Քաջազնունիներ







«Գարուն», 1990թ., թիվ 10

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության անդրանիկ վարչապետ Հովհաննես Քաջազնունու դստեր` Մարգարիտա Քաջազնունու հետ:

Մարգարիտա Քաջազնունի

Հորս հայրը` պապս, պարսկահայ էր, Սալմսատից։ Թողել էին իրենց գյուղն ու եկել Ռուսաստան։ Բայց յետոյ մի օր էլ որոշել էին, որ պիտի վերադառնան Պարսկաստան, կշտացել էին արդէն։ Թաքուն պիտի անցնէին սահմանը։ Արաքսն ամռանը իջնում է, և ինչպէս պատից կախուած այս նկարում է, հնարաւոր է ձիերով կտրել-անցնել գետը։ Իրենց գիւղացիների մէջ կար Մեհրաբեան ազգանունով մի ընտանիք։ Երբ բոլորը գիշերը թաքուն անցել էին գետը՝ սայլերով, անասուններով, կահ-կարասիով… պարզուել էր, որ Մեհրաբեանների Դաւիթ անունով տղան անհետացել է։ Մայրը լացոլոծ է դրել, թէ՝ ջուրը երեխային տարաւ: Իսկ «երեխայ» կոչուածը՝ 12 տարեկան, որը «ռուսական կողմնորոշում» ունէր, պարզապէս թաքնուել էր, որ Պարսկաստան չգնայ։ Երբ արդէն քսանն անց էր, նա Թիֆլիսում անունով վաճառական էր։ Խանութ չունէր, կապալառու էր։ Սեփական տուն-տեղ, ընտանիք ունէր, Շիրվանզադէի հերոսներից՝ Սաղաթելի պէս կլուբ էր գնում։ Այդ Դաւիթն իմ պապն է։

Պապս ունէր երեք տղայ և մէկ աղջիկ։ Այդ աղջիկը՝ Սաթենիկը, մայրս է։ Պապս մինչեւ ընտանիք կազմելը գնում է Սուրամ՝ գործերով։ Այնտեղ հարցուփորձ են անում եւ իմանում, որ ամուսնացած չէ։ Ամենուր ասում են՝ Դաւիթ Եակովլելիչ, բա արդէն 25-26 տարեկան ես, ինչու՞ չես կարգւում։ Վերջը մի աղջկայ են ցոյց տալիս, պապս շատ է հաւանում, տեղնուտեղը նշանւում է։ Նալբանդի (պայտար) աղջիկ էր։ Մի խօսքով, իր մատանին մատից հանում է, դնում աղջկայ մատը։ Խոստանում է, որ որոշակի ժամանակից կգայ, հարսանիք կանեն։ Գնում է։ Սուրամում արդէն սկսում են կասկածել, որ էլ չի գայ, որ աղջկան էլ խայտառակ արեց, իր խօսքն էլ չպահեց։ Մէկ էլ հանկարծ մեծ–մեծ արկղեր են ստանում։ Պարզվում է, որ քանի որ այդ Նալբանդը աղքատ մարդ էր, մեծ ընտանիք ունէր, օժիտն ինքը՝ փեսացուն է ուղարկում՝ չլինի թէ աղջիկն անօժիտ մնայ։ Տատիս ծնողները վրացախօս էին։ Պապս իր ջահել կնոջը տանում է Ախալքալաք, որ հայերէն սովորի, հայի նիստ ու կացով շարժուի։ Այնպէս որ, տատիս առաջին երեխաները՝ քեռիներս ու մայրս, Ախալքալաքի ծնունդ են։ Իսկ այդ ժամանակ Ախալքալաքում քահանայ էր հօրս հայրը։ Նա էլ կնքում է Դաւիթի աղջկան՝ Սաթենիկին։ Այսպէս պապս դառնում է մօրս կնքահայրը։

