Մոմ և փամփուշտ







«Գարուն», 1993թ., թիվ 9

1988թ. փետրվարին սկսված արցախյան շարժումը թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում ընկալվեց որպես պատմական անարդարությունն ուղղելու մի փորձ, իսկ տասնամյակներ առաջ գործված այդ անարդարությանն էլ երբ գումարվեց նորօրյա Սամգայիթը, արագորեն ձևավորվեց զոհի ավանդական կերպարը, և հայության երկու հատվածների վերամիավորման քաղաքական պահանջը մեր գիտակցության մեջ արտացոլվեց մերկացած յաթաղանով ջարդարարից սարսափահար դեպ մոր գիրկը նետվող մանկան տեսքով։ Մայրը ձեռքերը պարզել էր իր կողմը վազող մանկանը, իսկ աշխարհին ուղղված հայացքը գութ էր աղերսում։

Մոր և մանկան այս պատկերն ենք գտնում այն օրերին ստեղծված բոլոր ժանրերում՝ հրապարակախոսական հոդվածներ և գծանկարներ, բանաստեղծություններ և երգեր։ Մանկան ճիչը մոր միջոցով աշխարհին լսելի դարձնելը վերածվեց գործելակերպի, և մեծ տերություններին ու աշխարհում բարի կամքի տեր համարվող մարդկանց ուղղվեցին մեր ընդունած որոշումների և պատմական վավերագրերի պատճենները, բաց նամակները։ Նման մտայնության վերջին հուսահատ փորձը դարձավ 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ նիստում Արցախի և Հայաստանի Հանրապետության վերամիավորումը։

Քաղաքական այս դեգերումներն ավարտվեցին 1991 թ. ամռանը, երբ դեպքերի սրընթաց զարգացումը վկայեց, թե երբեմնի հզոր տերության փլուզումից հետո Լաչինով կտրված Արցախը մնալու է Ադրբեջանի լիակատար շրջափակման մեջ՝ կանգնելով ճակատագրական երկընտրանքի առջև, կամ ընդունել խաղաղ համակերպումի և հնազանդության ճանապարհը՝ արժանանալով հայաթափման նախիջևանյան տարբերակին, կամ էլ սեփական արյամբ ջնջել պատմական անարդարաթյուն կոչվածի գծած սահմանները։ Ժողովուրդն ընտրեց երկրորդ ճանապարհը՝ հավաստելով իր անկախ լինելիության աներեր կամքը, և 1991թ. սեպտեմբերի երկուսին ծնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Այն ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական առումով բեկումնային եղավ, արցախահայությանը պատմության զոհից վերածելով այսօր իր պատմությունը կերտող հավաքական միաձույլ մի բանակի։ Յաթաղանի առջևից փախչող երեկվա անօգնական մանուկը դարձավ հակատանկային նռնականետով թշնամու զրահատեխնիկային ընդառաջ գնացող հայրենիքի զինվոր։ Մայրական ճիչի փոխարեն նա աշխարհին լսելի դարձրեց հակառակորդի յուրաքանչյուր հարվածին տված իր պատասխանի արձագանքը, հավաստելով այն իրողությունը, թե երկրամասի վրա բարձրացվող յաթաղանը բումերանգի նման կհարվածի բարձրացնողի գլխին։ Զոհ լինելուց արդեն հոգնած ժողովուրդը զենք վերցրեց, որ էլ երբեք ակոսը նետվող ցորենի հատիկին չխառնվի հայ հողագործի թափվող արյունը, և սկսվեց պատերազմը…

1991 թ. աշնանը ժողովուրդն արդեն տարուբեր էր լինում հացի պակասության, սպասվող ծանր ձմռան հոգսերի և ծավալվող կռվի միջև։ Անհատապես յուրաքանչյուրը մտածում էր ալյուրի մասին՝ աչքի առջև ունենալով մեր օրերում վերստին մարմնավորվող սովի սպառնալիքը, իսկ հավաքականորեն բոլորի մտահոգությունը փամփուշտն էր, որովհետև զգում էին հնարավոր մոտալուտ վերադարձը անցյալի խորշերից մեկում բանտված ջարդի ուրվականի։ Թեև ամեն գյուղ արդեն ուներ իր ինքնապաշտպանական ջոկատը, իսկ երկրամասի սահմաններն էլ աստիճանաբար ռազմաճակատի գծի էին վերածվում, սակայն շատերի համար դեռևս անպատկերացնելի էր, թե վերջին օրերն է ապրում իր բոլոր քաղաքացիների կյանքի երաշխավոր համարվող երբեմնի հզոր կայսրությունը և թե շուտով հենց կյանքի հետագա ընթացքը որոշվելու է ոչ թե միութենական օրենքներով և ընդունված միջազգային չափանիշներով, այլ համազգային ինքնապաշտպանությամբ։

