիսային ճակատը։ Շրջանապետներն էին Մելիքսեթ Էյնաթյանն ու Միսակ Սիմոնյանը. ուներ 13 դիրք և 13 խմբապետ, 215 զինվոր, 89 հրացան, 119 մավզեր, 25117 փամփուշտ, 15452-ը հրացանի և 9665֊ը՝ մավզերի։ Խմբապետներից 12֊ը` դաշնակցական, 1֊ը՝ ռամկավար, զինվորներից 197֊ը՝ դաշնակցական, 15-ը՝ ռամկավար, 3֊ը՝ չեզոք։

Չորրորդ շրջանի դիրքերն ու խմբապետները

 

Դիրք Խմբապետ
1. Ամիրխանյանի տուն Ոզմեցի Հովսեփ
2. Թորգոմ յանի տուն Մկրտիչ Փեհրիզյան
3. Պերպերյանի տուն Ղևոնդ Աբուբելեքյան
4. Խրիմյանի տուն Հովհաննես Զեպերյան
5. Վըզվըզյանի տուն Ոզմեցի Համբարձում
6. Ջրվանդյանի տուն Քերիմ Չավուշ
7. Սիմոն Թերլեմեզյանի տուն (ա) Դավիթ Չավուշ
8. Սիմոն Թերլեմեզյանի տուն (բ) Վահան Գայլյան
9. Գույումճիպաշյանի տուն Հովհաննես Սարգիսյան
10. Եղեկյանի տուն Ներսես Մարտիրոսյան
11. Շաղոյանի տուն Կարապետ Պարիկյան
12. Ջանոյանի տուն Եղիշե Նալբանդյան
13. Մանչաղու դիրք Սահակ Փոխսրարյան

 

Հինգերորդ շրջան՝ Խաչ-Փողոցից երկարում էր մինչև Արարուց թաղի Թութունջյանենց տուն, փակելով Այգեստանի արևմտյան ճակատի մեծագույն մասը։ Շրջանապետներ՝ Փանոս Ժամհարյան և Ռուբեն Իսրայելյան (Պերխոտի). օգնականներ՝ նշան Ժամագործյան և Գարեգին Ոսկերիչյան, բոլորն էլ դաշնակցական, ուներ 16 դիրք, 16 խմբապետ, 263 զինվոր, 106 հրացան, 138 մավզեր, 24229 փամփուշտ, 15807֊ը՝ հրացանի և 8622֊ը` մավզերի, խմբապետներից 14֊ը՝ դաշնակցական, 2-ը՝ հնչակյան, զինվորներից 229֊ը՝ դաշնակցական, 28֊ը` հնչակյան, 4-ը ռամկավար։

Հինգերորդ շրջանի դիրքերն ու խմբապետները

 

Դիրք Խմբապետ
1. Խոստիկյան֊Աբոյան տուներ Մանուկ Պարսամյան
2. Սահակ-Բեյի տուն Ռուբեն Իսրայելյան
3. Սյունեթճյանի տուն Ճոչաղա Ալեմգալեմյան
4. Թովմաղյանի տուն Նշան Աղանիկյան
5. Նաթանյանի Թութլուղ Եփրեմ Ջրբաշյան
6. Փերում յանի տուն Գասապ Արշակ
7. Մաքսապետյան- Ցազջյան Արամ Շալճյան
8. Սարաջյանի տուն Կամսար Պալյան
9. Նորամիրյանի տուն Տիգրան Յազճյան
10. Գալիկյանի տուն Արմենակ Սաաթջյան
11. Ամսարյանի տուն Արմենակ Սարգիսյան
12. Յավրույանի դիրք Հովհաննես Ղազարյան
13. Օթել, Խաչ֊Փողոց Հովհաննես Աշճյան
14. Նալբանդյանի տուն Մարտիրոս Կոտոյան (Դայի)
15. Կազինո Ասկերան Գնել Գասապյան
16. Չաչալ Մկրտչի տուն Վահան Հացագործյան

Այսպիսով Այգեստանն ուներ ընդամենը 5 շրջան, 11 շրջանապետ (10֊ը՝ դաշնակցական, 1-ը` ռամկավարի 73 դիրք) 71 խմբապետ (49֊ը դաշնակցական, 17 ֊ը՝ ռամկավար, 5֊ը՝ հնչակյան), 1053 զինվոր (814-ը դաշնակցական, 131-ը՝ ռամկավար, 36֊ը՝ հնչակյան, 42֊ը՝ չեզոք), 505 հրացան, 74824 փամփուշտ, 549 մավզեր, 39089 վւամփուշտ։

Այս թվերից դուրս են շտաբականներն ու Արամի թիկնապահ մի խումբ երիտասարդներ, մոտ 40 հոգի, 40 հրազեն 6000 փամփուշտով։

Բացի զինվորներից, յուրաքանչյուր շրջանապետ իր տրամ ադրության տակ ուներ 1—2 քարտուղար և սուրհանդակ՝ աշխույժ պատանիներից։ Նույնպես ամեն մեկ խումբ ուներ իր սուրհանդակը, մատակարարը, գործակատարը, հետախույզը և մի քանի անզեն երիտասարդներ փոխն ի փոխ հսկելու և սպանվածներին անմիջապես փոխարինելու համար։

Թուրքակսւն դիրքերը.— Հայկական այս փոքրաթիվ ուժերի դիմաց թուրքերը կենտրոնացրել էին անհամեմատ գերազանց ուժեր։ Նրանք ունեին 6000 կանոնավոր զորք, 12 լեռնային և ծանր թնդանոթներ, բազմաթիվ քուրդ խուժան ու թուրք բաշիբոզուկներ և անսպառ հրազեն ու փամփուշտ։ Միայն ապրիլի 7֊ի գիշերը նրանք սպառեցին միլիոնավոր փամփուշտ։