Հայրս ու մայրս մանուկ հասակից իրար ծանօթ են եղել։ Արդէն դպրոցի վերջին տարիներին սիրահարւում են, բայց նրանց միջեւ ամունութիւնն արգելւում էր, որովհետև չհասութիւն կար. մէկի հայրը միւսի կնքահայրն էր, ուստի քոյր ու եղբայր էին։ Հայրս շատ մեծ ողբերգաթիւն է ապրում, նոյնիսկ յայտարարում է, որ եթէ եկեղեցին չպսակի, էնպես կամուսնանան։ Հօրս հայրը խնդրում է մի ուրիշ քահանայի, որ հարսանեկան ծէսը թաքուն կատարի։ Նորապսակները մեկնում են Պետերբուրգ։ Հայրս ինստիտուտ է ընդունւում։ Այդ ժամանակ զրպարտիչները կաթողիկոսին գրում են, թէ քահանայ Յովհաննէս Քաջազնունին իր զաւակին ամուսնացրել է Սաթենիկ Միրիմանովայի հետ, և մէջտեղ չհասութիւն կայ։

Կաթողիկոսը կանչում է պապիս եւ բացատրութիւն պահանջում։ Պապս արդարանում է, որ եթէ ինքը եկեղեցով նրանց չամուսնացնէր, նրանք անօրէն կապի մէջ կմտնէին, աւելի մեծ մեղքի մէջ կընկնէին։ Կաթողիկոսը ներում է եւ պապիս վրայ ոչ մի տոյժ չի դնում։

Ի դէպ, հօրական պապիս անունը Մաթեւոս էր։ Քահանայ ձեռնադրուելիս Մաթեւոսը փոխուեց Յովհաննէսի, Իգիթխանեան ազգանունն էլ, երբ որ կաթողիկոսն առաջարկեց տոհմիկ ազգանուն վերցնել, պապս թարգմանեց, ու դարձաւ Քաջազնունի։ Այնպէս որ, Քաջազնունի ազգանունը պապիս թարգմանութիւնն է, իր եղբօր ազգանունն էլ փոխեց դարձրեց Քաջազնունի։

— Կխնդրէինք, որ պատմէիք ձեր եղբայրների մասին։

— Չորս եղբայր եմ ունեցել եւ մի քոյր։

Հայրս մի պատմուածք է գրել, որտեղ Արամ անունով հերոսը գնում է կամաւոր։ Ա՛յ, այդ Արամն իմ եղբայրն է։ Մեծը։ Շատ ամուր բնաւորութիւն ունէր։ Սովորում էր Թիֆլիսի առեւտրական ուսումնարանում։ Երբ սկսուեց կամաւորական շարժումը, արդէն վերջին դասարանում էր. տասնմէկ տարուայ դասընթացով դպրոց էր։ Ուզում էր ուսումը թողնել, գնալ կամաւոր։ Հայրս խորհուրդ տուեց, որ աւարտելուց յետոյ գնայ, և համոզեց։ Հայրս ինքը տարաւ զինկոմ, խնդրեց, ուր ընդունեն։ Ընդունեցին։ Դարձաւ կամաւոր։ Հասաւ մինչեւ Էրզրում։ Երբ զօրացրուեց, վերադարձաւ, էլի տարիքը չէր ներում, որ զինուորագրուի, գնաց Սիբիրի Տոմսկ քաղաքը և ընդունւեց բարձրագոյն դպրոց։ Այստեղից արդէն զօրակոչուեց սովորական ձեւով եւ աւարտեց պրապորշչիկների դպրոց։ Յետոյ, երբ եկաւ Հայաստան, Անդրկովկասեան սեյմի ժամանակ մնաց Հայաստանում։ Արամը զոհուեց Զանգիբասարի կռիւների ժամանակ։ 1920 թ. յունիսի 19-ին։

Ահա թէ ինչպէս էր դա պատահել։ Պէտք է անցնէին գետը։ Այնքան խիզախ էր, որ չէր համբերել ու առաջ էր ընկել։ Դեռ գետի մէջ՝ մի գնդակ էր հասել։

— Արամը մասնակցե՞լ է Սարդարապատի ճակատամարտին։

— Չէ՛, այնտեղ կռուել է Աշոտ եղբայրս։ 1915թ. Արամը կռուել է կամաւորական ջոկատներում, ասացի, հասել է մինչեւ Էրզրում, իսկ Աշոտ եղբայրս Ղարաքիլիսայի կռիւներում է զոհուել 1918 թուականին։

