Սեփական կարծիքի իրավունքով







«Գարուն», 1990թ., թիվ 10

Մարգարիտ Բալասանյան

Մոսկվայի Բախրուշինի անվ. թատերական թանգարանում երջանիկ պատահականությամբ ձեռքս ընկած փափազյանական մասունքների (նամակներ, փաստաթղթեր, ծանուցագրեր, ուղերձներ, լուսանկարներ, բեմազգեստի էսքիզ) «Վահրամ Փափազյանիմարգարիտ  ֆոնդ» անվանվող թղթապանակի տիտղոսաթերթին գրված էր. «Արխիվը հանձնել է կինը՝ Վալենտինա Փափազյանը, 1972 թ. մայիսի 15-ին։ Ֆոնդի համարն է 447, պարունակում է փաստաթղթեր 1910 -1959 թթ., տասնմեկ միավոր»։

Թղթապանակում գտա մի փաստաթուղթ (թվագրված 19 նոյեմբերի 1940 թ.), որր վկայում է, որ Մոսկվայի «Իսկուստվո» հրատարակչությունը 1940 թ.-ին հրատարակության է պատրաստել Փափազյանի «Թուրքական թատրոնը» գիրքը։ Մյուս փաստաթղթերն, ինչպես նաև ժամանակի անվանի արվեստաբան ու թարգմանիչ Եվգենի Կուզնեցովի նամակները վկայում են, որ գիրքը գրվել է ֆրանսերեն, և վերջինս է այն թարգմանել, խմբագրել և պատրաստել տպագրության։

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, մոսկովյան արխիվում ի մի էին հավաքվել Փափազյանի ռուսաց լեզվով հրատարակվելիք երեք գրքերի մասին արժեքավոր փաստաթղթերը (Մոսկվայի «Իսկուստվո» հրատարակչության)։

Ես ամենուր հետաքրքրվեցի, պրպտեցի գրական և ոչ գրական տեղեկատու մամուլը, հարցափորձեցի մեր հարգելի մասնագետներին, բայց այդ գրքին վերաբերող ոչինչ չգտա:

Փնտրտուքն անօգուտ եղավ նաև Մոսկվայի «Իսկուստվո» հրատարակչության արխիվներում։ Ջանալով ձեռք բերել գոնե որևէ հուշող նյութ, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գտա այդ գրքի և՛ պայմանագիրը, և՛ ռուսերեն մեքենագիր ձեռագիրը, որը կրում է հետևյալ վերնագիրը. «Իստորիա ռազվիտիա տուրեցկովո տեատրա»։ Ծավալը 251 էջ է, պակասում է 22 էջ։ Գիրքը բաղկացած է տասը գլխից։ Փափազյանը «Դիմում ընթերցողին» առաջաբանում հակիրճ ներկայացնում է բոլոր գլուխները։

Արխիվում եղած նամակների մեծ մասը գրված է Եվգենի Կուզնեցովի ձեռքով, մեկ նամակ՝ ոմն թարգմանիչ-թատերագետի կողմից է, իսկ մի քանի այլ վավերագրեր, ինչպես Վալենտինա Վասիլևնան է վկայում, ինքն է գրել Փափազյանի կողմից:

Ֆրանսերեն մի նամակով (գրված 22 հոկտեմբերի, 1940 թ.) Կուզնեցովը հայտնում է իր համաձայնությունը և պայմանները՝ «Թուրքական թատրոնը» գրքի թարգմանությունն ու խմբագրումը ստանձնելու վերաբերյալ:

Մի հաստափոր ծրարում (թվագրված 24.05.37 թ.) զետեղված է երեք նամակ, մեկն ուղղված է Փափազյանին՝ Կուզնեցովից, մյուս երկուսը, որպես Փափազյանի ճակատագրին ու փառքին նախանձախնդիր բարեկամ, Կուզնեցովը գրել է նրա անունից։ Նամակով Կուզնեցովը տեղեկացնում է մեծ դերասանին, ոը «Սովետսկոյե իսկուստվո» թերթում ոմն Պոտապով հոդված է տպել Փափազյանի մասին, մեղադրելով նրան, որ չի ուզում խաղալ ոչ մի թատրոնում, ոչ մի ժամանակակից, սովետական թատերգության մեջ ու նախընտրում է դասական խաղացանկը, հիմնականում՝ Օթելլո։ Համարելով այս ամենը խիստ վտանգավոր, Կուզնեցովը ջերմորեն խորհուրդ է տալիս անպայման պատասխան գրել թերթին. խմբագիր Յոհան Ալթմանին՝ մտերմական նամակի ձևով, Պոտապովին՝ որպես պաշտոնական պատասխան՝ բաց նամակի ձևով։

Կուզնեցովը Փափազյանին առաջարկում է իր ձեռքով գրած (նույն ծրարում զետեղված) հաջորդ երկու նամակները, խորհուրդ տալով՝ դրանք ուզած ձևով փոփոխել, արտագրել և շուտափույթ ուղարկել, մեկը՝ Ալթմանին, մյուսը՝ թերթին։

Այդ նամակներում Կազնեցովը գրում է Փափազյանի կյանքի, գրական և բեմական գործունեության առավել հետաքրքիր դրվագների մասին, ապա ներկայացնում նրա ստեղծագործական դժվարությունները, խոչընդոտները, տառապանքները այդ ամենին զուգահեռ անընդհատ ընդգծելով, որ ոչ թե ինքը չի ուզում, այլ, չնայած իր բոլոր ջանքերին, իրեն ոչ մի տեղ հնարավորություն չեն տալիս հանդես գալու (ներկայացվում է հիմնարկների և պաշտոնյաների մի ազդեցիկ ցուցակ, որոնց բազմիցս և անօգուտ դիմել է մեծ դերասանը)։ Միայն Լունաչարսկին է մեծապես աջակցել՝ խորհուրդ տալով շատ արագ սովորել ռուսաց լեզուն՝ ռուսական բեմում լիարժեքորեն հանդես գալու համար։

Բերենք մի հատված Կուզնեցովի՝ Փափազյանի անունից գրած նամակից. «… Պոտապովի պնդումները ինձ համար ոչ միայն ցավոտ են, այլն ուղղակի վնասակար (ընդգծումը նամակագրի), քանի որ դրանք կամրապնդեն իմ նկատմամբ եղած անվստահ դիրքորոշումը և կդժվարացնեն իմ արտիստական հետագա առաջխաղացումը։ Վերջին երկու ամսում (վերցնում եմ միայն այս կարճ ժամանակը), ես առաջարկել եմ Դերժավինին՝ ընդունել ինձ Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոն, որտեղ ես կխաղայի Մակբեթ կամ Օլգա Ֆորշի «Կամո» պիեսի գլխավոր գերը։ Ապա դիմել եմ Փոքր թատրոնի դիրեկտոր Լյադովին… Հետո դիմել եմ ՑՊԿՕ-ի կուլտուրայի և հանգստի կենտրոնական զբոսայգու դիրեկտոր Գլանին՝ «Կանաչ թատրոնում» «Օրեսթես» և «Էդիպ» դրամաները, «Վիլհելմ Տելլ» և «Շամիլ» պիեսները բեմադրելու առաջարկով… Եվ վերջապես դիմել եմ Պետկրկեսների ղեկավար Դանկմանին, որին առաջարկել եմ Շամիլի իմ դերակատարումը Մոսկվայի կրկեսում։ Սակայն իմ ոչ մի առաջարկն այդպես էլ ոչ մի արձագանք չի գտել…»։