Թուրքերն Այգեստանի հարավային ճակատի վրա, Դարդանելի դիմաց, Հաջի֊Բեքիրի բարձրադիր զորանոցներում զետեղել էին 500 կանոնավոր զինվորներ և 4 թնդանոթ։ Զորանոցների առջև տարածված դաշտում փորել էին խրամներ, որոնք երկարելով մինչև Ուրբաթ֊Առվի վերևի բլուրները սպառնում էին Շուշանցին։ Ամբողջ Կլոր֊Դարի և Արարուց աղբյուրի տակ թուրքական ու հայերից պարպված տները ծառայում Էին որպես դիրք՝ բազմաթիվ հրացանակիրների համար։ Արարուց դպրոցը և նույն հրապարակի պահականոցները լիքն Էին կանոնավոր զինվորներով։ Արևմտյան ճակատից նրանց բազմաթիվ դիրքերը շարունակվում Էին մինչև Սահակ-Բեյի փոսը, որտեղ Ատալուխի և Համզենց տան ու ջաղացների մոտ հաստատել Էին 3 թնդանոթ։ Արևմուտքից նրանց դիրքերի շարքը հասնում Էր մինչև Խաչ֊Փողոց, որտեղի հայկական լքված տներում և ոստիկանական պահականոցներում լցրել Էին մեծ ուժեր, թնդանոթներ։ Արևմտյան ճակատում նրանց ձեռքին Էր սկզբում անգլիական հյուպատոսարանի բարձրադիր շենքը, որը չափազանց նեղում Էր շրջակա հայ դիրքերին և սպառնում Էր երկու կողմից կրակի մեջ առնել նրանց։ Թուրքական դիրքերի օղակը շարունակվում Էր հյուսիսային թևով՝ Նորշենից սկսած մինչև Շան֊Թաղ ու Շանոյի֊Ղար։ Նրանց ձեռքին Էին կաթոլիկ միսիոներների ընդարձակ շինությունները լիք զորքերով և թնդանոթներով։ Այդ տեղից առաջանալով, նրանք հյուսիսից դիրք Էին բռնել Թոփրաք-Կալեի բարձրադիր զորանոցներում և Աև֊Քըռայի բլուրների վրա տեղավորել Էին ծանր թնդանոթներ։ Հանկույս ձորի դպրոցում ու եկեղեցում, հեղեղատի ձորերի մեջ տեղավորել Էին նույնպես բազմաթիվ զորքեր, որոնք սպառնում Էին մեկ կողմից Շան֊Թաղին և մյուս կողմից՝ Շահբենտերի դիրքին: Այդ դիրքերի շարանը շարունակվում էր մինչև Սոֆու֊Դահնայի բլուրները և շուռ գալով դեպի Այգեստանի արևելյան ճակատը՝ բազմաթիվ ուժեր զետեղել էին Չավուշ֊Բաշու և Նորատունկների մեր դիրքերի դիմաց՝ թնդանոթներով հանդերձ։

Այգեստանի օղակումը լրիվ կլիներ, եթե Ջևդեթին հաջողվեր ամերիկյան և գերմանական միսիոներությանց շենքերում, որոնք գտնվում էին Այգեստանի արևելյան ճակատի վրա, տեղավորել թուրքական պահակազորք՝ այդ հիմնարկությունների պաշտպանության պատրվակով, ինչպես ինքն առաջարկել Էր այդ միսիոներություններին, բայց Արամի ընդդիմության վրա, վերջիններս չհամաձայնվեցին ընդունել այդ չարիք-պաշտպանությունը, և այդպիսով Այգեստանի արևելյան ճակատը բաց մնաց առժամանակ, հնարավորություն տալով մեզ կապ պահել Շուշանցի, Վարագի և արվարձանների հետ։ Դրա փոխարեն թուրքերը ունեին մի այլ նպաստավոր դիրք Պողպտի֊Դարի վրա, ուղիղ հայկական թաղերի սրտում կանգնած Համուդ֊աղայի զորանոցն ու նրա դիմաց գտնված Համուդ֊աղայի երեք ընդարձակ տները, որտեղ դրել Էին մոտ 200 մարզված չեթեներ. դրանք իրենց գրաված բարձունքից հաջողակ նշանառությամբ, անհնարին դժվարության էին մատնել շրջակա հայ դիրքերը, կտրելով փողոցներից, անգամ հեռավոր այգիներից հայերի հաղորդակցությունը։ Նրանք սպառնում Էին նաև կապ հաստատել Թոփրաք-Կալեի իրենց ուժերի հետ, նրանց մտցնել Այգեստանի սիրտը և ընկճել հյուսիսային ճակատի դիմադրությունը։

Թիկունքային աշխատանք

Սույն օրհասական պայքարի համար մինչ երկուստեք պատրաստվում էին ու սպառազինվում, Այգեստանի հայ ժողովուրդը, զգալով վերահաս անհավասար կռվի ահավորությունր, շարժվեց ինքնաբերաբար օգնության հասնելու իր մարտիկ զավակներին, որոնք իր փրկության համար զոհվելու պատրաստ՝ դիրքերում կանգնած Էին։

Ժողովրդի գործունյա տարրերը մեր մարտիկների սննդի, կոշիկի և այլ կարիքները հոգալու համար կազմեցին մի ուժեղ հանձնաիւումբ՝ «Հայթայթիչ» անունով, որը փրկարար գործ կատարեց, զինվորների կարիքները լրացնելուց բաց՝ պատսպարելով և կերակրելով գավառներից Այգեստան թափվող տասնյակ հազարավոր սովալլուկ ժողովուրդ, ինչպես նաև կռվի ընթացքին, կոտորածից ճողոպրած կանանց ու երեխաների մահատիպ բազմություններ, որոնց Ջևդեթն ուղարկում Էր Այգեստան, նպատակ ունենալով, սովով ու համաճարակով ընկճել այն արի ժողովուրդը, որի անպարտելի դիմադրության առջև խորտակվեցին նրա բոլոր հարձակումներն ու խարդավանքները։

«Հայթայթիչն» իր տրամադրության տակ ուներ ջրաղաց, փուռեր, մսանոց, խոհանոցներ և այլն։

Անդամներն Էին.
1. Գևորգ Սուճյան
2. Սիմեոն Շիրոյան
3. Հակոբ Ժամագործյան
4. Սահակ Շեկոյան
5. Հմայակ Ղարբինյան
6. Դավիթ Պանտիկյան
7. Կարապետ Բարսեղյան
8. Ղևոնդ Ոսկերիչյան

Սույն «Հայթայթիչի» կողքին, կռվի ընթացքում, կազմվեց նաև մի օժանդակ հանձնախումբ «Նպաստից» անունով, երբ գաղթականության հոսանքը ծայր առավ։ Սրա գործն էր նպաստընկալները դասավորել, տեղավորել և նպաստը հավասարապես բաշխել։

«Նպաստից» հանձնաժողովի անդամներն էին.

