Չուղարկված նամակներ







«Գարուն», 1990թ., թիվ 10

Համբարձում Գալստյան

Բարև սիրելիս:
Կներես, որ այսքան ժամանակ չեմ կարողանում տեղեկացնել իմ որպիսության մասին։ Պատճաոը, թերևս, ստեղծագործական երկունքին քիչ նպաստող կենցաղային պայմաններն են ու, մի քիչ էլ, սոցիալիստական փոստատան աշխատանքի հուսալիության նկատմամբ առողջ կասկածը։ Հիմա էլ ամենևին համոզված չեմ, որ նամակս քեզ կհասնի, բայց գոնե անքուն գիշերը կարճացնելուն որոշակիորեն կօգնի։

Սկսեմ սկզբից՝ ձերբակալությունից։ Եթե հիշում ես, երկրի ղեկավարի՝ Հայաստան կատարած պատմական այցելության առաջին օրից և դրա հետ կապված պակաս կարևոր անցքերից հետո սկսեցի թաքնվել։ Ապրում էի տարբեր բնակարաններում, արվեստանոցներում ու ձեղնահարկերում, երկու-երեք օրը մեկ տեղս փոխում էի։ Չէի ասի, թե կյանքիս ամենամռայլ ժամանակներն էին. մեկ տարվա անքուն-անտուն գոյությունից հետո քնելու, կարդալու և ուտելու համարյա ոչնչով չսահմանափակված ազատություն։ Մաքուր օդի բացակայությունը փոխհատուցվում էր խորհրդային ազատ մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ՝ այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեի մասին անսքող ճշմարտությունը լսելու ամենալայն հնարավորություններով։ Հայաստան աշխարհի հասարակական կյանքի երկնակամարում հրապարակախոսության ի՜նչ գրոսմայստերներ էին ի հայտ եկել՝ համեստությունից որպես աշխատանքի վետերան ստորագրող, ՊԱԿ-ի գնդապետից մինչև ՀԿԿ Կենտկոմի ակադեմիկոս-քարտաղարը։ Ու բոլորը՝ առանց կեղծելու։ Մեկն, անգամ, հիշում եմ, հյուսիսից եկած հարազատի թիկունք տաքացնող շնչառությունից այնքան էր ոգևորվել, որ բոլոր երկնագույն ու բազմագույն էկրաններից առաջարկեց… խփել մեր ատամներին՝ ոչ ավել, ոչ պակաս։

Նոր տարուն արդեն տասնմեկից միայն չորսս էինք աննպատակ թափառում։ Հունվարի 7-ին որոշեցինք տղաներով հավաքվել ու անելիքներս որոշել՝ եթե երկու օր անց, նախնական կալանքի հայտարարված երեսուն օրը լրանալուց հետո տղաներին բաց չթողնեն։ Ուզում էինք նաև տեղեկանալ Տիզբոնից ժամանած բարձրաստիճան հյուրերի հետ Ռաֆայել Ղազարյանի հանդիպումների արդյունքների մասին։ Չերկարացնելու համար նախազգացումներիս մասին չեմ ուզում պատմել, միայն ասեմ, որ պայմանավորված շենքին մոտենալիս Դավիթին ասացի, որ շատ տարօրինակ կլինի, եթե այսօր մեզ չձերբակալեն (խեղճ Դավիթ. ինչ զարմացած-սարսափած հայացքով վրաս նայեց, երբ զինվորները ներխուժեցին)։

Բավական երկար նստեցինք։ Եթե չեմ սխալվում, որոշեցինք հաջորդ օրը ներկայանալ սուտակե աստղերով քաղաքից ժամանած արդարադատության գեներալներին ու գնդապետներին՝ եթե երաշխավորեն մեր ազատությունը (սուրբ արկադյան միամտության, իսկ ավելի ճիշտ, անուղղելի տխմարություն)։ Մոտ ժամը 18-ին, չգիտեմ ինչ կերպ, բնակարան ներխուժեցին 6-8 մահակավոր, ոստիկանի համազգեստով զինվորներ և երևի թե նույնքան էլ մարզական համազգեստով հաղթանդամ ռուս երիտասարդներ, որոնք ամբողջ այդ ընթացքում ոչ մի անգամ չմիջամտեցին, բայց և ձեռքերը աջ գրպաններից չհանեցին։ «Հյուրերին» ղեկավարում էին ավագ լեյտենանտի ուսադիրներով մի ռուս սպա և փողկապավոր մի հայ երիտասարդ։ Ընդ որում վերջինիս պահվածքից ու կեցվածքից զգացվում էր, որ նրա չերևացող ուսադիրների աստղերն ավելի մեծ կամ գոնե ավելի շատ էին։

