Արա Սարգսյան – Մաքրի գյուղ







Երբ տասներեք տարեկան հասակում կավին ձև էի տալիս և սկսել էի քանդակել մարդկանց ու տունը լցրել էի կավից սարքած արձանիկներով, դիմաքանդակներով, խմբաքանդակներով, մայրս, տեսնելով այդ բոլորը և ամեն անգամ հավաքելով կավի մնացորդներն ու մաքրելով թրջված, լպրծուն հատակը, ասում էր. «Այ որդի, խելքդ գլուխդ ժողվե, քիչ մը չորս կողմդ նայե, մարդիկ արհեստավոր, գրագիր, բժիշկ, ինժեներ, վաճառական կդառնան ու հազիվ տուն կպահեն, դուն, ի՞նչ է, չամուռից մարդ պատրաստելով փարա պիտի վաստակես, փորդ պիտի կշտացունես, ընտանիք պիտի պահես, ապրելը շատ ծանր է, յավրում, փարա վաստակելը ավելի դժվար, քանի ուշ չէ, անցիր ուրիշ գործի մը»։
Մայրս կրթված կին էր, ուսուցչուհի, և մեր փոքրիկ գյուղում, Մաքրի գյուղում,— այդպես էր կոչվում իմ ծննդավայրը,— մեր տանը բաց էր արել տնային դպրոց, բացառապես աղջիկների համար, և նրանց սովորեցնում էր մայրենի լեզու, ֆրանսերեն, թվաբանություն, կար ու ձև։

Գրել ու կարդալը առաջին անգամ ես սովորել եմ նրանից։ Մայրս եղել է իմ առաջին ուսուցիչը։

Շատ անգամ, տարիներ անց և այժմ էլ, այս տողերը գրելիս, մտածել և մտածում եմ այն մասին, թե ինչպե՞ս մայրս, որ պահում էր տնային դպրոց, գրագիտություն էր սովորեցնում ուրիշի երեխաներին, իր կրթությամբ, մտածելակերպով համարվում էր մեր գյուղի առաջավոր կանանցից մեկը, որդու ընտրած մասնագիտության վրա նայում էր այդպիսի հոռետեսությամբ և խորհուրդ էր տալիս թողնել այն, զբաղվեք ավելի եկամտաբեր ու ժամանակի ոգուն համապատասխան գործով։

Կյանքը, շրջապատը, մարդկանց ճակատագիրն էր ստիպել մորս, այն ժամանակ աշխարհի այդ անկյունում, հետամնաց ու դաժան Թուրքիայի արյունաթաթախ յաթաղանների սպառնալիքի տակ ապրող մի բուռ հայերի միջավայրում, գալ այդ դառնագին եզրակացությանը և խորհուրդ տալ ինձ՝ աշխարհում բախտ որոնել ոչ այդ ճանապարհին, արվեստի անդաստանում։

Մայրս, սակայն, չճաշակեց իմ հետագա հաջողությունների քաղցրությունը։ Համաշխարհային առաջին պատերազմից հետո մենք այլևս իրար չտեսանք։ Նա հանգավ գեթ մեկ անգամ ինձ տեսնելու և կրծքին սեղմելու անհագ կարոտով, օտար, բոլորովին օտար հողում։ Նա հետևեց իմ կյանքի ընթացքին հեռվից միայն և երևի հրճվեց ու աղոթեց, որ գնացել եմ «չամուռից մարդ սարքելու» ուղիով և ոչ այն ճանապարհով, ինչ նա ինձ խրատում և ցույց էր տալիս։

Մաքրի գյուղում մեր դպրոցի ճանապարհին, փոքր, մութ ու խոնավ արհեստանոցներում աշխատում էին բրուտներ, որոնք պատրաստում էին ամաններ, սափորներ, բաժակներ և հատկապես նարգիլեի շշերի համար խցանաձև թրծված հարմարանքներ, որոնց մեջ մարդիկ լցնում էին ծխախոտը և քաշում, կլկլացնելով նարգիլեն։ Ես ժամերով կանգնում էի այդ արհեստանոցների առաջ, և կլանված ու հափշտակված դիտում էի բրուտների մատների արագ ու կարճ շարժումները, զարմանում` թե ինչպիսի վարպետությամբ նրանք մի քանի րոպեի մեջ անձև կավին տալիս էին կերպարանք ու գեղեցկություն։