Եվ այլն, և այլն…

Մոսկովյան արխիվի նյութերը ուսումնասիրել եմ 1987 թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ գիտական աշխատանքիս հետ առնչվող հարցերով գտնվում էի Մոսկվայում։ Ես այն ժամանակ ասպիրանտ էի՝ բանահյուսության գծով։ Այլ խոսքով՝ ես թատերագետ չեմ։ Բայց իմ ուսումնառության երեք տարիներից վեց ամիսը սիրով նվիրեցի փափազյանական մասունքների և դրանց աղերսվող նյութերի ուսումնասիրությանը, որպեսզի հնարավորին չափ անսխալ ու ստույգ ներկայացնեմ այդ ամենը։ «Գրական թերթի» «Նորահայտ Փափազյանը» հոդվածում ընդգրկված էին ոչ բոլոր նյութերը, քանի որ «Գրական թերթի» ինձ ընձեռած առանց այդ էլ լայն հնարավորությանը (համարի մոտ 1/4-ը), դարձյալ անձուկ էր բոլոր նյութերն ընդգրկելու համար։

Վերադառնալով Մոսկվայից գնացի «Արվեստ» ամսագրի խմբագրություն՝ բնական համարելով հոդվածն այնտեղ տպագրելը։ Կես տարի խմբագրությունից լուրի էի սպասում։ Ի վերջո տպագրվեց… բայց ոչ թե հոդվածը, այլ Վարսիկ Գրիգորյանի ռեպլիկը, որի մեջ ամնահետաքրքիրը, թերևս, վերնագիրն էր՝ «Որպեսզի սխալը չծլարձակի»։

Ռեպլիկում Գրիգորյանը գրում էր. «Սխալ ենթադրություններ ու մտքեր կան Մ. Բալասանյանի «Նորահայտ Փափազյանը» («Գրական թերթ» 28 —1—88 թ.) հիմնականում հետաքրքիր հրապարակման մեջ։ Ինչ խոսք, հեղինակին արժանին պիտի հատուցել, որ մեզ համար հայտնագործել է Փափազյանի՝ մոսկովյան թղթապանակի գոյությունը, սակայն «Թուրքական թատրոնին» վերաբերող գիրքը նորություն չէ, քանի որ կենդանության օրոք նա հանձնել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»։

Նախ դա ոչ թե թղթապանակ է, այլ արխիվ, որն ընդգրկում է նաև այդ թղթապանակը, ապա թատերագետը թող բարեհաճեր նշել այն գրավոր աղբյուրը, որտեղից ինձ նման մահկանացուն կտեղեկանար այդ գրքի գոյության մասին, իսկ հետո դա ամենևին էլ թուրքական թատրոնին վերաբերող գիրք չէ, այլ օսմանյան Թուրքիայի անծայր տարածքում ապրող և նրա ատելի լուծը կրող զանազան ազգերի թատերաարվեստի զարգացման պատմող է, որտեղ հիմնականում հեղինակն ծանրացել է արևմտահայ թատրոնի, մշակույթի առաջատար գործիչների կյանքին և հասարակական գործունեությանը։ Գրքի էջերից հառնում են այնպիսի մեծությունների սիրելի կերպարները, ինչպիսիք են Ադամյանը, Մնակյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան և այլոք: Խոսվում է ստվերների թատրոնի Ղարագյոզի մասին, վերջինիս չինական հինավուրց թատրոնի աղերսների, եվրոպական թատրոնի` բոլոր ազգերի թատրոնների վրա ունեցած ազդեցության մասին այլն, և այլն։ Իմ կարծիքով, արևմտահայ մշակութային կյանքի, արևմտահայ արվեստի մի յուրօրնակ հանրագիտարան է (ի սեր աստծո, թույլ տվեք կարծիք ունենալ)։ Իսկ թատերագետը շարունակում է. «Իհարկե, որքան էլ տարողունակ, այնուհանդերձ, մեկ թղապանակի պարունակությանը ծանոթանալը չէր կարող լույս սփռել այդպիսի բարդ, խճողված, հետաքրորական և նույնիսկ հակասական կենսագրության վրա, ինչպիսին Փափազյանինն է»։