Սկսվեց փաստաթղթերի ստուգումը։ Սկզբում ես ներկայացրի անձնագիրս, հետո՝ մեզ ուղեկցող մյուս տղաները։ Կոմիտեի մյուս երեք անդամները հայտարարեցին, որ հետները փաստաթուղթ չունեն։ Չեմ հիշում, թե ինչ եղավ, բայց մեջս խիստ տպավորվել են փողկապավոր Հրաչիկի (այդպես էր երիտասարդի անունը) խոսքերը, տղաներից մեկը, չգիտես ինչու, սկսեց վիճել իրեն սանձարձակ պահող, ռետինե մահակը աջ ու ձախ թափահարող զինվորներից մեկի հետ, և մեր հայրենակիցը, ազգային ողբերգություն ապրող մարդու ձայնով և դեմքի համապատասխան արտահայտությամբ մեզ հանդիմանեց. «Հայ եք, չէ՞, ամոթ է»։ Բա՜:

Ինչևիցե, կարճ կապեմ։ Բոլորին վերադարձրին իրենց փաստաթղթերը՝ ինձանից բացի։ Ինձ կարգադրեցին իրենց հետևել։ Չորս հոգու ուղեկցությամբ, հարևանների կարեկցող-զարմացած հայացքների ներքո աստիճաններով իջնում էինք, երբ հևիհև մեզ հասավ մեր հայրենակիցը և գազազած դիմեց ավագ լեյտենանտին. «Գժվե՞լ եք, ինչ է, բոլորին էլ տարեք»։ Ու տարան՝ ոչ միայն կոմիտեի մյուս անդամներին ևս, այլև ներկա տասը հոգուն էլ։ Տարան Թատերական հրապարակ ու… փակեցին օպերայի շենքում։

Հիշու՞մ ես, միջին դարերի պատմության դասագրքում մեր ժամանակ մի վերատպություն էին դրել՝ «Թուրքերը Սուրբ Սոֆիայի տաճարում՝ Կոստանդնապոլսի գրավման ժամանակ»։ Դժվար է որևէ այլ համեմատություն կատարել։ Ամենուրեք կեղտ, գարշահոտություն, բարբարոսության հետևանքներ։ Չգիտեմ, ու՛մ կամքով և ինչու համար շենքի ներսում փակել էին բոլոր պետքարանները և նախապաշարմունքներից զուրկ «մեր երեխաները» սկսել էին իրենց բնական կարիքները հոգալ հենց շենքում՝ դույլերի մեջ։ Խեղճ Թամանյան, տեսնես գերեզմանի մեջ քանի անգամ է շուռ եկել։

Մոտավորապես 5-6 ժամ կանգնեցրին երկրորդ հարկ բարձրացող աստիճանների տակ։ Աշոտը, իր սկզբունքների համաձայն, սկսեց առանց ժամանակ կորցնելու բացատրական աշխատանքներ տանել զինվորների շրջանում։ Սակայն առանձնապես ծավալվել թույլ չտվեցին։ Աչալուրջ սերժանտներից մեկն ընդհատեց հանրապետության գլխավոր խորհրդարանի անդամի բոցավառ ու պերճախոս ելույթը և խնդրեց զինվորների ականջներից «լապշա չկախել»՝ պատճառաբանելով, որ հիմա բոլորն էլ «գրաճանաչ են ու, ամենակարևորը՝ բեղերով»։ Կարմիր բանակի շարքային անձնակազմի մասին տրված այս համառոտ ու համոզիչ տեղեկանքից հետո սերժանտն անցավ Ղարաբաղյան շարժման էության տեսական և քաղաքական գնահատմանը՝ պարբերաբար հղումներ կատարելով մի այնպիսի անառարկելի հեղինակությունից, ինչպիսին իրենց քաղղեկն է: Մենախոսությունն, ըստ ընդունված կարգի, սկսվեց, ընթացավ և ավարտվեց մի շարք խիստ «ինտիմ ցանկություններով»։ Խեղճ Աշոտ։ Վերջին անգամ նրա դեմքին նման արտահայտություն տեսել էի դեկտեմբերի 11-ին, երբ Օրջոնիկիձեի պողոտայում ներքին ծառայության զինվորներին փորձում էր բացատրել, որ կանանց ու երեխաների գլխին ռետինե մահակներով խփել չի կարելի։