Դժվար, շատ դժվար էր միասնական մեծ երկրի քաղաքացուց դառնալ Լաչինով անջրպետված երկրամասում շրջափակման մեջ գտնվող զինվոր։ Երբ զինվորներն են ընկնում թշնամու շրջապատման մեջ և չեն հանձնվում, նրանք պատվով մեռնում են, իսկ երբ ողջ ժողովուրդն է հայտնվում այդ նույն շրջապատման մեջ և չի հանձնվում, նա հաղթանակելով ապրում է՝ ճեղքելով պատմության գծած շրջափակումը, և ժողովուրդը նախ հոգեբանորեն պետք է պատրաստվեր գալիք փորձություններին։

Հնուց եկող իմաստությանն ասում է, որ սպասվող հոգեբանական մեծ հեղաբեկումները և ցնցումները նախ խենթերի ու խելագարների վրա են ազդում։ Առաջինը նրանք են զգում և բոլորին լսելի դարձնում օրվա հրամայականից ծնվող ճշմարտությունները։ Պատերազմի առաջին իսկ հարվածներից կյանքը հոգս դարձավ, իսկ ապրելը՝ կռվել, և երբ Գանձասարի հովանու ներքո տարածվող Խաչենագետի հովտում գտնվող գյուղերում իջնում էին ուղղաթիռները՝ կյանքի և ապավինումի մի բարակ կամուրջ կապելով Մայր երկրից դեպ Արցախ, ծանրածանր այդ օրերին մի կին էր շրջում այդ ձորակի գյուղերում։ Ամիսներ առաջ հակառակորդը մոտակա դաշտից առևանգելով՝ անպատվել և տանջամահ էր արել նրա աղջկան։ Որդին գնացել էր վրեժ լուծելու և ինքն էլ էր զոհվել, իսկ մայրը խելագարվել էր, և, ցնորվածներին բնորոշ սևեռվածությամբ, մտածում էր միայն իր վերջին դստեր մասին և այդ մտածումը արտահայտում այնպիսի ընդհանրացված սեղմ մտքերով, որոնք արդեն միայն իր աղջկան չէ, որ վերաբերում էին, այլև կապվում մի ողջ ժողովրդի ճակատագրի արժանապատվության հետ։

Որպես երկրամասի հյուսիս-արևմուտքը երիզող լեռների վրիժառու մի ոգի, կիսայրված և ժանգոտ մի շամփուր ձեռքին, նա ամբողջ օրը մտամոլոր քայլում էր Խաչենագետի երկայնքով և խոսում ջրից ողորկ դարձած քարերի հետ՝ ականջը երկնքից եկող ձայնին։ Երբ լսում էր ծանոթ հռնդյունը, մեկեն լարվում էր, ձեռքի շամփուրը վեր պարզած որոնում, թե ուր է իջնելու ուղղաթիռը և, ողջ ուժերը լարելով, վազում թռիչքադաշտի վերածված այդ հանդամասը։ Սովորաբար հևասպառ տեղ էր հասնում մինչ ուղղաթիռի վեր ելնելը և ձեռքի շամփուրով ծակծկում էր բերված պարկերն ու արկղերը։ Փամփուշտների ծանոթ մետաղյա ծանր խշշյունը լսելիս մեկեն պայծառանում էր և ասում՝ աղջիկս փրկվեց, իսկ եթե բերվածը ալյուր կամ շաքարավազ էր լինում, աչքերի խելագար մի փայլով լեցուն հայացքը դարձնում էր օդաչուներին և սպառնալից ու խեղճացած հարցնում, «Ախր ես հարձակվող թուրքերին հաց ա չայ տալով եմ աղջկաս ազատելու նրանց ձեռքից»։