Չորս եղբայր եմ ունեցել, որոնցից երեքը զոհուել են մարտի դաշտում։

Աշոտ եւ Ռուբէն եղբայրներս երկուորեակ էին։ Ղարսի կռիւնների ժամանակ Ռուբէնը գերի ընկաւ։ 1920 թուին էր, դատապարտեցւին 100 տարուայ կալանքի։ Վարորդ էր, եւ Կարա-Բեքիր փաշան նրան իրեն վարորդ է վերցնում։ Օգնականն էլ ֆրանսահայ էր՝ Ժան Ջանիգոզեան։ Ռուբէնը համոզում է Ժանին, որ փախչեն գլխաւոր հրամանատարի մեքենայով, գնան Հայաստան։ Փախչում են, բայց 18 կմ-ի վրայ բռնւում են՝ սահմանին չհասած։ Զինուորական դատարանը երկուսին էլ դատապարտում է գնդակահարութեան։ Քանի որ Ժանը ֆրանսահպատակ էր, բողոքում է։ Նրան չեն գնդակահարում։ Ապա կարդում են եղբորս ազգանունը եւ իմանում են, որ Քաջազնունու տղան է։ Կարա-Բեքիր փաշան եղբորս Քաջազնունու որդին լինելու համար ներում է շնորհում, գնդակահարութիւնը փոխում 100 տարուայ բանտարկութեան։ Շղթայակապ տանում են բանտ։

Ռուսական զօրքը հեռանալիս շատ սարքեր էր թողել, նոյնիսկ՝ էլեկտրակայան։ Ոչ էլ աւերել էին, թողել էին Թուրքիային։ Ռուբէնի ընկերները ինժեներներ էին, որպէս գերի նրանց աշխատեցնում էին։ Նրանք իմանում են, որ իրենց մի ընկերը բանտում է և թուրքերին ասում են՝ ա՛յ, նա ուստայ է, ամէն բան գիտի։ Այդ ամեն բան իմացողը Ռուբէն եղբայրս էր, որ վարորդ էր և կինոմեխանիկ։ Լսելով, որ «ամէն բան գիտի», եղբօրս բանտից հանում են աշխատելու։ Երկու տարի էր նստել թուրքական բանտում։ Երբ որ Քեմալի հետ լեզու գտան, գերիների փոխանակում եղաւ, եղբայրս էլ փոխանակուեց։ 1958 թ. զօհուեց աւտօվթարից։
Չորրորդ՝ ամենափոքր եղբայրս՝ Կարէնը, Մոսկույում էր ապրում։ Չնայած զինծառայութիւնից ազատուած էր (թոքախտով էր տառապում), բայց 1941 թ., երբ Մոսկուան ընկաւ պաշարման մէջ, կամաւոր մեկնեց բանակ։ Մի անգամ ամբողջ զօրամասը շրջապատման մէջ է ընկնում, բոլորին կոտորում են։ Նա էլ է զոհւում։

Քույրս բժշկուհի էր։ Մեր ամբողջ այս անցուդարձին ամենաքիչը նա էր հաղորդակից։ Մահացաւ 1975 թ.։ Մեր ընտանիքում միայն կանայք են իրենց մահով հեռացել… Մայրս էլ 1962 թ. է մահացել:

— Ձեր հայրը պէտք է որ յուշեր ունենայ գրած, ի՞նչ եղան դրանք։

— Թերեւս, 1934 թ. էր, հօրս հետ պայմանագիր կնքեցին, ըստ որի Թումանեանի մասին յուշեր պիտի գրէր։ Հայրս եւ Թումանեանն անձնական մտերմութիւն ունէին։ Ես չեմ յիշում, թէ պայմանագիրն ում հետ էր կնքուած։ Ես դէմ էի, յորդորում էի, որ չգրի, մտածում էի, որ եթէ ամէն ինչ գրի, հազար մարդու վնաս կհասնի։ Նա չառարկեց, բայց, միեւնոյն է, գրեց այդ յուշերը։ Եւ խստօրէն պահանջեց հրատարակելու դէպքում առանց իր գիտութեան ոչ մի ուղղում, փոփոխութիւն կամ կրճատում չանել։ Այնտեղ կային յիշողութիւններ թէ Թումանեանի, թէ Տէրեանի, թէ Նիկոլ Աղբալեանի մասին…

1941 թ. ես արդէն աշխատում էի Պետհրատում։ Մի անգամ ինձ մօտ եկաւ Թումանեանի. երկրորդ դուստրը, Նուարդը։ Ասաց՝ գիտե՞ս, որ հայրիկիդ յիշողութիւնները չեն հրատարակուելու, բայց մենք կպահենք։