Բանտ, ներողության, քննչական մեկուսարան տեղափոխելուց առաջ, օպերայի վառ լուսավորված ճեմասրահում առաջին անգամ զգացի խուզարկվելու հաճույքը։
Խուզարկողը ոստիկանական համազգեստով մեկ ուրիշ ռուս ավագ լեյտենանտ էր, որն իր աշխատանքը կատարում էր սեփական մասնագիտության նկատմամբ ակնածանք ունեցող մարդու ջանասիրությամբ։ Ալազանի վեպը միայն վերջերս էի կարդացել և թերևս ամենայն պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ, սոցիալիստական հասարակության հիմքերի կառուցման և վերակառուցման ժամանակաշրջանների միջև խուզարկության արվեստը մեր երկրում առանձնապես մեծ փոփոխություններ չի կրել։ Ավագ լեյտենանտի նուրբ դիտարկումները (թե ինչ են ծխում «Ղարաբաղ» կոմիտեի անդամները կամ ինչ դրամանիշերով և որտեղից են աշխատավարձ ստանում նրանք) ավարտվեցին ընդհանուր տեսական դատողություններով, թե մեր մեծահոգի պետությունն ինչքան բան կշահեր, եթե համապատասխան «կանխարգելիչ ու վիրաբուժական» միջոցները ձեռնարկվեին ոչ թե դեկտեմբերին, այլ փետրվարին։

Կեսգիշերը վաղուց էր անցել, երբ բանտի, ներողություն, քննչական մեկուսարանի փակ մեքենայով օպերայից Սովետաշեն տեղափոխեցին։ Այստեղ ևս մեկ-երկու ժամ կարանտինային խցում (տեսնում ես, որքան բաներ կան, որոնց մասին տեղյակ չես) պահելուց հետո ինչ-որ սենյակ տարան և զինվորական համազգեստով մի մայոր կարդաց քաղաքի պարետ, գեներալ-լեյտենանտ Մակաշովի հրամանը՝ հատուկ դրության և պարետային ժամի օրենքները խախտելու համար երեսուն օրով վարչական կալանքի ենթարկելու մասին։ Բնական է, բոլոր այն հարցերին, թե երբ, որտեղ և ինչ պայմաններում ենք այդ չարաբաստիկ պարետային ժամը խախտել, ինձ ոչ ոք չպատասխանեց։ Մայորը միայն վերջում խոստացավ, որ եթե մեզ լավ պահենք, ապա նշված երեսուն օրը լրանալուց հետո բաց կթողնեն։ Խցերն ուղարկելուց առաջ ամեն մեկիս մի-մի սև, կեղտոտ ու սմքած ջվալ տվեցին, որոնք, ինչպես տեղում բացատրեցին, ներքնակներ էին։ Ծածկոց, բարձ կամ սպիտակեղեն ոչ ոք չառաջարկեց։ Հազար փառք Աստծուն և մի քիչ էլ տիկնոջս, որը, հաշվի առնելով թոքերիս մշտական տհաճ աղմուկը, երկու տարի առաջ մի փառավոր մուշտակ էր գնել, առանց որի խցում դիմանալը զգալիորեն կդժվարանար: Էհ, պար մտնողը պիտի շորորա, և այս ճշմարտությունից գոտեպնդված՝ շարժվեցի դեպի իմ նոր կացարանը։

Նոր կացարանիս վրա գրված էր՝ 21։ Բավական ընդարձակ տարածք էր՝ շուրջ երեսուն քմ մակերեսով։ Կենտրոնում գետնին ամրացված սեղան ու նստարաններ կային, պատերի տակ երկաթե երկհարկանի մահճակալներ էին՝ 14 հոգու համար։ Չափավոր ջերմությունը երևի նպատակ ուներ կալանավորներին պարբերաբար հիշեցնել՝ որտեղ և ինչի համար են գտնվում։ Խուցը բավական յուրօրինակ լուսային լուծում աներ, այնքան լուսավոր չէր, որ աչքները ցավեին և այնքան թույլ չէր, որ նրա տակ քնել հնարավոր լիներ։ Սա անկախ այն բանից՝ ցերեկ էր, թե գիշեր, քանի որ խցի լուսամատի կրկնակի ճաղերն այնքան խիտ էին խփած, որ Աստծո պարգևած լույսը ոչ մի կերպ չէր կարողանում ներս թափանցել։

Առավոտյան կերակուր բերեցին։ Ոչինչ չկարողացա ուտել։ Ոչ միայն հոգեկան ալեկոծության, այլ նաև կերակրի որակի պատճառով։ Վերջինս տան կամ անգամ Երևանի հասարակական սննդի հիմնարկների արտադրանքից հետո, զզվանքից բացի որևէ այլ զգացմունք չէր առաջացնում և ոչ մի կերպ չէր նպաստում ստամոքսահյութի արտադրությանը։ Ու այդպես ամբողջ օրը։ Ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել վիճակիս այսքան կտրուկ փոփոխման հետ և պատկերացնել, որ ամբողջ երեսուն օր այստեղ եմ անցկացնելու։