Ժողովրդի հավաքական բնազդով զգում էր, որ եթե այսօր փամփուշտը լինի, վաղը մնացածն էլ կունենանք, իսկ եթե փամփուշտը չլինի, այսօր կկորցնենք ամեն ինչ, վաղը, լավագույն դեպքում, շահելով սոսկ վայելքները օտար ափերի։

Այս կինը հասկացել էր, որ այսօրվա հայոց պատմությունը գրվում է «Կալաշնիկով» ավտոմատներով, և թե այդ գրվող պատմության թանաքն էլ ավտոմատի փամփուշտներն են։ Նորօրյա պատմության հավաքական գրիչներն էլ որպես հայրենիքի զինվորներ դարձան երեկվա հողագործն ու բանվորը, կոմբայնավարը և ասացիչը, կոմերիտական հրահանգիչն ու կուսակցության պատասխանատու աշխատակիցը։

Պատերազմը հեղաբեկեց բոլորի կյանքը, թույլերը հեռացան, իսկ ուժեղները առավել կապվեցին Արցախին։ Մնացողները համախմբվեցին հայրենի հողի և պատմության շուրջը, և հողն ու պատմությունը սկսեցին մաքրել նրանց հոգիները հարկադրյալ օտարացումի շերտերից։ Ավետարանական պատվիրանի համաբանությամբ, վերջինները դարձան առաջիններ, և Բաքվի ու Սումգայիթի փախստականները համալրեցին ամենաանձնազոհ կռվողների շարքերը։ Վերադարձան նրանք, վերագտան իրենց հողը, իսկ մի մասն էլ, դժբախտաբար, ամփոփվեց այդ հողում, ասես վախենալով կորցնել այն։

Նրանցից էր և բաքվեցի Վլադիկը։ «Ինտերնացիոնալ» քաղաքում դպրոցն ավարտելուց հետո գնացել էր Ռուսաստան, հետո՝ Միջին Ասիա, նորից ետ էր վերադարձել Բաքու, ապա 1988 թ. դեկտեմբերյան դեպքերից հետո եկել ապաստանել էր ծնողների ծննդավայրում՝ Մաղավուզում։ Օրեցօր հարստացնում էր իմացած մի քիչ ղարաբաղերենը։ Պատմությունից միայն գիտեր, որ հայերը մի ժամանակ թագավոր են ունեցել, որ «դաշնակներն» էլ եղել են նացիոնալիստ, ժողովրդի թշնամիներ, իսկ Երևանն էլ Հայաստան անվանվող ԽՍՀՄ միութենական տասնհինգ հանրապետություններից մեկի մայրաքաղաքն էր։

Մաղավուզում, պապենական լքված տնից առավել, իր հոգու ներաշխարհն էր վերականգնել, իսկ երբ «պոստը» փոխելուց հետո զորանոց էր գալիս, ջոկատի մյուս մարտիկներից լսած հատուկտոր պատմություններն էր գումարում իր իմացածին։ Ղարաբաղերենից բացի որոշել էր նաև հայերեն սովորել։ Ասում էր, թե անցյալը մեռնելու է հաղթանակի հետ և այդ անցյալին է պահ տալու նաև իր անունը։ Հետաքրքրվում էր նշանավոր հայերով, որ որոշի, թե ինչ անուն ընտրի իր համար։

Երգը լեզվի խտացումն է և լեզվի հիշողությունը։ Միջնադարում մայրենի լեզուն կորցրած հայերը դեռ երկար ժամանակ պահպանեցին և սերնդեսերունդ փոխանցեցին երգվող հայրենի շարականները։ Դարերի ընթացքում մոռացվեցին կամ խաթարվեցին «Սասնա ծռերի» շատ դրվագներ, բայց անխաթար մնացին երգվող հատվածները։ Երգը վերջինն է կորսվում և առաջինը գտնվում, ու պատահական չէ, որ Արցախում ապաստանած փախստականները նախ իրենց երգը գտան, ապա նոր լեզուն։ Նույնը վերաբերում է և Վլադիկին։ Դեռևս ռուսերենախառն ղարաբաղերենով էր խոսում, առանց գրական հայերենը հասկանալու, բայց արդեն երգում էր Արցախում հնչող անցյալ դարավերջի ֆիդայական երգերը։