1. Սեպուհ Խանջյան
2. Սեթ Գափամաջյան
3. Ղևոնդ Ջանիկյան
4. Միքայել Մինասյան
5. Մկրտիչ Ջրբաշյան
6. Պետրոս Մոզյան
7. Մարտիրոս Խանջյան
8. Աղաբեկ Համբարձումյան
9. Ռուբեն Շատվորյան
10. Տեր Արշավիր քահանա Աճեմյան
11. Կարապետ Կարախանյան
12. Հովսեփ Պոչովյան
13. Հակոբ Փափազյան (Այնթապցի)

«Նպաստից» հանձնաժողովին մեծ աջակցություն ցույց տվին նաև Եղիազար Ռշտունին, Հովհաննես Ավագյանը, Բարունակ Տ. Հարությունյանը, Հարություն Շալճյանը և այլոք։

«Հայթայթիչի» հետ միաժամանակ կազմվեց, նույնպես ինքնաբերաբար, «Հայկական Կարմիր խաչը», իր դեղորայքով, վիրաբուժական անհրաժեշտ գործիքներով, նյութերով, փոխադրական միջոցներով, հիվանդանոցով, մահճակալներով և այլն։ Սրա գործն էր անմիջական օգնություն հասցնել դիրքերում ընկած վիրավորներին։ «Կարմիր խաչի» գլխավոր կազմակերպիչն էր բժիշկ Սան֊Ֆանի (Խոսրով Չիթունի), ունենալով իբր օգնական` բժիշկ Խաչիկ, Արմենակ Վուվունիկյան, Վարազդատ Տերոյան, Արշավիր Ավետաղայան և Վարդան Կզարթմյան։ Բոլոր դեղագործներն ու հիվանդապահները իրենց սիրահոժար տրամադրել էին Կարմիր խաչին։ Հայ պատանիներ ու օրիորդներ, ինչպես նաև շատ տիկիններ ուժեղ մասնակցություն բերին սույն կարևոր գործին՝ դառնալով գթության քույրեր և փրկարար հրեշտակներ՝ արյունաքամ հայ մարտիկին։

Թե՛ «Հայթայթիչի» և թե՛ «Կարմիր խաչի» կողքին կանգնեց «Վասպուրականի Հայ կանանց միությունը», որ տարիներից ի վեր գոյություն ուներ։ Սա ևս մյուս մարմինների եռանդին հավասար, աշխույժ աջակցություն ցույց տվավ իր կարուձևի արհեստանոցով և թաղերից ստացված նվերներով։ Ղեկավարներն էին՝ տիկին Սողոմե Ջրբաշյան և օրիորդներ Զարուհի Շալճյան, Հռիփսիմե Նալբանդյան ու Արաքսի Սաֆրաստյան։

Թիկունքային աշխատանքում նույնքան, գուցե և ավելի կենսական դեր կատարեց «Ամրաշեն խմբի» կազմակորպումը: Այս խիստ օգտակար կազմակերպության գործն եղավ քանդված դիրքերը վերաշինել և խրամներ բաց անել։ Մոտ 500 արհեստավոր բանվորներ էին սրանք, որոնք րոպեապես հասնում էին ամենավտանգավոր դիրքեր, իրենց բահ ու բրիչով վերականգնելու թնդանոթի գործած ավերը։ Սրանց կատարած գործը գրեթե համահավասար արժեք ունեցավ դիրքերում կռվող զինվորների գործին։ Սրանք էին, որ կռվի առաջին տասնօրյակում Այգեստանը շրջապատեցին խրամներով՝ բավական խոր և լայն. շինեցին ստորերկրյա թունելներ և հաղորդակցության մանվածապատ այլ ճանապարհներ։ «Ամրաշեն խումբը» գուցե կռվողներից ոչ պակաս արիություն ցույց տվավ և հավասար զոհեր ունեցավ կռվի պատնեշի վրա։ Սրանց մեջ էին և ական փորող քանքաններ, որոնք, թշնամու դիրքերի տակ ստորերկրյա անցքեր բաց անելով, հնարավորություն էին տալիս մեր ռմբաձիգներին քարուքանդ անելու դրանք։ Ամրաշեն խմբի դեկավարներն էին Շավարշ Հովիվյանը, Ազատ Խորենյանն ու Գրիգոր Պանիրյանը։

Թիկունքային աշխատանքում խիստ կարևոր դեր կատարեցին նաև անծուխ և ծխավոր վառոդ պատրաստող արհեստանոցն ու զինագործարանը։ Առաջինի գլուխն էր կանգնել պրոֆեսոր Միքայել Մինասյանը, օգնականները՝ Վարդան Բաբիկյանը, Հարություն Կաքավյանն ու մի շարք ոսկերիչներ։ Զինագործարան բաց արին Սարդար Գարիբճանյանը և Ա. Պոռոզանճյանը, զենքեր նորոգելու, շինելու և փամփուշտներ լցնելու համար։ Այս արհեստանոցումն էր, որ ձուլվեց Գրիգոր Բուլղարացու թնդանոթը։

Այգեստանում խռնվող ժողովրդի կարգապահությանը հսկելու համար կազմվեց նաև «Ոստիկանական վարչություն» իր ամբողջ ֆունկցիաներով. 50֊ի չափ ոստիկաններով և բանտով։ Ոստիկանապետն Էր Գրիգոր Ջոնյանը։

Ոստիկանության կից՝ կազմվեց «Դատարան» իր անհրաժեշտ մասերով։ Անդամներն Էին՝ Ռուբեն Շատվորյան, Հրանտ Գալիկյան և Հովհաննես Կուլօղլյան, քարտուղար՝ Արսեն Հացագործյան։

Վերջապես կազմվում Է նաև «Քաղաքապետարան»՝ մաքրության և առողջապահության գործը հսկելու համար։ Քաղաքապետ՝ Պետրոս Մոզյան, օգնականներ՝ Խաչիկ Զենոբյան և Ղևոնդ Խանջյան։

Ինչպես տեսնում ենք, հենց կռվի ընթացքին կազմվեց մեր ինքնավարության կորիզը, որ շատ իմաստությամբ և տակտով կառավարեց. ժողովուրդը ճգնաժամային սարսափելի ամսին և կռվից վերջը, Արամի կառավարության օրերին, դարձավ մեր անկախության հիմքը։

Պատկերը լրիվ անելու համար պիտի հիշատակել նաև Հովհաննես Բուճիկանյանի պատրաստած նվագախումբը՝ «Ֆանֆառը», կազմված Վարժապետանոցի մի խումբ աշակերտներից, որոնք հասնում էին մեր ամենավտանգված դիրքերը ու իրանց աշխույժ նվագով ոգևորում ու եռանդ ներշնչում մարտիկներին։ «Ֆանֆառը» կռվի սկզբից մինչև վերջը դարձավ Այգեստանի հերոսամարտի խանդավառ ոգին։ «Ֆանֆառին» ընկերանում էր միշտ նվագի սիրահար Մարգար Փախչոյանը իբրև ուղեցույց առաջնորդ։