Մեր հարկաբաժինը սպասարկող ամբողջ անձնակազմը ռուսներից էր բաղկացած, որոնց հատուկ բերել էր քաղաքի ահեղ պարետ Մակաշովը Աստրախանից: Կալանվածների հետ որևէ հարաբերությունների մեջ չէին մտնում, բայց զարմանքով ու հաճույքով արձանագրեցի, որ դիմում էին Դուք-ով և համարյա ոչ մի ինտիմ ցանկություն բարձրաձայն չէին հայտնում։

Հաջորդ երկու օրը համարյա ամբողջ ժամանակ քնած էի։ Ժամանակ առ ժամանակ աչքերս մեծ դժվարությամբ բացում էի, լսում խցակիցներիս դժգոհություններն ու բողոքները ու նորից քնում։ Բողոքներն ու դժգոհությունները վերաբերում էին սոցիալական արդարության ոլորտին, ի տարբերություն քրեական հանցագործների, վարչական կալանքի ենթարկվածները ծխելու, մեկ ժամանոց զբոսանքի, սպիտակեղեն կամ ծածկոցներ ստանալու իրավունք չունեին։

Հունվարի 9-ին երեկոյան կարգադրեցին իրերով դուրս գալ։ Այդ օրը լրանում էր դեկտեմբերի 10-ին բարձրագույն հրամանով կալանված թե ձերբակալված մեր տղաների 30-րդ օրը (հետաքրքիր է, չէ՞, դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որն այդքան հաջող կերպով համընկավ բարձրաստիճան հյուրի այցելության հետ)։ Տարան կիսախավար մի սենյակ, ուր մի քանի զինվորականներ ու երկու-երեք քաղաքացիական զգեստներով անձինք կային։ Զինվորականներից մեկը՝ մի մայոր, ձայնին որոշակի հանդիսավորություն տալով՝ սկսեց մի թուղթ կարդալ, որի բովանդակությունը հիմնականում հանգում էր նրան, որ հատակ գոտու պարետ գեներալը ինձ ժամկետից շուտ ազատ է արձակում։ Վերջացնելուց հետո ժպտադեմ մայորը կարգադրեց, որ ներքնակս հանձնեմ, որից հետո ազատ եմ։ Այս կտրուկ ու չնախատեսված փոփոխությունից տարակուսած ու շվարած՝ կանգնել էի, երբ մոտեցավ քաղաքացիական հագուստով անձանցից մեկը և ներկայանալով որպես ԽՍՀՄ Դատախազության քննչական խմբի անդամ, ավետեց, որ գործող օրենսդրության այսինչ-այսինչ հոդվածների համաձայն, իմ նկատմամբ քրեական գործ է հարուցված ու ցույց տվեց շրջանի դատախազի թույլտվությունը՝ ինձ նախնական կալանքի վերցնելու մասին։ Որքան հասցրի նկատել, որպես նախնական կալանքի վայր նշված էր ամենազոր կոմիտեի բանտը, ներողություն, քննչական մեկուսարանը։ Ընդհանրապես, ներկայացվող փաստաթղթերի բովանդակությունը մեծ դժվարությամբ էի յուրացնում, ոչ մի կերպ չէի կարողանում հայացքս թեքել ինձ ազատություն շնորհող զինվորականի՝ անկեղծ հրճվանք արտահայտող դեմքից։

Ներքնակն հանձնելուց ու նորն ստանալուց հետո ուրիշ հարկաբաժին տեղափոխեցին (եթե չեմ սխալվում 80-րդ խուցը), ուր արդեն քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք էին մեկուսացված։ Տեղափոխողներն արդեն հայ բանտապահներն էին, որոնք բավական երկար վիճում էին միմյանց հետ, թե որ խուցն է ավելի լավ ու տաք, որ ինձ տեղավորեն: Եթե չեմ սխալվում, անգամ որոշ մարդկանց խցից հանեցին, ինձ վտանգավոր հարևանությունից զերծ պահելու համար։