Մեղեդու ելևէջները գումարվելով զարմանալիորեն կրկնվող պատմությանը, նրան իր երգած տողերի իմաստն էին թարգմանում։ Դիրքերում կամացուկ երգող Վլադիկը այդ երգերում իր լեզուն էր որոնում, իսկ դիրքերից չնահանջելով, ձգտում էր ճակատագրից իր վրեժը լուծել և չկորցնել վերջին ապավենը՝ օտարության ճանապարհները մաշելուց հետո վերագտած հարազատ հողը։ Մարտակերտի գաղթի օրերին ինքը Մաղավուզի դիրքերում էր և պահում էր Հաթերք տանող ճանապարհը։ Եկավ նաև Մաղավուզը թողնելու օրը։ Նահանջը ապահովելու համար հարկավոր էր, որ մի քանի հոգի դիմացի կածանից փակեին եկող զրահատեխնիկայի ճանապարհը, մինչ մնացածները կնահանջեին։ Դժվար էր մարդկանց ասել, թե ձեզ թողնում ենք մահվան բերանում։ Մինչ հրամանատարը մտածում էր, նա առաջ եկավ և ասաց, թե ինքը կմնա, որովհետև Բաքվից հաղթելով՝ երդվել էր իր գյուղից էլ ուրիշ տեղ չգնալ։ Չնայած քսանհինգ տարեկան է, բայց արդեն հոգնել է աշխարհը չափելուց և մնաց, որ իր վրա վերցնի թշնամու զրահատեխնիկայի կրակը։ Հակառակորդի հետևակի մարտական մեքենաների վրա տեղադրված լուսարձակները հեռվից շերտ առ շերտ, ինչպես ընդունված է ասել, սանրում էին հողը՝ կենդանի մի շունչ գտնելու և ոչնչացնելու համար։

Մի կերպ խուսափելով կրակին նախորդող այս լույսերից, երբ զինվորների հետ միասին նահանջում էինք, մեր թիկունքում լսվում էր նռնականետի հակատանկային լիցքերը խնամքով իրար կողքի շարող Վլադիկի երգը՝ «Մութ գիշերին մենակ էր ֆիդային»։ Ինքն էլ էր մենակ մնացել իր վերագտած պատմության և այդ պատմությունը պաշտպանելու համար վերցրած զենքի հետ։ Հեռվից դեռ լսելի էր նրա երգի ձայնը, երբ մեկեն օդը լցվեց տեխնիկայի հռնդյունով։ Չսպասելով լույսը բացվելուն, շքերթային մի ինքնավստահությամբ թշնամին առաջ էր շարժվում։ Եվս մի քանի րոպե, ե լսելի եղավ զրահամեքենային «շամփրող» նռնականետի հարվածը։ Շարասյունը, անակնկալի եկած, կանգ առավ, ասես կարկամելով, և տագնապալի սպասումի այդ միջոցին նորից լսվեց նրա երգը։ Հաջորդ պահին, սակայն, երգն ու այրվող զրահամեքենայի խուլ ձայնը խլացան նռնականետի հարվածի ուղղությամբ եկած մի քանի գնդացիրների կրակահերթերից և երբ այն դադարեց, ընդհատվել էր նաև երգը…

Մեկ տարի անց հայ ազատամարտիկների հարվածից թշնամին դուրս շպրտվեց նաև Մաղավուզից, բայց Վլադիկի մարմինը այդպես էլ չգտնվեց…

Պատերազմը միայն երգին չէ, որ մի նոր խորհուրդ հաղորդեց, այլն աղոթքին։ Ստեղծեց «Հայր մերի» արցախյան ընթերցումը։ Ի տարբերություն երևանյան մեր ծեսերի, ուր այն ավելի շատ սկիզբն էր կատարվող հրապարակային միջոցառումների, Արցախում ներանձնական տառապանքն աղերս էր։ «Եւ մի տար զմեզ ի փորձութիւն» խոսքերն արտասանելով, արցախցի մամիկը, կինը կամ էլ աղջիկը Աստծուց ասես խնդրում էր, որ դիրքային հերթապահությունը բարեհաջող ավարտվի և տուն գա որդին, եղբայրը, ամուսինը և ոչ թե նրանց մարմինը բերեն։