Չպետք է մոռանալ նաև «Հրձիգ խումբը» Ճիտեչյան Գեորգի ղեկավարությամբ։ Սրա ամենակարևոր ձեռնարկն եղավ անգլիական հյուպատոսարանն այրելը, որով ինքնապաշտպանության գծի արևմտյան ճակատն ազատվեց իր տագնապից, որովհետև, ինչպես վերևն ասացի, այդ բարձր շինության մեջ տեղավորվել էին թուրք զինվորներ, որոնք իրենց մահացու գնդակներով խափանում էին շրջակա այգիների ու փողոցների անցուդարձն ու հաղորդակցությունը և հնարավորություն էին ստեղծում դիմացի նեղ փողոցով, թուրքական մյուս դիրքերից գաղտագողի սողոսկող զինվորներին ներս ընդունելու։ Անգլիական հյուպատոսարւսնը հրդեհելու ձեռնարկի մեջ մեծ տակտ ու հանդգնություն ցույց տվին Ճիտեչյան Գեորգն ու Ժամագործյան Նշանը։

Այգեստանի կռիվները

Այգեստանը կռվի էր պատրաստվում գիտակցաբար, հայ֊թուրքական բախտորոշ կռվի։ Թուրքը կռվում էր իր հայաջինջ ծրագիրն իրագործելու համար, իսկ հայն՝ իր գոյության, իր ազատության և իր դարավոր իրավունքների համար։

Արդեն մարտական խմբերին բաժանված էին Զինվորական մարմնի կողմից պատրաստված հրահանգները, որոնք բացատրում էին խմբապետների և զինվորների պարտականություններն ու նրանց փոխադարձ հարաբերությունները։

Ապրիլի 6֊ի գիշերը բոլոր խմբապետները Զինվորական մարմնի հրավերով հավաքվեցին Շտիկյանի տանը, որտեղ մարմնի անդամները խրախուսիչ ճառերով ոգևորեցին նրանց։ Դեռ մտքումս անջինջ է Բուլղարացի Գրիգորի խոսած մարգարեաշունչ ճառի տպավորությունը։ Ես ինձ փոխադրված էի զգում Ավարայրի դաշտ, ուր Վարդան Մամիկոնյանը բացատրում էր մղվելիք ճակատամարտի նշանակությունը։

Ահա Գրիգորի ճառի բովանդակությունը.

«Ընկերներ,– ասում էր Գրիգորը,– հասել է րոպեն, որ մենք վերջնական հաշվեհարդար տեսնենք մեր դարավոր թշնամու հետ։ Այս կռվով պիտի ապացուցենք, որ տարիների հեղափոխական դաստիարակությունը մեզ ներշնչեց մի անխախւո համոզում՝ մեռնել կամ ազատ ապրիլ։ Մեր առջևը կանգնած է մեր թշնամին, որ անհամեմատ ուժեղ է մեզանից, բայց նրան պակասում է այն բարոյական ուժը, որ մենք ունինք, դա՝ մեր մեռնելու պատրաստակամությունն է. և մի մոռացեք, որ թշնամին հաշվի է առել այդ ուժը, ապա թե ոչ, նա վաղուց էր հարձակվել մեր վրա։ Մեզ համար, ուրեմն, այս կռիվը մեկ նշանաբան պիտի ունենա — մեռնել միայն մեր դիրքերի վրա։ Քաջությամբ պիտի կռվինք, և մեր մահը սուղի նստեցնենք թշնամուն։ Մեր ընտանիքների պատիվը պահանջում է մեզանից, որ թշնամին մեր դիակների վրայից անցնելուց հետո մեր օջախները ոտք դնի։ Որովհետև դուք ինձանից ավեչլի լավ եք ըմբռնում, որ լավագույն է սեփական մահը տեսնել, քան սիրելիների խողխողումն ու անպատվությունը։ Բայց ես կասեմ ձեզ, եթե ամեն մեկ զինվոր հավատարիմ մնա իր նշանաբանին, աներկբա եղեք, որ հաղթությունը մեղ կմնա»։

Երիտասարդները գոտեպնդված մեկնեցին կատարելու իրենց պարտականությունը, և պիտի ասել, որ կռվի սկգբից մինչև վերջ, ամեն մեկ խմբապետ ու զինվոր, հավատարիմ իր ուխտին՝ ընդունեց կռիվն անսասան, մխրճվեց նրա փոթորկի մեջ, բացավ իր հնարամտության, ձեռներեցության և հանդգնության ինքնաբուխ ակերը, հնարեց կռվի յուրահատուկ մեթոդներ, գտավ ինքնապաշտպանության և հաղորդակցության հանճարեղ ձևեր, ստեղծեց թշնամու դիրքերը քանդելու կամ հրկիզելու և նրան պարտության մատնելու աննախընթաց և հնարագետ միջոցներ, դիմադրեց, հարձակվեց, զարկավ, քանդեց, ավերեց, հրկիզեց, սպանեց ու սպանվեց և ամեն մեկ գործ կատարելուց հետո տեղեկագրեց Շտաբին, Զինվորական մարմնին թողնելով մի դեր` իրազեկ լինել կացությանը և բավարարել շրջանապետների կամ խմբապետների պահանջները։

* * *

Բացվեց վերջապես ապրիլի 7֊ի գարնանաբույր սիրուն առավոտն Այգեստանի վրա։ Երեքշաբթի օր էր։ Ամենքը նախազգում էին, որ այդ օրը պիտի սկսվի կռիվը, կարծես կանխապես ազդարարված լիներ։

Ստույգ գիտեինք, թե կռիվը պիտի պայթեր, բայց թե ինչպե՞ս պիտի վերջանար, այդ ոչ ոք գիտեր։ Կային շատեր, որ մեկ օրվա դիմադրությունն իսկ անհնար էին համարում։ Լավատեսները՝ մի քանի օր միայն, առ առավելն՝ մի շաբաթ։ Կամավորական հայ գնդերից էլ ոչ մի լուր, ոչ մի ստույգ հույս։ Չգիտեինք նույնիսկ, թե ինչ է կատարվում գավառում, անգամ Քաղաքամեջի հետ հարաբերություն չունեինք։

Այս ծանր մտահոգությանց մեջ ալեկոծվում էր Այգեստանը, երբ հանկարծ, Ուրբաթ Առվի կողմից պայթեցին մի քանի հրացաններ, կարծես դրանք կռվի ազդանշանը լինեին, և ահա Այգեստանն օղակող բոլոր զորանոցներից և դիրքերից սկսվեց մի խժալուր հրացանաձգություն ու մի քանի րոպեում քաղաքը կորավ հրազենների ժխորի մեջ։ Հրացանների առաջին պայթյունի հետ, թուրքական զորանոցներից անմիջապես հարյուրավոր զինվորներ, բաց դաշտ դուրս գալով, մտան նախապես պատրաստված խրամատների ու դիրքերի մեջ և սկսան ուժեղ հարձակում գործել հայ դիրքերի վրա։ Մի թեթև դող անցավ մեր զինվորների սրտով, բայց փոխանակված առաջին գնդակները բավական եղան նրանց արբեցնելու կռվի գինովությամբ ու գեղեցկությամբ։ Մոտ 70 դիրքերից հայ մարտիկները պատասխանեցին թշնամուն և անվեհերությամբ դիմադրեցին նրա կատաղի հարձակմանը։