Նոր կացարանում հարևաններս երեք հոգի էին։ Մեկը մեղադրվում էր առանձնապես դաժան ձևով մարդասպանության մեջ, մյուսն սպասում էր իր հերթական՝ հինգերորդ դատին, զինված թալան կազմակերպելու մեղադրանքով, իսկ երրորդը մեղադրվում էր խոշոր չափերի պետական ունեցվածքի յուրացման մեջ։ Առանձնապես սառը չդիմավորեցին, չնայած խցի հեղինակությունը մի որոշ ժամանակ մրթմրթում էր ինչ-որ մարդկանց քմահաճույքները բավարարելու նպատակով ստեղծված պատվարժան հասարակությունները ցրելու արատավոր պրակտիկայի մասին։

Արդեն բավական ուշ էր, բայց երկար ժամանակ քնել չկարողացա։ Պատճառը ոչ միայն ցերեկը քնելն էր կամ կենցաղային պայմաններիս կտրուկ փոփոխությունը, այլ երկու ուրախ բանտարկյալները, որոնք պետք եղածից մեծ քանակությամբ ալկոհոլ կամ ուրիշ բան ընդունելու հետևանքով խիստ խոսքաշեն էին դարձել ու տևական, աշխույժ բանավեճ էին սկսել իրարից բավական հեռու գտնվող երկու խցերի միջև։ Քննարկվող հարցերի տարապատկերը բավական լայն էր. Սոչիում հանգստացող աղջիկների բարեմասնություններից մինչև վերակառուցման, դեմոկրատացման քաղաքականությունն ու բացխոսության խնդիրներ, ընդ որում ականջ էր ծակում գնահատականների հյութեղությունն ու անբռնազբոսիկությունը։

Հաջորդ օրն անցավ բուռն զրույցների ու քննարկումների մեջ։ Խցակիցներիցս երկուսն իրենց հատուկ կարծիքն ունեին Ղարաբաղյան շարժման զարգացման ուղիների ու հեռանկարների մասին, որը հիմնականում հանգում էր «Միայն զենքով կա հային փրկություն» հայտնի բանաձևին։ Առանձնապես ակտիվ էր «ազգի հերոս» կոչվելու հավակնություններ ունեցող երիտասարդը, որը մեղադրվում էր իր հարևան ադրբեջանցու սպանության մեջ։ Երևի թե երեկոյան 10-ն անց էր, երբ խցի երկաթե դռները իրենց յուրահատուկ ճռնչոցով բացվեցին և ներս մտան երկու ավտոմատավոր զինվորներ։ Բանտախցում կարևորագույն ստրատեգիական դիրքերն ամրացնելուց հետո ներս մտան երկու՞, թե՞ երեք բարձրաստիճան զինվորականներ և կաշվե-քաղաքացիական վերարկուով մի անձնավորություն։ Երևի թե ավելորդ է նշելը, որ հյուրերի մեջ ոչ մի հայ չկար։ Ազգանունս կարդացին և պահանջեցին իրերով դուրս գալ: Անհամազգեստ անձնավորությունը պահանջեց ձեռքերս միացնել և առաջ բերել, որից հետո սովոր և վարժ շարժումներով ձեռնաշղթա հագցրեց։ Կարեկցող հայացքով վրաս նայող խցակիցներս հասցրին միայն մի տուփ ծխախոտ խցկել գրպանս, չնայած գիտեին, որ չեմ ծխում։

Աջ կամ ձախ չնախատեսված որևէ քայլ գցելու լուրջ հետևանքների մասին ներքին ծառայության զորքերի գնդապետի կողմից սպառիչ տեղեկություններ ստանալուց հետո, ավտոմատավոր զինվորների պարտավորեցնող հարևանությամբ ճանապարհ ընկանք։ Շքախումբն իր ճանապարհն ընդհատեց առաջին հարկում, որի խցերից մեկում անհամազգեստավորն սկսեց առանց շտապելու խուզարկել։ Հագուստներիս ու մարմնիս առանձին մասերի բծախնդիր ուսումնասիրությունն ուղեկցվում Էր տեսական բանավեճով, որի ընթացքում Ձերժինսկու արժանի հետնորդն առաջ էր տանում պետության համբերությունն անսահման չլինելու գաղափարը։ Ինչևիցե հեռացավ առանց բարեմաղթությունների։ 10-15 րոպե սպասելուց հետո ծանոթ ավտոմատավորներս նորից եկան՝ առանց գնդապետների։ Վերջիններիս փոխարինում էր մի ամեհի շուն, որն անբացատրելի ու տարօրինակ մի հետաքրքրասիրությունից մղված՝ ցանկանում էր էլ ավելի մոտիկից ծանոթանալ հետս։ Գնդապետները բանտի, ներողություն, քննչական մեկուսարանի մուտքի մոտ էին սպասում։ Շենքի ներքին բակում անցկացրին կենդանի շղթայի միջով, որից հետո բարձրացրին զինվորական մի բեռնատար մեքենայի թափք։ Մեքենայի մեջ, երեք շարք նստարանների վրա նստած էին շուրջ 20-25 մահակավոր ու ավտոմատավոր զինվորներ։