— Իսկ 30-ական թուականներին ովքե՞ր էին այցելում ձեր հօրը։

— Շատ քչերը։ Ամենամօտը Գրիգոր Սաղեանն էր` Խանջեանի անձնական բժիշկը։ Մի անգամ եղել են Ստեփան Զօրեանն ու Դերենիկ Դեմիրճեանը։

— Իսկ ի՞նչ կպատմէք ձեր հօր ձերբակալութեան մասին։

— Ձերբակալութեան պահին մենք ներկայ չենք եղել։ Ստեփանաւանում էր, ամառանոցում։ Մենք՝ ես ու մայրս, Երեւանում էինք։ Հօրս Ստեփանաւանում ձերբակալելու գիշերը մեր տունը Երեւանում խուզարկեցին։ Մինչեւ առաւօտեան ութն ամբողջ տունը շուռումուռ տուեցին։

1938 թուին էր, յուլիսի 28-ին…

— Ի՞նչ մեղադրանքով դատեցին։

— Ձգիտեմ։ Գրաւոր էլ դիմեցինք, չյայտնեցին։ Նոյն օրը ձերբակալել են նաել Սաղեանին։ Սաղեանն էլ էր Ստեփանաւանում հանգստանում։

— Ինքը սպասու՞մ էր նման բանի։

— Վերջին աշխատավայրը կոմունալ տնտեսութեան կոմիսարիատն էր. հիմնարկութիւնում նրա հետ շատ յարգալից էին վերաբերւում, թերթերում հակառակը՝ անողոք։ Ասենք, մի ինչ-որ հոսանք էր լինում։ Օրինակ, կոնդրատիշչինա, թերթերն իսկոյն գրում էին, թէ Յովհաննէս Քաջազնունին կոնդրատիշչինայով է տարուած։ Փորձեցէք նայել մանաւանդ 1925 թ. թերթերը։ Զանազան հոսանքներ են յիշատակւում, եւ տրւում են ցուցակներ, թէ ովքեր են այդ հոսանքների մէջ։ Քաջազնունի ազգանունը շատ յաճախ է հանդիպում։

— Իսկ 1925-ին որտե՞ղ էր աշխատում։

— «Հայբամբակ» տրեստում, ճարտարապետ-ինժեներ էր, կառուցում էին բամբակի վերամշակման գործարաններ և բամբակագործական բանուորական աւաններ։ Որպէս մասնագէտ, նրան շատ բարձր էին գնահատում։ Յետոյ Պետպլանում էր աշխատում, որպէս ճարտարապետ։ Տանը մի նկար կայ՝ հայրս Պետպլանի աշխատողների հետ։

1924թ. դեկտեմբերին, երբ նա վերադարձավ, մենք ապրում էինք Թիֆլիսում։ Ապրում էինք խղճուկ սենեակում։ Մեզ, որպէս վտանգաւոր «տարրերի», շատ էին նեղում։ Շատով երեւացին «Զարյա վոստոկա»–ի թղթակիցները, յետոյ «Մարտակոչի» թղթակիցը եկաւ, թէ հարցազրոյց է ուզում անել։ Հայրս ոչինչ չասաց, յայտնեց, որ նոր է եկել արտասահմանից և ոչինչ չգիտի։ Ուզում էին «խորհրդային դրախտի» մասին տպաւորաթիւններ կորզել։ Այդպէս էլ ոչ մի անգամ քաղաքական ոչ մի ելոյթ չունեցաւ։

Երբ նա վերադարձաւ, ես շատ էի անհանգստանում, որ մի բան կպատահի, իրենից էլ շատ էի անհանգստանում։ Մտածում էի, որ սւելի լաւ չէ՞ր լինի վերադարձած չլինէր։ Իր մտքով անգամ չէր էլ անցնում հեռանալ։ Մի անգամ նոյնիսկ ասաց՝ եթէ իմանայի, որ գալուս յաջորդ օրը պիտի ձերբակալեն, սպանեն, էլի կգայի։ Մի անգամ էլ հօրս հարցրի, այդքան երկրներում ես եղել, ո՞ր քաղաքն էս ամէնից շատ հաւանել, նա շատ հանգիստ ասաց՝ Երեւանը։