Այգեստանը պատնեշի վրա էր արդեն։ Գեղեցիկ էր տեսնել հայ մարտիկների ինքնամոռացության հասած կատաղությունն ու եռանդը կռվի մեջ. նա հասել էր իր նպատակին՝ զենք, կռիվ ու թշնամի։ Նա դրան էր տենչում տարիներից ի վեր և այսօր այդ երեքն էլ ուներ։

Շուտով բերին առաջին զոհերի դիակները, Եղիա Նաշխունյանն ու Հակոբ Տյուրզյանն էին դրանք. ընկան հայ գեղջկուհիների պատիվը փրկելու համար, և առաջին զոհերը լինելու պատիվը խլեցին։

Այգեստանի ժողովուրդը հազարավոր հրացանների գժվեցնող ճայթյունների առաջին սարսափից դեռ չսթափված՝ հանկարծ հրացանների ճարճատյունների միջից գոռալ սկսան թուրքական թնդանոթներր Սահակ֊Բեյի փոսից, նրանց արձագանքեց Հաջի֊Բեքիրը, ապա Թոփրագ-Կալեն և այս ընդհանուր ռմբակոծության ահագնադղորդ ձայները երկյուղալի սարսուռ էին առաջացնում։

Ճիշտ է, որ Վանը մեկից ավելի անգամներ հայ և թուրք ընդհարումների թատերաբեմ էր եղել, բայց նա ոչ մի անգամ չէր տեսել այսպիսի ահռելի կռիվ, որը մի քանի ժամվա մեջ կլանեց ամբողջ քաղաքը, մուխի֊ծուխի, վառոդի, հրդեհի, փլուզումի, տակնուվրայության ու ժխորի մեջ։

Ժողովուրդն անտեղյակ դիրքերի վիճակից՝ անցկացրեց անստուգության շատ դառը ժամեր։ Ստույգը միայն դիրքապահ զինվորը գիտեր, որ հրացանը գրկած՝ ամբողջ իրանը փամփուշտներով զարդարուն՝ կուրծքը դեմ էր արել թշնամու գրոհին ու կանգնել հպարտ ու անսասան։

Առաջին օրը թեև շատ դիրքեր չոքեցին, ընկան բավական թվով զոհեր, բայց ամեն մեկ դիրքապահ, հավատարիմ իր ուխտին, մի թիզ չզիջեց թշնամուն։ Դիրքերից ստացված կազդուրիչ լուրերը սրտապնդեցին ժողովրդին։ Սա «Ֆանֆառի» առաջնորդությամբ խռնվեց շտաբի դռան առջև։ Բազմության միջից բարձրացավ ժողովրդական հռետոր Հովհաննես Կուլօղլյանը և 1896֊ի ոգեկոչող սրտապնդիչ մի ճառով խրախուսեց ժողովրդին։ Տեսարանը հիշատակալից էր… թնդանոթների որոտումին ի պատասխան՝ «Ամենայն տեղ մահը մի է» երգն էր թնդացնում ժողովուրդը։

Ջևդեթի հարվածը ժայռի հանդիպեց։ Նա վճռել էր 24 ժամվա մեջ հողի հավասարեցնել Վանը, բայց երբ տեսավ թավալգլոր ընկնող իր ասքյարներին, զգաց, որ դեռ շատ արյուն պետք է թափվի, մինչև որ կտրի այն փոքր անջրպետը, որ գտնվում էր իր և հայ դիրքերի միջև և որը, հայ զինվորի հրացանի ուժով, մնում էր անկոխ ու անմատչելի։

Ցերեկվա հարձակման անհաջողությունից հետո Ջևդեթը որոշեց նույն գիշերը սարսափի մատնել Այգեստանը կարկտանման հրացանաձգությամբ և ընդհանուր գրոհով մտնել դիրքերը։ Գիշերվա, կես ժամ խաբեպատիր դադարից հետո, տրված հրամանի վրա, միաժամանակ ամեն դիրքերից սկսավ միահամուռ սարսափելի համազարկ ու թնդանոթային կրակ։ Գրիչն անզոր է նկարագրելու այն դժոխային ժխորն ու կրակը, որին նշավակ եղավ Այգեստանն ապրիլի 7֊ի գիշերային խավարում։ Մարդկային ականջը և ուղեղն ընդունակ չէին ընդունելու այդքան ժխորը. մեր սրտերը տրաքում էին թնդյուններից, մեր գլուխները պտտվում էին, չէինք ըմբռնում, թե ինչ է կատարվում մեր գլխի վերևը: Հրացանի ձայները լսում Էինք թուրքական գոտու ամեն կողմերից, անգամ ամենահեոավոր Շամիրամա թաղից։ Կարծես Ջևդեթն ամեն շնչավորի մի հրացան Էր տվել և հրամայել, որ այդ գիշերը մինչև լույս անդադար կրակեն։

Այդ դժոխային կրակի հետ միաժամանակ թուրք զինվորները դուրս խուժեցին դիրքերից և միահամուռ գրոհ տվին դեպի հայկական դիրքերը։ Նրանք գալիս Էին շարքերով, իրար հետևից, սպաների առաջնորդությամբ հազարավոր կրակի լույսի տակ։ Շատ դիրքերի համար ստեղծվեց ճգնաժամային րոպե։ Դարդանելի, Սահակ֊Բեյի, Խաչ֊Փողոցի, Շահբենդերի դիրքերը կրակների մեջ Էին։ Դիրքերից անտեղյակ ժողովուրդը խուճապի ենթարկված ու գլխակորույս սկսեց դես ու դեն փախչել։ Բայց հայ անսասան մարտիկները, ի պատիվ իրենց, բոլոր դիրքերից դաշտ նետվեցին և տասնոցներով ու ձեռնառումբերով խոյացան թշնամու վրա և, բազմաթիվ զոհեր խլելով, խուճապարար փախուստի մաանեցին նրան։

Այս անօրինակ կռվի մեջ միայն Շահբենդերն է ընկրկում, բայց մոտիկ դիրքերի հերոսները, դուրս նետվելով, հակահարձակման են դիմում, փախուստի մտանելով թշնամուն ու փրկում են Շահբենդերի պատիվը։

Ապրիլի 7-ի գիշերը մի քուրա եղավ հայ մարտիկների համար, որոնք դուրս եկան նրա բովից կոփված, պողպատ կամքով, մինչև իսկ այնպիսիներ, որոնք առաջին անգամն Էին ստանում կռվի մկրտությունը։

Ապրիլի 7֊ի գիշերն անտանելի Էր ժողովրդի դրությունը։ Նա, ինչպես ասացինք, դիրքերի վիճակից անտեղյակ կարծում Էր, թե տղերքը բոլորն էլ ջարդվել են, թուրքերն Այգեստան են մտել և առավոտյան պիտի սկսվի սարսափելի ջարդ։ Բայց ապրիլի 8֊ի առավոտյան հրաշքի տպավորության տակ էին ամենքը, և չէին հավատում իրենց աչքերին, տեսնելով ամեն մեկ զինվոր իր դիրքում և ամեն ինչ ընթանում է նախկին կարգով։ Ժողովուրդն ուշաբերվեց միայն կարդալով Զինվորական մարմնի հետևյալ թռուցիկը.