Կավին շունչ տալու, կենդանացնելու այդ գաղտնիքը ինձ կախարդեց, և ես դարձա նրա գերին։ Շաբաթվա ընթացքում, դպրոցական պիտույքների համար հորս և մորս տված կոպեկներից ես խնայում էի և վազում ինձ ծանոթ բրուտների մոտ, գնում մի բուռ կավ ու, մոռացած դաս ու խաղ, կավից սարքում կենդանիներ, անբացատրելի կերպարններ, մինչև հասա մարդկային դեմքեր պատրաստելու «վարպետության»։

Ես սաստիկ սիրում էի պատմության դասը, առանձնապես հունական աշխարհը, նրա դիցաբանությունը, նրա արվեստին վերագերող բաժինը։ Սիրում էի նաև նրա համար, որ դասատուն Փանոսյանն էր, բարեժպիտ, ազնիվ մի անձնավորություն, որ իր աշակերտների նկատմամբ տածում էր հայրական սեր, փոխադարձառար նրա հմայքն էլ սիրել էր տալիս առարկան։ Ես հաճախ էի լինում Փանոսյանի տանը, թերթում էի պատմության գրքեր, հատկապես հունական քանդակագործության պատմությունից, և հափշտակված նայում արձանների նկարներին ու երազում հասնել մի օր արվեստի կատարելության այդ աստիճանին։

Սկսեցի դառնալ ավելի համարձակ, կավին տալ շատ ավելի կոնկրետ ու կենդանի ձևեր։ Առաջին «փորձադաշտը» եղավ հայրս։ Չեմ հիշում ինչքան, բայց շատ անգամ եմ քանդակել հորս պորտրեն, այնքան հարազատ, այնքան սիրելի, այնքան թանկագին անձնավորության, ինչպիսին էր մեղմ հայացքով, բարի ժպիտով ու հոգսաբեռ ճակատով հայրս։

Հայրս տպավորիչ էր իր արտաքինով, նա միջահասակ էր, թիկնեղ, միջակ գիրությամբ, դեմքը բարի էր ու պայծառ։ Նա ճաղատ էր։ Դեմքը զարդարում էին սրածայր բեղերը և փոքրիկ, կարճ ու չափավոր մորուքը։ Այդ ժամանակ ես կարդում էի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» և հորս պատկերացնում էի որպես Դ’Արտանյան, բեղ ու մորուքով, լայնեզր գլխարկով, ճարպիկ ու համարձակ, անվախ, վերջապես, բոլոր այն լավագույն հատկություններով, որոնցով օժտված էր մեծ վիպասանի հերոսը։ Ես հորս քանդակել եմ նաև որպես այդպիսին՝ հրացանակիր։

Ինձ ուղղակի հմայում էր Հոմերոսի դեմքը։ Հորս պորտրեին հաջորդեց Հոմերոսի փոքրիկ դիմաքանդակը, որը ես պատրաստեցի, նայելով հունական գլուխգործոցի վերատպությանը։

Եվ այսպես, մեր տանը սկսեցին հետզհետե ծնվել «չա– մուռից սարքած» դեմքեր։ Հոմերոսին հաջորդեցին Պերիկլեսը, Դեմոսթինեսը և շատ ուրիշներ։ Ինձ արդեն տանը, դպրոցում, մեր թաղում համարում էին արձանագործ և տալիս էին տարբեր գնահատականներ։

Ծնողներս սկսեցին լրջորեն անհանգստանալ։ Նրանք սկզբում կարծում էին, որ դա լոկ պատանեկության զբաղմունք է, խաղ, և շատ գոհ էին, որ ես կտրվել էի փողոցից։ Սակայն, երբ այդ զբաղմունքը ստացավ լուրջ կերպարանք և դարձամ իմ կյանքի նպատակը, նրանք սթափվեցին։