Խիստ հուզիչ էր ինձ նստեցնելու արարողությունը։ Միջին նստարանի վրա միայն մի զինվոր թողեցին, որը մեջքով դեպի վարորդն էր նստած։ Ինձ նստեցրին անմիջապես նրա դիմաց՝ դեմ առ դեմ։ Զինվորը ոտքերս սեղմեց նստարանին, որից հետո ոտքերս ու ձեռքերով ծնկներս գրկեց: Մի ուրիշ զինվոր էլ հետևից ուսերս էր բռնել կամ, ավելի ճիշտ, պառկել էր վրաս։

Հասցրեցի նկատել, որ բեռնատարի առջևից ու հետևից զրահամեքենաներ էին գալիս։ Փորձեցի ուղեկիցներիցս իմանալ, թե ուր են տանում, բայց երբ դիմացս նստած, եսենինյան լուրթ աչքերով զինվորը մի քանի խիստ «ինտիմ ցանկություններ» հայտնելուց հետո խոստացավ հաջորդ խոսելու դեպքում գանգս փշրել, հետաքրքրասիրությունս զգալիորեն նվազեց։ Հիմա երևի կծիծաղես, բայց սկսեցի մտքումս ամենայն լրջությամբ քննարկել վատագույն ժամանակների լավագույն ավանդույթներով, հակավերակառացողական կամ հակաչգիտեմինչական գործունեության համար Սովետաշենի աղբանոցում շանսատակ արվելու հեռանկարը։

Մեքենայի մեջ մոտ մեկ ժամ ցնցվելուց հետո դժվարությամբ հրաժեշտ տվեցի Սովետաշենի աղբանոցում հուշարձան ունենալու հրապուրիչ հեռանկարին (պատկերացնում ես, չէ՞, ինչ հուշարձանախումբ կլիներ. 1905թ. Կարմիր Պրեսնյայում զոհված բոլշևիկների հուշարձանի նման և մեր հայրենակցուհիների գեղեցիկ աչքերից հեղեղի նման արցունք բերող մակագրությամբ, և այս բոլորը այրվող աղբի ծխի ֆոնի վրա)։ Դեռ չէի հասցրել մտքումս քննարկել հնարավոր մյուս տարբերակների բոլոր թեր և դեմ հանգամանքները, երբ հզոր շարժիչների ձայնից հասկացա, որ օդանավակայան են բերել։ Մեքենայից իջնելուց և ծանոթ շան գոլ շնչառությունը մեջքիցս ներքև ընկած զգայուն հատվածում անընդհատ զգալով՝ նորից կենդանի շղթայի միջով անցա, որից հետո ինքնաթիռ բարձրացրին։ Մերոնք արդեն ինքնաթիռում էին՝ Վանոն, Դավիթը, Սամսոնը և Ռաֆայել Ղազարյանը։ Արդեն հասցրել էի բոլորին կարոտել և մտքովս անցավ, որ եթե բոլորիս մի խցում տեղավորեն, ապա հենց այնպես կարելի է մի քանի տարի դիմանալ։ Անուղղելի ապուշ։

Մեզանից բացի ինքնաթիռում շուրջ 30 ուղևորներ ևս կային՝ զինվորականներ և 4-5 քաղաքացիական հագուստով անձինք (հետո իմացա, որ մեր քննիչներն էին)։ Բոլորիս նստեցրին առանձին-առանձին և գոնե Ռաֆայել Ղազարյանի ձեռնաշղթաները չհանեցին՝ հաշվի չառնելով մեր կողմից նրա տարիքի ու խորհրդային պետության նկատմամբ նրա ունեցած ավանդի մասին տրված տեղեկանքը։ Անսալով լուռ մնալու համառ պահանջներին, Ռաֆիկի հետ (առաջին անգամ Ռաֆայել Ղազարյանին պարզապես Ռաֆիկ կոչեցի՝ ազգանունով կամ անուն-հայրանունով դիմելու ժամանակ առանձնապես չկար) սկսեցինք քննարկել հնարավոր վայրէջքի վայրը։ Ինչպես պարզվեց քննարկման ընթացքում, հնարավոր քաղաքները երկուսն էին և վերջում փոխզիջման միջոցով համաձայնության եկանք. եթե մինչև հինգ տարի են տալու, ապա գերադասելի է հերոս-քաղաք Մոսկվան, իսկ եթե հինգ տարուց ավելի են տալու, ապա Ադդիս-Աբեբան էլ վատ քաղաք չէ: Հա, ևս մի մանրամասնություն։