Համարձակվում եմ ասել, որ ամեն ինչ համապարտակ և վերջնական ներկայացնելու մենաշնորհը, ինչպես երևում է, Գրիգորյանի ձեռքում է և ես բնավ միտք չունեմ մտածելու, որ տասնմեկ միավոր նյութը, նույնիսկ մի-մի աստղ դառնան, լույս կսփռեն Փափազյանի ողջ կենսագրության վրա:

Ես ընդամենը գրել եմ. «Այս «նամակները Փափազյանի»՝ այն դժնդակ ու վտանգալից տարիների տառապանքի ու դժվարությունների արձանագրություններն են։ Կուզնեցովը ակամա հանձն է առել մեծ դերասանի կենսագրի պարտականությունը»։

Դա առիթ է տվել թատերագետին գրելու. «Հավանաբար, եթե Բալասանյանը ծանոթ լիներ Փափազյանի երևանյան արխիվին, դժվար թե թույլ տար այնպիսի հայտարարություններ, որոնք փոքր-ինչ խախտում են նրա խոսքի կշիռը…»։

Սակայն նույն այդ թանգարանում, իմ այնտեղ եղած օրերին Վ. Գրիգորյանը ջանք չէր խնայում անվստահություն ստեղծել իմ՝ ոչ մասնագետիս, նկատմամբ։

Հաջորդ տողը, «ճշտման կարիք ունեն Կուզնեցովին վերաբրող որոշ փաստեր…» — գրում է մասնագետը։

Իսկ ես ոչ մի փաստ չունենալով, հոդվածում խոստովանել եմ. «Ես շատ ջանացի թանգարանում պարզել, թե ով է եղել Կուզնեցովն առհասարակ, բայց փնտրտուքս ապարդյուն անցավ։ Խորին երախտագիտությամբ համակված, փորձում էի գտնել գոնե մի փոքրիկ հիշատակություն նրա մասին, երբ նյութերից մեկի դարձերեսին հայտնաբերեցի Վալենտինա Վասիլևնայի գրած փոքրիկ ու անչափ հուզիչ նշումը, որը նույնպես բերում եմ բառացի. «Կուզնեցովը մեկն էր Պյոտր Իլյիչ Չայկովսկու թոռներից (մոր կողմից), նա ինքնասպան է եղել։ Նա մեր թատերական թանգարանի դիրեկտորն էր»։

Ապա համարձակվել եմ սրտի մորմոքով գրել. «Այդ ազնվազարմ այրը որպես շանթարգել, միշտ պատվար է եղել մեր միայնակ կաղնուն։ Ով իմանա` իրե՞ն որ չար հողմն է գետնել»։
Եվ ահա թե ինչպես են գնահատվում իմ այս տողերը ընդդիմախոսիս կողմից. «Պարզապես դրամատիզմի ու խորհրդավորության անհարկի հակումը հոդվածագրին լավ բանի չի հանգեցնում»։

Վերևում ասվածը թատերագետը բխեցնում է նաև իր մյուս նախադասությունից. «Հիշյալ Կուզնեցովը թարգմանել և «Մոլոդայա գվարդիա» ամսագրի 1937 թ. 7-րդ համարում զետեղել է Փափազյանի «Աշխարհի թատրոններով» գրքից մեծ հատված և հետո ոչ թե մեկուսացվել է ու «խորշակի» զոհ եղել, այլ ապրել ու ստեղծագործել է Լենինգրադում (այնտեղ էլ վախճանվել է 1958 թվին)»։