Թումանեանի մասին յուշերից յետոյ, Պետհրատի հետ պայմանագիր կնքեց 30 մամուլի ծաւալով յուշեր գրելու համար։ Այս անգամ ես ուղղակի ըմբոստացայ. նրա ճշմարտութիւնը կկործանէր ոչ միայն իրեն, այլեւ շատերին։ 25 տոկոս կանխավճար էին տուել։ Յետոյ, երբ ես ուսումնասիրում էի նրա թղթերը, մի գրութիւն գտայ, ըստ որի հայրս կանխավճարը ետ էր վերադարձրել, չէր գրել ուրեմն։

— Նամակագրական կապեր ունէ՞ր արտասահմանի հետ։

— Չգիտեմ։ Դեռ ցարական կառավարաթեան ժամանակ նա ընդյատակեայ գործիչ էր։ Նոյնիսկ 1918, 1919, 1920, 1921 թուերի դեպքերի մասին մեր տանը ոչինչ չգիտէինք։ Ցարի ժամանակ մենք ամէն րոպէ խուզարկու ժանդարմների էինք սպասում։ Մանկութիւնից մնացած շատ դառը յիշողութիւն է, թէ ինչպէս էին ժանդարմները գիշերով խուզարկում մեր տունը։

— Նրա բացակայութեան ժամանակ դուք ապրելու միջոցներ ունէի՞ք։

— Բաւականին սուղ։ Իհարկէ, ամէն ինչ յարաբերական է…

— Չէ՞ք փորձել դիմել՝ արդարացնելու նրան։

— Հիմա, երբ յետադարձ հայեացք եմ գցում անցեալի անցքերի վրայ, ինձ թւում է, թէ կարիք չկայ էլ։ Եթէ գտնում են, որ սխալ են եղել՝ հօրս գնդակահարելով, իրենք պէտք է յայտնեն իրենց սխալի մասին, և ոչ թէ մուրանք մեր արդարութիւնը։ Մի անգամ, փողոցում հանդիպեցի ինժեներ Զարգարեանին։ Նա հարցրեց, թէ արդէօ՞ք ես Մարգո Քաջազնունի՞ն եմ։ 37-ին Զարգարեանին էլ էին տարել, բայց չէին գնդակահարել, վերադարձել էր։ Հարցրեց, թէ ինչու դիմում չեմ տալիս հօրս արդարացնելու համար։ Նա ինձ համոզեց։ Ներքուստ մտածում էի, որ արածս ձեւականութիւն է, բայց այնուամենայնիւ, պատրաստեցի դիմումը։ Դիմումը ձեւակերպել էր յայտնի իրաւաբան Գրիգոր Չուբարը, նրան էլ բաժին էր հասել այն դաժան տարիներից, բայց դիմացել էր։ Որոշ ժամանակ անց պատասխան ստացանք՝ թէ՝ «Վաշա պրոսբա օտկլանենա…

Յետոյ ինձ մօտեցաւ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտից մի աշխատակից և յայտնեց, որ դիմումն իր մօտ է եղել։ Ինքը դրական կարծիք է յայտնել այդ առթիւ, բայց ընդհանուր նիստի ժամանակ դէմ են եղել արդարացմանը։ Հարցրեցի, թէ ո՞վ էր դէմ, անունը չասաց, ասաց՝ մի մեծ մարդ։

— Դուք գիտէ՞ք ձեր հօր գնդակահարման օրը։

— Ես նոյնիսկ լրիւ համոզուած էլ չեմ՝ գնդակահարե՞լ են նրան, թէ՞ ոչ։ Քանի անգամ ենք հարցում արել, պատասխանեցին՝ Սրոկոմ նա դեսյատ լետ՝ բեզ պրաւա նա պերեպիսկու…