«Հայրենակիցնե՚ր, երեկ գիշերվան ամբողջ թնդանոթաձգության ու թշնամիի կողմե վատնված հարյուր հազարավոր գնդակները նպատակ ունեցան միայն վախցնել ժողովուրդը։ Մեր կողմե ոչ մեկ կորուստ կամ դիրքի լքում չկա։ Մերոնք չեն հոժարած նույնիսկ պատասխանել։ Խուճապի պետք չկա»։

Եվ ժողովուրդը սրտապնդվեց։ Նա ուրախության արտասուքով հանդիսատես եղավ իր քաջարի որդիների հետագա նորանոր հաջողությանց ու հաղթության շարաններին։

Ապրիլի 8-ի գիշերը հրկիզվեց ու գրավվեց անգլիական հյուպատոսարանը, որն, ինչպես վերը տեսանք, իր թուրք պահակախմբով տագնապի էր մատնել իր շրջապատի հայկական դիրքերը։

Ապրիլի 9֊ի գիշերը հիմնահատակ կործանվեց բռնության ամենամեծ դղյակը, Համուդ֊Աղայի զորանոցը։ Այս վերջին ձեռնարկն Այգեստանի ինքնապաշտպանության պատմության ամենեն գեղեցիկ դրվագներից մեկն եղավ, նույնքան նաև կենսական արժեք ունեցավ իր հաջող վերջավորությամբ։ Մեր ինքնապաշտպանության գործը խոցող այս պալարների կտրվելով ու դեն շպրտվելով, Այգեստանն այլևս անխոցելի ու անառիկ դարձավ։

Դրանից հետո հայ զինվորն սկսավ արհամարհել թշնամու անվերջ հարձակումները, խոլ համազարկերն և թնդանոթների որոտն ու գործած ավերմունքը։ Նա անվեհերությամբ սպասում էր իր ավերակված դիրքի հողակույտերի և աղյուսների մեջ ակնդետ թշնամու հարձակման։

Դրանից հետո հայ մարտիկները ձեռնարկեցին հետզհետե քանդել ու գրավել հակառակորդի պատնեշներն ականներով, ռումբերով, հրձիգ գործիքներով ու անդիմադրելի հարձակումներով, և ամեն օր հայ դիրքերից եկած հաջողությանց ուրախառիթ լուրերը կազդուրեցին և զվարթացուցին ժողովրդին։

Թշնամու համար սկսվեց այլևս տեղատվության շրջան, և եթե երկու ախոյան բանակների հարաբերական արժեքները նույնը մնային, դիմադրությունը կարող էր երկար ամիսներ տևել, առանց թույլ տալու թշնամուն մի թզաչափ առաջանալու դեպի Այգեստանի հայկական պատնեշները։

Բայց թշնամին ուներ երեք առավելություն, որոնցից զրկված էինք մենք։ Նա ուներ անհատնում զինամթերք և մանավանդ անսպառ փամփուշտ։ Նա ուներ առատ ուտելիք և ապա կապ արտաքին աշխարհի հետ և կարող էր նորանոր ուժեր ստանալ։ Մինչդեռ մեր փամփուշտները համրված էին, մենք ստիպված էինք բաժանել մեր արդեն սպառվելու վրա եղող ուտելիքը Այգեստանում ապաստան գտած բազմահազար գյուղացիության հետ, և մանավանդ Շուշանցի անկումից հետո ապրիլի 25-ին, չորս կողմից օղակվելով, բոլորովին կտրվեցինք ոչ միայն արտաքին աշխարհից, այլև չգիտեինք անգամ, թե Խաչ֊Փողոցից կամ Արարքից այն կողմ ի՞նչ էր կատարվում։ Ունեինք միայն մի աղոտ հույս, թե մեր կամավոր եղբայրներն, որոնք անշուշտ լսած կլինեին մեր կռվի ձայնը, պիտի փութային հնար եղածին չափ շուտ մեզ օգնության հասնելու։ Եվ մենք սպասում Էինք…

Ամբողջ տասն օր Ջևդեթն Այգեստանի վրա սպառեց իր հարձակողական ամեն միջոցներն ու ձևերը, բայց անսպասելի արիական դիմադրության հանդիպեց, հաջողության Էլ ոչ մի երաշխիք չունենալով, նրան մնում Էր միայն շարունակել կռիվը միևնույն ձևով, այնքան ժամանակ, մինչև որ մեր ուտելիքն ու ռազմամթերքն սպառվեին և պարտավորվեինք անձնատուր լինել։

Բայց Ջևդեթը կարծես համբերություն չուներ սպասելու կռվի այդ ձևի վերջավորությանը և, ընդհակառակը, հետագա օրերին նա ցույց տվեց մի առանձին փութկոտություն, որ մատնում Էր նրա ներքին ջղագար անհամբերությունը։ Նա իր հարձակումներին տվավ ավելի կատաղի մի թափ, միաժամանակ փորձելով իր աղվեսային խորամանկ ոճով գրած նամակներով խաբել ու ծուղակի մեջ ձգել Այգեստանը։

Ջևդեթի այս ջղագար գործունեությունը զուգադիպում Էր այն մեծ շարժմանը, որ կատարվում էր պարսկական սահմանի վրա։ Դա զորավար Նազարբեկովի և Խալիլ փաշայի բանակների հանդիպումն էր Դիլիմանի առջև, որի մասին Ջևդեթն օր օրին տեղեկություն էր ստանում ու որից մենք անտեղյակ էինք բոլորովին։ Նա կարծես ուզում էր, նախքան Խալիլ փաշայի հասնելը, Վանի հաղթանակի դափնին վերցնել, իսկ Խալիլի ջարդ ու փշուր լինելուց հետո, իր կատաղությունը կրկնապատկելով, կամենում էր Դիլիմանի փոխվրեժն առնել։ Հենց սրանով կարելի է բացատրել Ջևդեթի կազմակերպած կատաղի հարձակումներն Այգեստանի վրա ապրիլի 20֊ից առաջ և դրանից հետո։