Թռիչքի ժամանակ Ռաֆայել Ղազարյանի մեջ մի փոքր բնական կարիք առաջացավ։ Ինչ անես, ոչինչ մարդկային խորթ չէ կալանավորին, և այս մտքից գոտեպնդված՝ մեր ավագ գործընկերը հետզհետե ձայնի մեջ պողպատի բաղադրությանն ավելացնելով, սկսեց պայքարել ՆԳՄ համապատասխան կանոնադրություններով չարգելված ֆիզիոլոգիական այդ ոչ բարդ, մեծ ծախսեր չպահանջող ակտը կատարելու համար։ Ինչ խոսք, առաջին պատասխանը ազգամիջյան հաղորդակցության լեզվում առավել օգտագործվող արտահայտությանն էր՝ «Не положено»։ Կարելի է-չի կարելի հավերժական հակասության այս մասնակի դրսևորման վերաբերյալ սկզբունքային այլ կարծիք անեցող գիտնականն արդար գործի համար պայքարող մարդու համառությամբ շարունակեց և, ոչ տևական ռազմական խորհրդից հետո, ավագ սպան զինվորականներին համապատասխան կարգադրություն կատարեց։ Առանձնացված չորս զինվորներից մեկը գնաց համապատասխան գործողության համար որևէ անոթ գտնելու (մեզ հատկացված տրանսպորտային ինքնաթիռը նման քնքշությունների համար նախատեսված չէր), մյուսն ատրճանակը ձեռքին սրահի դռան մոտ կանգնեց, իսկ երկուսն էլ ուղեկցում էին արարողության գլխավոր հերոսին։ Ընդ որում, զինվորներից մեկն այնքան էր կապվել Հայաստանի գիտությունների ակադեմիայի 65-ամյա թղթակից–անդամի հետ, որ իր ձեռքն անձնազոհաբար ձեռնաշղթայով ամրացրել էր նրա ձեռքին։ Այս խիստ ինտիմ գործողությունը կոլեկտիվի օգնությամբ կատարելու գաղափարն այնքան հրապուրիչ թվաց Վանոյին, որ անմիջապես հարայ-հրոցը գցեց՝ ես էլ եմ ուզում ու վերջ։ Երևի գուշակեցիր, որ մնացած երեքս էլ գայթակղությանը չդիմացանք ու զինվորական համաչափ քայլերի ուղեկցությամբ առանձին-առանձին այցելեցինք ինքնաթիռի հետնամասը։

Երեքուկես-չորս ժամ անցնելուց հետո սկսեցի չբացառել նաև հարավ թռչելու տարբերակը։ Ուղեղս տենդագին կերպով աշխատում էր վերականգնել այն կցկտուր տեղեկությունները, որ ունեի Եթովպիայի մասին։ Ցավոք, գիտելիքներս խիստ սահմանափակ էին, եղածներն էլ բավական անմխիթար, պարբերաբար սով է լինում և իշխանության գլուխ մարքսիստներ են կանգնած (առանձնապես տրամադրության չկար այս երկու երևույթների միջև անկասկած գոյություն ունեցող դիալեկտիկական կապի մասին փիլիսոփայական խոհերի տրվելու համար՝ մի հարմար առիթով անպայման կանդրադառնամ)։ Բարեբախտաբար, կես ժամ անց ինքնաթիռը վայրէջք կատարեց և արդեն լուսամուտներից երևացող ձյանը որոշակիություն մտցրեց թռիչքի ուղղության հարցում։ Միայն հետո բացատրեցին, որ տրանսպորտային ինքնաթիռները ավելի դանդաղ են թռչում։

Ինքնաթիռը կանգ էր առել օդանավակայանի հեռավոր անկյուններից մեկում, ուր, արդեն հավուր պատշաճի, երկու բանտի մեքենաներ էին սպասում: Ինձ ու Վանոյին միասին նստեցրին։ Պահակախմբի զինվորներին ծխախոտով հյուրասիրելուց հետո թույլ տվեցին մի փոքր զրուցել։ Վանոյի հետ մեկ-երկու խոսք փոխանակելուց հետո սկսեցինք զինվորներին հարց ու փորձ անել, թե ուր են մեզ տանում։ Ինչպես պարզվեց, ռազմական այդ գաղտնիքը զինվորները գնահատել էին մեկ տուփ ծխախոտ, որն ստանալուց հետո, առանց երկար դիմադրելու հայտնեցին, որ մեզ տանում են Մատրոսսկայա Տիշինի քնարական անունով բանտը, ներողություն, քննչական մեկուսարանը։ Ճանապարհը բավական երկար էր, և նրանք սկսեցին տեղեկություններ տալ մոսկովյան նմանատիպ հիմնարկությունների մասին։ Փոքր, բայց և այնպես մխիթարություն էր այն հանգամանքը, որ մեզ ամենամռայլ հեղինակություն ունեցող մեկուսարան՝ Բուտիրկա չեն տանում։