— Ե՞րբ այլեւս ծանրոց չընդունեցին բանտում։

— 7-ի դեկտեմբերին։ Երկու օր ու գիշեր հերթ կանգնեցի բանտում, չընդունեցին։ Մի ահաւոր խառնաշփոթ էր։ Հաւաքուած ժողովուրդը ներս խուժեց, ներսում կարմիր ներկած սանդուղքներ կային, բարձրացանք երկրորդ հարկ։ Այնտեղից «սապոգներով» մարդիկ դուրս եկան ու սկսեցին քացիներով խփել մարդկանց փորերին։ Ես կարողացա ընկնել բանտի պետի մօտ։ Հիւանդանոցում նայել էիք խցիկներում նայել էի՝ «նետ» ու «նետ»։ Այդտեղ էին բանտի պետն ու երկու-երեք անծանօթներ։ Պետը սենեակում ետ ու առաջ էր անում ու շատ էլ յուզուած էր երեւում։ Ասաց՝ սրոկոմ նա դեսյատ… Ես էլ մեխանիկօրէն ասացի՝ սպասիբո… Այդ ժամանակ հասկացայ, որ նրան սպանել են։

Յովհաննէս Քաջազնունու վերջին օրերից

Մօտ երկու տարի առաջ հարեւանցիօրէն սփիիւռքահայ մամուլի մէջ կարդացել եմ Յովհ. Քաջազնունու բանտարկութեանն ու մահուանը վերաբերող տեղեկութիւններ, ըստ որոնց, իբր թէ 1938 թ. մայիսի 28-ին Քաջազնունին աշխատանքի չի գնացել, իջել է Զանգուի ձորը, առանձնութեան ու տրտմաթեան մէջ տօնել Հայաստանի Անկախութեան տարեդարձը, և Էնկավէդէն իմանալով այդ, բանտարկել է նրան ու ոչնչացրել։

Որպէս ականատեսի յայտարարում եմ, որ վերոյիշեալ բոլոր տուեալները, ինչպէս եւ Քաջազնունու բանտարկութեան պատճառներն ու թուականը չեն համապատասխանում իրականութէան։

Յովհ. Քաջազնունին բանտարկուել է ոչ թէ 1938 թ. մայիսի 28-ին կամ դրանից քիչ յետոյ, այլ 1937 թ. հոկտեմբերի սկզբին, ընդհանրական մարդամթերման հէնց առաջին օրերին։

Այդ նոյն սեւ ու մռայլ օրերին էր, որ Երեւանի Էնկավէդէի տանջարանում քննիչ-էնկավէդականը, գործագրութեան մէջ դնելով իր վերջին ուժն ու կարողութիւնը, ջարդուփշուր էր անում ոսկորսներս եւ պահանջում «խոստովանել» ինձ վերագրուող հրէշային մեղադրանքները։ Իսկ երբ ոսկորսներիս ջարդն էլ չտուեց սպասուած արդիւնքը, քննիչը պահակներին հրամայում է.

— Քարշ տուէք այդ շանսատակը եւ նետեցէք 17-րդ խցիկը։

Երկու ռուս պահակներ բարեխղճօրէն իրենց թեւերի վրայ են առնում իմ քյուֆթացու դարձած մարմինը եւ տանում պառկեցնում 17-րդ խցիկում։

Ներսի անտանելիօրէն ծանր օդի՞ց արդէօք, թէ ինչ-ինչ այլ պատճառներից, ես անմիջապէս ուշագնաց եմ լինում։ Շատ է անցնում, թէ քիչ, չեմ իմանում, աչքերս բաց եմ անում ճակատիս շփուող մի կենարար ու հաճելի զովութիւնից։ Կողքիս նստած է մի համակրելի եւ բարի ծերունի, որը թաց լաթով շփում է ճակատս ու մրմնջում ծնողի նման.

— Վնաս չունի, զավակս, կանցնի…

Պտոյտի ժամանակ, որն այդ բանտում հինգ րոպէ տեւողութիւն միայն ունի, ծերունին դուրս է գնում։ Ինձ հետ խցիկում մնում է մէկ ուրիշը եւս, որը նոյնպէս տեղից շարժուել չի կարողանում։ Բախտակիցս Վահան Մարտեանն է (Մարտիրոսեանը), որը յայտնի գրական քննադատ էր։ Նա մի ուշագրաւ գեղեցկութեան տէր երիտասարդ էր, նախկին որբ, որի արտակարգ պայծառամտութիւնը, համեստութիւնն ու վառ հայրենասիրութիւնը մշտապէս անջնջելի պիտի մնան յիշողոլթեանս մէջ։