Բայց ինչ աստիճան որ ավելանում էր Ջեդեթի կատաղության մոլուցքը, նույնքան և բազմապատկվում էր հայ մարտիկների եռանդն ու քաջությունը։ Այգեստանի բոլոր դիրքերն էլ սպասվածից ավելին արին. ամեն դիրքն ունեցավ իր ոգորումների և տաժանքի առանձին պատմությունն ու հերոսական դրվագները, մեր դյուցազն հայրերի քաջությունը հիշեցնող։ Մասնավորաբար մի շարք դիրքեր, որոնց վրա թշնամին կենտրոնացրել էր իր հարձակումների ամբողջ թափն ու ծանրությունը, ինքզինքնին գերազանցեցին, այս երեսնօրյա կռիվներին դրսևորելով անօրինակ եռանդ ու դիմադրական ոգի։ Այդ դիրքերն էին՝ Նալբանդյան, Օթել, Թովմասյան, Սահակ-Բեյ, Դհերցի Սարգիս, Դարդանել, Հաց֊Համրող, Դալի֊Բաթման, Հյուսյան, Տպաղ֊Խերո, Տ. Խաչատրյան, Շահբենդեր, Ջանոյան, Շաղոյան, Խրիմյան, Շմավոնյան, Վըզվըզի, Զրվանդանցյան և Թերլեմեզյան դիրքերը։ Այս դիրքերը համարյա ամեն օր քանդվում, հողին էին հավասարվում թնդանոթների ահարկու հարվածներից, իրենց տակ թաղելով հերոս պաշտպաններին և ամեն գիշեր վերականգնվում էին մեր քաջարի ամրաշենների ձեռքով։ Բազմաթիվ անգամներ այս դիրքերը գրավելու համար թուրք զինվորները, թնդանոթների և բյուրավոր հրազենների պաշտպանության տակ, փողոց իջան, դաշտ արշավեցին, այգիներ մտան, այգիների և փողոցների դռները ջարդեցին, պատերից շուռ գալով դիրքերը մտան, բայց ամեն անգամ էլ, հանդիպելով մեր աներկյուղ դիրքապահների կատաղի դիմադրության ջարդ ու փշուր հետ դարձան, բազմաթիվ դիակներ թողնելով։

Այգեստանի երեսնօրյա պայքարի ընթացքին երիտասարդությունը տվավ իր միջից հերոսական դեմքերի մի շարան, որոնցից ամեն մեկի պատմությունը կարող էր սերունդներ ոգևորել և մեր նորագույն դյուցազներգության համար անսպառ նյութ դառնալ։

Գրիչը չի կարող պատկերացնել ոգևորությունը մեր քաջերի և անօրինակ ցնծությունն Այգեստանի ժողովրդի, երբ ապրիլի 29-ին, մեր բարձրահայաց դիրքերից ավետեցին, թե թշնամին փախչում է արդեն:

Թշնամին փախչում էր, այո, մեր եղբայրների փրկարար ուժերի առջևից։ Նրանք գալիս էին հյուսիսից ու արևելքից, արծվի թևերով օգնության հասնելու դյուցազնական Վասպուրականի աշխարհադղորդ կանչին։ Մայիսի 3֊ին ամոթապարտ Ջևդեթի 12 թնդանոթները հոգեվարքային վերջին հռնդյուններն արձակեցին և իսպառ լռեցին, Թոփրագ-Կալեի և Հաջի-Բեքիրի զորանոցների, ամբողջ Վասպուրականը լուսավորող, բոցերի մեջ խեղդվելով։

Մի քանի օրվա մեջ հրկիզվեց, քանդվեց և դարերի վրեժով լցված հայ ժողովրդի ոտքի տակ տրորվեց այն ամենը, ինչ որ թուրք բռնակալ կառավարության դրոշմը կկրեր։

Եվ դարերի ընթացքում, առաջին անգամ լինելով, 1915֊ի մայիսի 4-ի առավոտյան արևի առաջին շողերը շղթայազերծ ու ազատ Վանը լուսավորեցին, և երկու արծվաբույների՝ Այգեստանի ու Քաղաքամեջի քաջարի մարտիկների արտասվախառն ողջագուրումը ողջունեցին։

Թերևս Վանը տասնյակ դարերի իր կյանքում առաջին անգամն էր ականատես լինում մի այդպիսի ժողովրդային խանդավառ ու անխառն ոգևորության։

Ժողովրդական այդ խանդավառությունը շատ գեղեցիկ կերպով պատկերանում է Զինվորական մարմնի բաց թողած վերջին կոչի մեջ, ուղղված ժողովրդին։

Ահավասիկ այդ կոչը.

«Հայ ժողովուրդ,
Ահա կբոլորենք մենք ամսօրյակը. ամսօրյակը պայքարի ու փառքի, մահվան ու հարության մեր ցեղին։ Ամսօրյակը նաև հայության առաջին և պայծառ գարունին։

Ամիս մը առաջ, այսօր, երբ թշնամին վատաբար կռիվ հայտարարեց քաղաքակրթության և արդարության դեմ, մեր դեմ, մենք հավատքով փարեցանք մեր զենքին և մեր հոգիի խորերեն զգացինք, որ հաղթանակը մերը տիտի ըլլա այս կռվին մեջ, վասնզի մեր կռիվը խավարին դեմ էր, տգիտության ու բռնության դեմ՝ ճշմարտության և արդարության համար։

Եվ վերցուցինք զենքը, կուրծք տալու համար թշնամիի գնդակներուն ու ռումբերուն, որոնք կուգային վերջնական հարվածը հասցնելու մեր ցեղի կորացած մեջքին, որոնք գետին ծռել կուզեին ճակատը մեր երիտասարդության և քանդել ակնաղբյուրները վերածնվող մեր ցեղին: Եվ կուրծք տվինք մենք թշնամիի մոլեգին և ամբարտավան ժեսթերուն ու հարձակումներուն և մեր հերոսական ու պատմական մարտնչումներու ընթացքին՝ ո՛չ մեկ տեղ և ո՛չ մեկ վայրկյան թշնամին չտեսավ մեր զինվորը պարտված և մեր դիրքը լքված։

Ամսօրյա պայքարը, զոր տարանք փառքով ու պատվով, այսօր իր կատարելության մեջ կվայելենք ահա մեր հաղթանակներով արբած հայ ժողովրդի հետ։