Մեր ազգականներից հորս հորեղբայրը՝ Սարգիսը, ճարտարապետ էր։ Մաքրի գյուղում, ինչպես նաև Պոլսում կառուցել և կառուցում էր բնակելի տներ, խանութներ, մեծ շենքեր։ Հայրս որոշեց մի անգամ հրավիրել նրան, ցույց տալ իմ գործերը և լսել նրա կարծիքը իմ կարողությունների մասին։

Ես անհամբերությամբ սպասում էի պարոն Սարգսի այցելությանը։ Պատրաստում էի նոր աշխատանքներ։

Նա էր, պարոն Սարգիսը, որ որոշելու էր իմ բախտը։

Նրա մի խոսքից, դեմքի արտահայտությունից, հեղինակավոր կարծիքից էր կախված իմ ապագան։

Վերջապես եկավ այդ վճռական օրը։ Պարոն Սարգիսը երկար նայեց իմ գործերը, ամեն մի արձանը շրջեց, զննեց, համեմատեց նկարների հետ, նայեց հորս դեմքին, հայացքը մի քանի անգամ արձանից տարավ հորս դեմքին և հակառակը, նստեց բազկաթոռին, աչքերը փակեց ու սկսեց խոկալ։

Հայրս և մայրս լարված անհանգստությամբ հետևում էին նրան, իսկ ես քարացել էի, մտածում էի, թե հիմա ամեն ինչ փուլ կգա իմ աչքի առաջ, ամեն ինչ կվերջանա։

Պարոն Սարգիսը աչքերը բացեց, դեմքին երևաց բարի մի ժպիտ ու հաստատ տոնով ասաց. «Այո, սիրելի Միհրան և Կատարինե, ձեր որդին շնորհքով է, շատ շնորհքով, անոր ապագան աս է, չթողնելը հանցագործություն մը պիտի ըլլա։ Ապրիս, տղաս, շատ ապրիս, ասկէ ետքը քեզ շատ պիտի սիրեմ և ձեռքիս եկածը քեզի համար պիտի ընեմ»։

Այդպես էլ եղավ։

Պարոն Սարգիսը դարձավ իմ պաշտելի անձնավորությունը, ամենահեղինակավոր մարդը ամբողջ աշխարհում և անչափ օգնեց ինձ դառնալու քանդակագործ։

Ես մեծ երախտագիտությամբ եմ հիշում նրան։

Նա եղավ այն մարդը, որ իմ առաջ բաց արեց իմ երազած միակ դուռը և օգնեց քայլելու կյանքում ճիշտ ուղիով։

Հայրս և մայրս ոչ միայն համոզվեցին, այլև հպարտացան, որ իրենց կրտսեր որդին աչքի է ընկնում իր ընդունակությամբ և խոստանում է ունենալ լավ ապագա։ Սակայն այդ ուրախությունը հաճախ փոխվում էր տխրությամբ, երբ նրանք պատկերացնում էին իմ հետագա անմխիթար վիճակը, Պոլսում առանց պատվերի այս կամ այն մեծահարուստի դռանը աշխատանք փնտրելով։

Ծնողներիս առաջ ծառացավ մի նոր հոգս՝ զավակներին պատշաճ կրթություն տալու, նրանց ապագան տնօրինելու խնդիրը, որը Մաքրի գյուղի պայմաններում չէր կարող լուծվել: Անհրաժեշտ էր տեղափոխվել Պոլիս։

1914 թվականին մեր րնտանիքր թողնելով Մաքրի գյուղը, տեղափոխվեց Պոլիս և բնակություն հաստատեց Բերա հայաշատ թաղամասի Յաղհանե փողոցում։

Մաքրի գյուղ…

Մաքրի գյուղը գտնվում է գեղատեսիլ Մարմարա ծովի ափին, Կոստանդնուպոլսից շուրջ քառասուն կիլոմետր հեռավորության վրա։