Շուրջ երկու ժամից տեղ հասանք։ Տարբեր կարանտինային խցերում մեկ-երկու ժամ մնալուց ու երկու անգամ մասնագիտական ամենաբարձր մակարդակով խուզարկվելուց հետո մի խուց բերեցին ու փակեցին։ Միայն ես էի չորս տեղանոց մաքուր, պայծառ լուսավորված խցում, և անկողին ու սպիտակեղեն ստանալուց հետո անմիջապես քնեցի, ընդ որում վերջին մտքերս այնքան էլ տհաճ չէին, միանգամայն կարելի է ապրել։

Մեկ-երկու ժամ հետո արթնացա ռադիոյի հարայհրոցից, որը հայտնում էր, որ Մոսկվայի ժամանակով ժամը վեցն է։ Ինչ խոսք, տվյալ պահին միանգամայն կարելի էր յոլա գնալ առանց այդ կարևոր տեղեկության, մանավանդ որ քունս շատ էր տանում, բայց ռադիոն պատի միջից էր աղմկում ու սաստելու ոչ մի հնար չկար։ Համենայնդեպս, տրամադրությունս բավական բարձր էր, որը, թերևս, պայմանավորված էր Սովետաշենի հիմնարկության և ներկայիս կացարանի պայմանների մեջ եղած խիստ էական տարբերություններով։ Վերջին օրերի համար չտեսնված ախորժակով կերա մատուցված ձկնապուրը և արդեն ամբողջությամբ կապիտուլացվել էի կուշտ մարդուն պաշարող նիրհի առջև, երբ խցի դռները նորից ճռնչացին, և հերթական անգամ պահանջեցին իրերով դուրս գալ։ Գիտե՞ս, չեմ կարող ասել, թե դռան ճռինչը դուրս չէր գալիս. որքան էլ որ կարդացել ես, որքան էլ որ քեզ ուզում ես ներշնչել, միևնույն է՝ առաջին օրերին դեռ հույս անես, թե ինչ-որ բան պատահելու է ու ինչ-որ մեկը կանխելու է քո նկատմամբ թույլ տրվելիք անարդարությունը, ու դուռը ճռնչալով բացվելու է, ու քեզ ազատելու են։ Մի ծիծաղիր, այստեղ սթափ մտածելով դժվար է ապրել։

Խցից դուրս բերելուց հետո արդեն ավանդական դարձած խուզարկությունը, ձեռնաշղթաները և վերջապես վանդակաճաղերով ու համեստ երանգներով ներկված մեքենան։ Ճանապարհորդելու եմ։

Ցավոք, ճանապարհորդությունս շատ չտևեց՝ մոտ մեկ ժամ։ Ժամանման վայրը սպիտակավուն ինչ-որ շինություն էր, որի ճարտարապետական բարեմասնություններով հիանալ չհասցրեցի։ Ներս տարան ու փակեցին մի փոքրիկ խցում, որի մակերեսը հազիվ էր հերիքում մի հոգու նստելու համար (հետո իմացա, որ տվյալ բնույթի բնակտարածությունն այստեղ բոքս է կոչվում)։ Մտցրեցին ու կարծես թե մոռացան. մեկ ժամ, երկու ժամ՝ ոչ ոք չի մոտենում։ Որոշեցի հիշեցնել իմ ներկայության մասին, բայց երբ որոշումս իրականացրի, պարզվեց, որ նրանք գիտեն ոչ միայն իմ, այլև մորս մասին էլ։ Բոքսի պատերից տեղական բանահյուսության մասին որոշակի ինֆորմացիա ստանալուց հետո որոշեցի պարզել, թե հերոս քաղաքի որ մասում են որոշել ինձ տեղավորել, և հարևան խցի բնակիչը անմիջապես բավարարեց հետաքրքրասիրությունս. հյուրընկալող հիմնարկությունը կոչվում է… Բուտիրկա։

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
This entry was posted in Հոդվածներ | Articles and tagged , . Bookmark the permalink.

Comments are closed.