Մեր զինվորի արի և անսասան դիմադրությունը ամեն տեղ թշնամիին զգացնել տվավ, որ մեր երակներուն մեջ չի դադրած, կհոսի տակավին արյունը ազատության և կռվի, և այդ աստվածային արյունն Է, որ աղմկահույզ և սրբանվեր բռնկումով գիտե գլխապտույտ և անձնատուր փախուստի մատնել երեկի ամբարտավան և ամենազոր, բայց այսօրվա վախկոտ և ստրուկ թշնամին…

Երեք օր Է ահա, որ հաղթանակի խենթությունը բռներ Է մեզ… Զորանոցներու գեղատեսիլ հրդեհներու և բոլոր դահճապետներու որջերու ճարճատումներուն առջև մենք կեցած ենք հիացումով և արբած…

Արբած ենք մենք և աստվածային խենթությամբ լեցված, որովհետև հարյուրավոր տարիներու մեզի թլպանռղ, կողոպտող, խաչողն Է, որ գլխապատառ, կփախչի այսօր…

Վրեժի անողորմ, բայց արդար Աստվածն Է, որ նստած Է մեր ներսը ու մեր գլխու վերևը, վրեժի ձայնն Է, որ կլսենք մենք հիմա, և այդ ձայնը կուգա հարյուրավոր տարիներու ընթացքին սրախողխող հայ սերունդներու, թոնիրներրու մեջ խորովվող մանուկներու և բռնաբարված կույսերու սասանեցնող և աղեկտուր կանչերուն մեջեն։

Այսօր ահա հայկական դրոշակն Է, որ հարյուրավոր տարիներու ընթացքին, առաջին անգամ ըլլալով, կծածանի Վանի պատմական բերդի բարձունքներուն վրա և առաջին անգամն Է, որ բռնությունը, հայ զինվորի գնդակեն հալածական, կփախչի ինչքով, ընտանիքով ու իշխանությամբ…

Եվ այսօր, երբ փառավոր պայքարն Է մեր հետին, լիակատար հաղթանակն Է, որ կապրինք և վերջնական ազատությունն է մեր առջև, մենք գիտակցությունն ունինք ավելի երջանկաբեր ու պայծառ հանգրվաններու մեր հուսահատ, երազող ցեղին համար…

Մեր հերոսական կռիվներով մենք արդեն հիմը դրինք այն հոյակապ ազատության, որուն երազեցին մեր հանճարները մեր ժողովուրդին հետ, որուն համար երեսնամյա կռիվներով միլիոնավոր կյանքեր զոհաբերեցինք և որու առաջին արշալույսը կծագի ահա բախտավոր Վասպուրականի հպարտ լեոներուն վրա…

Այսօր ուրեմն տոնն Է ոչ միայն մեր ամսօրյա պայքարին ու հաղթանակներուն, այլև նախատոնը հայկական ազատության՝ բոլոր բռնավոր լուծերեն, բոլոր հոշոտող ճիրաններեն…

Կեցցե՛ հայկական ազատությունը,
Փա՛ռք ինկածներուն,
Կեցցե՜ Վասպուրականի մարտնչող երիտասարդությունը,
Կեցցե՜ Հայկական բանակը…

ՎԱՍՊՈԻՐԱԿԱՆԻ ՀԱՅ ԻնՔնԱՊԱՇՏՊԱՆՈԻԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
6 մայիս, Վան֊Այգեստան»:

Կամավորական առաջին խմբերն ուրախությունից լաց Էին լինում, թշնամու երկկարգ տների բոցերի միչից Վան մտնելով։

Կամավորական գնդերն ու ռուսական բանակի սպայակույտն ափիբերան էին մնացել ի տես Վանի դիրքերին, որոնք մի բուռ ժողովրդի երեսնօրյա կռիվների դյուցազնության թատերաբեմն Էին եղել։

Վանը հպարտ Էր և ուրախ։

Վանեցին իր հոգեկան բերկրանքի գերագույն րոպեներն Էր ապրում։ Նա իր դարերի երազն ու իղձն իրականացած Էր տեսնում կենդանի աչքերով։

Հիրավի, ի՞նչ կա ավելի գեղեցիկ ազգերի պատմության մեջ, քան այն կռիվը, որ հայտարարում Է մի ժողովուրդ իր բարբարոս բռնակալի դեմ, երբ նա համերաշխ ու միակամ, բարձրացնում Է արդարության բռունցքը, և անդիմադրելի ուժգնությամբ իջեցնում Է իր դահճի գլխին, ջարդ ու փշուր Է անում նրան և իր սրբազան հայրենիքը մաքրում Է նրա սրբապիղծ ոտներից։

Կռիվ, հերոսություն, եղբայրական աջակցություն, հաղթանակ ու ազատություն, ահա այն գեղեցկությունները, որոնք բաժին ընկան այդ օրերին վանեցուն և որոնց անսահման հրճվանքով խելահեղ՝ նրանց քաղցրություններն էր ըմբոշխնում, թեթևացած սրտով, թեթևացած հոգով։

Վանեցին դարերի ու դարերի արցունքի ու արյունի լեռնակուտակ բեռն իր մեջքից ցած դրած՝ դիմավորում էր ազատ ու երջանկաբեր կյանքի մի լուսաշող արշալույսի։

Դարերի ընթացքին եկած ու անցած հայ սերունդներից ամենից երջանիկն եղավ այն սերունդը, որ Ապրիլյան հերոսամարտը կերտեց ու նրա բերած ազատության նեկտարը ճաշակեց։

Առանց այդ ազատության, որի քաղցրահամը դեռևս մեր բերանումն է մնացել, կամ առանց ազատության հույսի, մեր ժողովրդի համար կյանքը ոչ մի իմաստ կամ բովանդակություն չունի։

Ապրիլյան հերոսամարտն ու նրան հաջորդող 70~օրյա մեր անկախությունը գերերկրային մի հմայք ու պաշտամունք դրին մեր հոգիներում և այնքան գրավչական ու գեղեցիկ, որ հայտարարում ենք թե՛ ներկա և թե ապագա հայ սերունդներին, որ մի այդպիսի թովիչ րոպե ապրելու և վայելելու համար արժե նորից ծովածավալ արյուն ու արցունք կուտակել և նորից նրա համար զոհաբերել ինչ որ ամենաթանկագինն է այս աշխարհում։

Որովհետև քանի որ պիտի ապրինք այս աշխարհի մեջ, մեր ապրիլը կամ մեր ազգային կյանքը բովանդակություն կունենա միայն ու միայն ազատության և հայրենիքի մեջ։

Ազատություն և հայրենիք նորանոր Ապրիլներ են պահանջում մեզանից…

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Comments are closed.