«Ո՞վ էր այդ ինձ խնամող ծերունին»,– հարցնում եմ Մարտեանին։

— Յովհաննէս Քաջազնունին, Հայաստանի նախկին վարչապետը, մի՞թէ չէք ճանաչում,— պատասխանում է նա, իրաւ զարմացած նրա համար, որ ես չեմ ճանաչում Քաջազնունուն։
Քիչ անց վերադառնում է ծերունին, եւ երբ իմանում է ազգանունս, սկսում է հարցերի տարափ տեղալ գլխիս։ Նա հետաքրքուամ է բազմաթիւ անուներով, յատկապէս հարցուփորձում է ինձ հայրիկիս համար, որն ինձնից առաջ արդէն կուլ էր գնացել էնկավէդէի զանգուածակուլ երախին։

Շուտով մտերմանում եմ Քաջազնունու հետ և յարմար պահերին զրուցում որոշ քաղաքական հարցերի մասին։ Երբ որ ծեծուածքներս մի քիչ կազդուրում են, եւ կարողանում եմ առանց ուրիշի օգնութեան ոտքի կանգնել, ինձ տեղափոխում են Երեւանի ընդհանուր բանտը։

Քաջազնունուց, ինչպէս և Մարտեանից բաժանուեցի խորին կսկիծով ու գալիք աղէտների մի չարագուշակ նախազգացումով։ Տասն օր էի մնացել միայն նրանց մօտ։ Քաջազնունուն տակաւին քննութեան չէին կանչել։ Այդ նշանակում էր, որ ծերունին յետագայում պիտի ենթարկուէր իրեն սպասող տանջանքներին։ Ահա, այդ էր ինձ տառապանք պատճառողը։

1938 թ. սեպտեմբեր։ Գտնւում եմ Տաշքէնդից 60 կմ հեռաւորութեան վրայ եղած Բուխտա-Արալ սովխօզի «Աշխատանքային ճամբարի» 3-րդ բաժանմունքում։ Այս վիթխարի տաժանավայրը մէկ մասնիկն է ահռելի Սալագի (Սրէդնէ-ազիատսկիյ լագեր— Միջինսաիական համկենտ. ճամբար)։ Այստեղ պատահում եմ իմ վաղեմի մտերիմներից մէկին՝ քանաքեռցի յայտնի թառ նուագող Գարիկին, որը նոյն թուի դեկտեմբերին մահացաւ գերծանր տաժանակրութիւնից:

Չմոռանամ ասել, որ 3-րդ ճամբարի կալանաւորների մեծամասնութիւնը հայեր են։ Աշխատում ենք օրն ի բուն, աշխատում ենք ուշաթափ լինելու աստիճան։

Հոկտեմբերին մէկ անգամ ջրհեղեղի նման յորդ անձրեւ է տեղում, որը հազուագիւտ երեւոյթ է Միջին Ասիայի համար։ Անձրեւի պատճառով աշխատանքները դադարեցւում են։ Ուրախ ենք դրա համար։ Այո, տաժանակրության մէջ էլ են պատահում ուրախ պահեր, յարաբերական ուրախութեան առիթներ, եւ ահա այդպիսի յարաբերական մէկ զուարթութիւն է բերում մեզ անձրեւի հետ կապուած «ազատութիւնը»։

Հաւաքուել ենք փայտաշէն տաղաւարների մէջ ու զրուցում ենք։ Խօսում է Գարիկը։ Պարզւում է, որ 1938 թ. յունուարին նա Երեւանում եղել է Քաջազնունու մօտ, 17-րդ խցիկում։ Նա պատմում է զառամեալ վարչապետի կրած աննկարագրելի տանջանքների մասին։ Նրա պատմածից պարզւում է հետեւեալը։

Էնկավէդէն Քաջազնունուն մեղադրում է «լրտեսութեան» մէջ, պնդում, որ նա «գողացել է ինչ-որ նոր գծագիր» եւ փորձել է այն տրամադրել «օտար ու թշնամի պետութիւնների» եւ այլ հրէշային ստեր… Որպէսզի ստիպուի «խոստովանել» իր արարքները, Քաջազնունին ենթարկւում է աներելակայելի տանջանքների։ Էնկավէդէն ստիպում է նրան օրեր շարունակ ոտքի վրա կանգնած անընդհատ նայել 500 մոմանոց էլեկտրական լապտերին։ Այդ բարբարասութեան հետեւանքը լինում է այն, որ խեղճ ծերունին ամբողջովին կուրանում է, ոտները բորբոքւում են եւ խարխլած մարմինը տապալւում է գետին…