Թույլ տվեք հարցնել, որտեղի՞ց են պեղվել «մեկուսացվել» և «խորշակ» բառերը, ապա, եթե թարգմանում են որևէ գործ ու զետեղում որևէ ամսագրում, և առավել ևս ապրում են Լենինգրադում ու վախճանվում են 1958-ին, ուրեմն բացառվո՞ւմ է ինքնասպանությունը։ Եթե անգամ Վ. Գրիգորյանը դա վիճելի է համարում, ապա թիրախը ես չեմ, այլ տողերի հեղինակը (Վալենտինա Վասիլևնան)։

Գրիգորյանը, ժխտելով ինչպես Վալենտինա Վասիլևնայի բերած փաստերը, այնպես էլ Կուզնեցովի սեփական գրառումները՝ իր և Փափազյանի մասին, ջանում է նրանց «պաշտպանել»՝ իրենց իսկ բերած փաստերից, ինչ է թե մեջբերողը ես եմ։ Վկայաբերելով ժամանակի մամուլը, նրանց վերագրում է փափուկ ու խաղաղ կյանք։ Բայց նախ, մենք լավ դասեր անենք մամուլի անաչառությունից ու ազնվությունից, և հետո, նրա այսօրվա գրած հոդվածն էլ է մամուլում տպվել ու մնալու է որպես վավերագիր։

Եվ վերջապես վերջին և ջախջախիչ հարվածը՝ ուղղված թիապարտիս. «Զարմանալով զարմանում ես, երբ 1972-ին Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարան հանձնված թղթապանակը` Փափազյանի, նույն հոդվածի հեղինակը վերագրում է նրա կնոջը, երբ ամենքին հայտնի է, որ Վալենտինան գոհվել է 1942-ին ֆաշիստական արկի պայթյունից»։

Թույլ տվեք հարցնել, ո՞ր Վալենտինան։ Դե գրեիք նաև հայրանունը՝ եթե, իհարկե, գիտեիք և եթե այն չէ հակասի Ձեր ասածներին։

Լենինգրադի բլոկադայի ժամանակ զոհվել է Վահրամ Փափազյանի առաջին կինը՝ Վալենտինա Ֆեոդորովնան, ազգանունը փնտրել եմ ամենուր և գտել միայն Կուզնեցովի նամակներից մեկում։ Նույնիսկ դուստրը իր գրքում ոչ մի տեղ չի գրամ մոր ո՛չ ազգանունը, ո՛չ հայրանունը։ Սա մեկ։ Երկրորդ. Բախրուշինի թանգարանի տարեց աշխատակցուհիները դեռ հիշում են այդ կնոջը, որը նստել է, զրուցել, պատմել իր մասին, ապա ղեկավարությունից իր ողջ բերածի համար խնդրել է ընդամենը ութսուն ռուբլի դրամ (սա գրված է նաև թղթապանակի վրա)։ Երրորդ, նա թողել է իր հասցեն և բոլոր կոորդինատները։ Չորրորդ, նյութերից մի քանիսի դարձերեսին Վալենտինա Վասիլևնան արել է ուշագրավ մակագրություններ (ինչպես վերևում բերեցի՝ Կուզնեցովի մասին), որոնք ուղղակի վերաբերում են իրենց ընտանիքին, օրինակ, 1957 թ. իր ձեռքով, բայց Փափազյանի անունից գրած մի ուղերձի տակ նա գրել է. «Շատ հարմար է ժողովրդական արտիստին տանը ունենալ սեփական քարտուղարուհի»։

Հիմա մեջ բերենք Փափազյանի և Վալենտինա Ֆեոդորովնայի դրստեր՝ Մարիա Փափազյանի, «Հուշերի թևերով» գրքից մի հատված (էջ 64)։

«Այո, շատ-շատ բան էինք տեսել այդ տարիներին։ Պատերազմը, բլոկադան, մորս մահը, հորս երկրորդ՝ անհաջող ամուսնությունը Լենինգրադում, և որպես հետևանք՝ մեր օտարացումը»։ 100-րդ էջում Մարիա Փափազյանը գրում է. «Այժմ հայրս մենակ չէր, տանը մնաց նրա երկրորդ կինը, որից շատով բաժանվեց։ Ոչ թե նրա համար, որ նա վատ կին էր, այլ որովհետև նրանք չափազանց տարբեր մարդիկ էին»։