Ես ծնվել եմ այդ գյուղում, ինչպես ծնողներս էին պատմում, Հալաջ Հայրիի տանը։

Հայրին ջուլհակ էր։ Նրա երկհարկանի փայտաշեն տունը գրավիչ էր իր արևելյան ոճով. պատուհաններին, ինչպես ընդունված է թուրքերի մոտ, խփված էին փայտե ցանցեր, ուներ երկու դուրս ցցված պատշգամբ, որոնք փայտե սյուներով, ասես հաշմանդամներ, հենված էին պատերին։ Պարտեզը գեղեցիկ էր իր վարդերով ու սլացիկ նոճիներով։

Ես դեռ շատ փոքր էի, երբ մենք տեղափոխվեցինք մի այլ տուն, ծովեզերքին։

Մաքրի գյուղ… Կարծես մարգարիտներով զարդարված մի խեցի լիներ՝ հպված Մարմարայի ափին, կամ ծառերի մեջ թաղված ծովափնյա մի եդեմ։ Այժմ արդեն ինձ համար նա դարձել է մի հուշ, չվերածնվող մի երազ, անկրկնելի մի հեքիաթ…

Իսկապես շատ գեղեցիկ էր մեր գյուղը։

Նրա ծովափը զարդարված էր հաստաբուն ու տերևախիտ սաքզի բարձր ծառերով, որոնց հովանու տակ երազկոտ կամ դարդոտ մարդիկ ժամերով նստում ու դիտում էին մերթ ծովի անդորրը, մերթ նրա ալեկոծ վրդովմունքը և մերվում նրա հետ իրենց խոհերով ու երազանքներով։

Մեր տունը գյուղի ամենագեղեցիկ վայրում էր, որ կոչվում էր Սաքըզ Աղաճ։ Այն նաև սիրահար զույգերի ժամադրավայրն էր, ավելի շուտ դրախտավայրը, որտեղ սիրո արբեցումից բացի, նրանք ըմբոշխնում էին նաև ծովից ու շրջակա ծաղիկներից, զեփյուռների բերած զգլխիչ բուրմունքը։

Աննման էր Սաքըզ Աղաճի պեյզաժը գիշերվա պահերին։ Լուսնի շողերը մեղմիկ շոյում ու քնքշորեն համբուրում էին ծառերի տերևները և անցնելով նրանց միջից, թափվում գետնատարած կանաչների վրա, ասես լուսնից ընկած արծաթափայլ վարդեր, կամ խաղում գիրկընդխառնված սիրահար զույգերի մազերի մեջ, ուսերի վրա, ու անհետանում։ Հեռու հորիզոնից մինչև լուսինն ամեն անգամ ջրերի վրա սփռում էր նաև արծաթաշող մի ուղեգորգ, որն իր ծփանքներով ու օրորումներով հրավիրում էր կարծես սիրահարներին քայլելու համար սիրո անհունի մեջ։

Քանի՜֊քանի՜ գիշերներ, փախչելով տնից, նստել եմ ծովափին, լսել ալիքների հավերժական օրորոցայինը և դիտել լույս ու ստվերի այդ անկրկնելի տեսիլքը, սուզվել պատանեկան խոհերի մեջ։ Պատահել են նաև լուսնյակ գիշերներ, երբ սպիտակազգեստ աղջիկները, վարդերից հյուսած պսակները գլխներին, ուրախ ճիչերով ու ծիծաղով, պար են բռնել ծովափին ու այն լցրել երիտասարդական կենսախինդ շնչով։

Ամեն մարդու համար իր ծննդավայրը թվում է ամենագեղեցիկը ողջ աշխարհում։ Ծննդավայրն այն սրբատեղին է, որի արևն ու լուսինը, ցերեկն ու գիշերը, ծառն ու ծաղիկը, տներն ու փողոցները, մարդիկ… ամենից գեղեցիկն են բոլոր մյուս երկրամասերից ու ապրողներից, ամենաազնիվն ու չքնաղը, ամենաթովիչն ու հմայիչը։

Ահա այդպիսին էր իմ Մաքրի գյուղը։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
This entry was posted in Հոդվածներ | Articles and tagged , , , , , . Bookmark the permalink.

Comments are closed.