— Վե՞րջը, իսկ վերջը ի՞նչ եղաւ,— հազիւ արցունքները զսպելով հարցնում են բոլորը, երբ Գարիկը լռում է։

— «Վե՞րջը»,– խորհրդաւոր ու թախծոտ կրկնում է կալանաւոր Մ.–ն, որը լաւ ծանօթ է բոլոր այդպիսի «վերջ»–երին,— մի՞թէ ձէզ յայտնի չէ վերջը։ Նման քայքայուած ու կուրացած ծերաւնիներն այլեւս պէտք չեն «սոցիալիզմի շինարարութեան» համար։ Էնկավէդէն իր ներքնահարկում մէկ էլեկտրական հրէշամեքենայ ունի, որով այդպիսի «աւելորդ ու անպէտք» ծերունիները կամ հիւանդները վայրկենապէս ոչնչացւում եւ ապա կորչում են անյայտ փոսերի մէջ։

Այնտեղ ահա, Երեւանի էնկավէդէի բանտի ներքնահարկի այս փոսերից մէկումն էլ անյայտ կորաւ Քաջազնունին 1938 թ. յունուարին։

Վ. ԼԱՍԱՐՕ
«Հայաստան» 1951, 8 դեկտեմբերի, Շտուտգարտ

… Քանի մարդ մեր ընտանիքից այդպէս զոհւել էին, բայց գերեզման չունէին։ Երբ վթարից զոհւած Ռուբէն եղբօրս համար քար էինք պատուիրում, վճռեցինք որ այդ քարին հօրս անունն էլ պէտք է լինի։ Գնացի Թոխմախ-գեոլի գերեզմանատան վարիչի մօտ, խնդրեցի, նա էլ կիսագրագէտ մարդ էր, ասաց՝ ինչքան մարդու անուն ուզում էք, գրէք։ Եւ այսպէս գրեցի՝ Քաջազնունիներ, անուններն ու 1918 թ., 1920 թ., 1917 թ., 1941 թ., 1953 թ… Ճարտարապետ Լիպարիտ Սադոյեանն էլ ձեւակերպեց։ Ես էլ մի միտք յղացայ՝ տապանաքարին գրել. «Կեանք իմացեալ՝ անմահութիւն է, կեանք ոչ իմացեալ մահ է»։ Բայց չգրեցինք։

Մի անգամ փողոցում հանդիպեցի Հրաչիկ Գրիգորեանին՝ եկեղեցիների կոմիտէում էր աշխատում, հարցրեց, թէ այդ ի՞նչ էք սարքել գերեզմանատանը։ Ես ասացի, որ ոչինչ անհանգստանալու բան, գրել եմ մերոնց ծննդեան եւ մահուան թուերն ու անունները, իսկ ինքը հարցրեց, թէ ուրիշ մակագրութիւն չկա՞յ։ Իմ չարած մակագրութեան մասին էր խօսքը։

… Հայրս սիրահար էր գրականութեան։ Լաւ գիրքը նրա համար ամէն ինչ էր։ Դեռ աշակերտ ժամանակուանից նրա կուռքը Շեքսպիրն էր։ Նամակներում անգամ գրում էր այդ մասին։ Մի անգամ Պետերբուրգից գրել է, թէ այնտեղ մենակ չէ. մի շուն ունի հարեւանը, որը միշտ այցելում է իրեն, եւ մի անբաժան ընկեր ունի, որը Շեքսպիրն է։

Ցաւում եմ, որ հօրս հետ երկար չեմ ապրել, ցարի ժամանակ նա յեղափոխական գործերով էր զբաղւում, տանը գրեթէ չէր լինում, հանրապետաթեան ժամանակ վարչապետ էր, յետոյ ուրիշ յանձնարարութիւններ ունէր, երեսը գրեթէ չէինք տեսնում, դրանից յետոյ արտասահման, վերադարձ ու ձերբակալութիին։

Հարցազրույցը վարեց Վահան Իշխանյանը

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
This entry was posted in Հոդվածներ | Articles and tagged , , . Bookmark the permalink.

Comments are closed.