Չկա այդ կնոջ անունը, գուցե այդ կինն է Վալենտինա Վասիլևնան, բայց ասվում է, որ շուտով նրանք բաժանվում են։ Գուցե տարիներ հետո նորից են հանդիպել։ Այդ դեպքում կգրեր այդ մասին Մարիան…

Այստեղ ես ինձ իրավունք չեմ վերապահում որևէ կարծիք հայտնել, որովհետև փաստերը դեռ սակավ են։ Ես միայն կարող եմ ենթադրել, որ կամ այս կինն է Վալենտինան, կամ դրանից հետո է նա հայտնվել մեծ դերասանի կյանքում։ Արխիվի նյութերից վերջին տարեթիվը 1959-ն է, որ կրում են Վալենտինա Վասիլևնայի մոտ եղած փաստաթղթերը։ Իսկ մեզ հայտնի է, որ Փափազյանը Երևանում է հաստատվել 1954-ին։ Կնշանակի, նա միաժամանակ ապրել է և՛ Երևանում, և՛ Լենինգրադամ (այդ փաստը հո՛ հայտնի է ամենքին, այդ մասին գրում է նաև դուստրը)։

(Այստեղ իմ թեմայից դուրս եմ համարում քննել Անահիտի հետ ապրած տարիները…)։

«Գրական թերթը» և «Արվեստ» ամսագիրը հրաժարվեցին տպագրել իմ պատասխանը Վարսիկ Գրիգորյանին, հետևաբար հարկ եմ համարում ասել, որ «աննշան» անվանված թղթապանակը մի ամբողջ գիրք-ուսումնասիրության նյութ է պարունակում՝ երեսունից ավելի լուսանկարներ՝ ներառյալ Օթելլոյի բեմազգեստի էսքիզները։ Դեռ չեմ մատնանշում տարբեր արխիվներ ու հավաքածուներ տանող ճանապարհներն ու այնտեղ գտնվող լրացուցիչ նյութերը։

Անկեղծ ասած, ես ցանկության չունեմ համոզելու, որ իմ դեմ նիզակ ճոճելուց առաջ թատերագիր Վ. Գրիգորյանը պիտի գնար այդ արխիվի ետևից (ես ստույգ լուրեր ունեմ, որ դեռ ոչ ոք չի հետաքրքրվել դրանով, իսկ անցել է արդեն ավելի քան երկու տարի), և ոչ էլ ցանկություն անեմ խորհուրդ տալու, որ ուսումնասիրի Փափազյանի երևանյան ձեռագիրը։ Բայց սրտանց կուզեի ասել, կարդացեք գոնե Մարիա Փափազյանի գիրքը։

Հոդվածի տպագրվելուց ի վեր թատերագիրը ամենուրեք ջանք ու եռանդ չի խնայում ասելու, «Այդ աղջիկը նորից կրկնում է իր սխալը՝ Փափազյանի կնոջ մասին»։

Ես, իհարկե, հիմքեր չունեմ հալածված առաքյալի կեցվածք ընդունելու։ Հողվածի ամսագրային տարբերակը տպագրվել է «Սովետական Հայաստան» ամսագրի 1988-ի իններորդ համարում։ Մոսկովյան նորահայտ արխիվի մասին իր ընթերցողներին է պատմել «Հայրենիքի ձայնը», «Կոմունիստ» թերթը։ Մտահոգությունս այլ առիթով է։ Շատ եմ ուզում, որ ոչ միայն սխալը, այլև չիմացությունը և չարությունը չծլարձակի։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
This entry was posted in Հոդվածներ | Articles and tagged , , . Bookmark the permalink.

Comments are closed.