«Փրկեա զմեզ ի չարէն» խոսքերն էլ համամարդկային ընդհանուր արժեքների հետ հարաբերվող մի հասկացություն չէր սոսկ, այլ սարսափը ռազմաճակատի գծի հնարավոր ճեղքման հանդեպ, որից հետո չարը արդեն կլցվեր իրենց տները։ Սովորաբար շատ գտնում է շատ կորցնողը։ Մեր ազգային, հոգևոր արժեքները բոլորից շատ այստեղ էին կորսվել և աստիճանաբար սկսեցին գտնվել երկրամասին վիճակված Գողգոթայի ճանապարհի յուրաքանչյուր ոլորանը հաղթահարելուց հետո։

Տառապալից այդ օրերին շրջափակման շունչը զգացվում էր անգամ… եկեղեցու ներսում։ Օդային փխրուն կապի և Արցախում ճանապարհների գրեթե կազմալուծման պայմաններում դժվար էր մոմ հասցնել գործող և վերանորոգված եկեղեցիները, առավել ևս Շահումյանի շրջանում։ Գյուլիստանի վեհաշուք եկեղեցին Շահեն Մեղրյանի ջանքերով նորոգելուց և Պարգև սրբազանի կողմից վերաօծվելուց հետո, հոգևոր մի ապավեն էր դարձել տեղի հայության համար։ Մարդիկ գալիս լուռ կանգնում, երկար մտորում էին իրենց ապրած և ապրելիք կյանքի մասին։ Շրջափակման պատճառով գրեթե մոմ չէր լինում, և եկեղեցում դրել էին մի քանի զույգ մոմակալներ, որոնց մեջ ստիպված վառում էին… գալարաձև փաթաթված թղթեր։

Սահմանային այս գծում լույսը ցրում էր ոչ միայն խավարը, այլև որոշ չափով նաև թշնամու հանդեպ եղած վախը՝ կանգնեցնելով ծանր երկընտրանքի առջև, տանը եղած մոմը սենյակում վառել, թե եկեղեցու գավթում։ Այս երկընտրանքը երևի շատ էր տանջել մի կնոջ, որը եկեղեցու բեմի առջև, հայացքը վեր հառած, հանդարտ զրուցում էր երկնայինի հետ, բացատրում, թե ինչու է եկեղեցի եկել՝ ունեցած հինգ մոմերը տանը թողած։ Չէր շտապում։ Հանդարտ պատմում էր, որ ուղղաթիռները շատ ուշ-ուշ են գալիս և ամեն անգամ հնարավոր չի լինում լամպի համար նավթ գտնել, իսկ թոռները մթից շատ են վախենում, և նրանց թվում է, թե սենյակի մի անկյունում թշնամին դարան է մտել։

Արարչին ասում էր, թե՝ իր թոռներն էլ Քո ստեղծածն են և Դու էլ չէիր ցանկանա, որ ինքն այդ մոմերը բերեր ու վառեր՝ նրանց մթության մեջ թողնելով։ Ասում էր. «Քո ունեցած լույսը բավական է Քեզ և մեզ, իսկ մոմինը թող մնա թոռներիս»։ Այսպես հանդարտ-անշտապ զրուցում էր նա, մոմակալում վառելով, Աստծուն նվիրելով… մի ողջ ընդհանուր տետր։

Պատերազմը հաղթանակ կամ պարտություն, կորուստ կամ ռազմավար լինելուց առաջ մարդկային ողբերգություն է, որ հարվածեց բոլորին՝ առանց մեծ ու փոքր հարցնելու։ Ծերերին ավելի ծերացրեց, երեխաներին ավելի անօգնական դարձրեց, ծնողների մտահոգությունն էլ բազմապատկեց։ 1988 թվականից հետո հայրենի երկրամասին հավատարիմ մնացած յուրաքանչյուր արցախցու կյանքը մի-մի պատմվածք ու վեպ է դարձել, վերածվելով մի մասնիկի արցախյան ընդհանուր խճանկարի։

Երբեմն մտածում ես, թե հանուն ակնկալվող հաղթանակի արժե՞ր անցնել այս ճանապարհը, այսքան զոհ տալ և այսքան տառապանք կրել։ Վերջերս, երբ Դրմբոնում հավաքված խոսում էինք այս մասին, զրույցին խառնվեց քառասնամյա սևազգեստ մի կին, որը շուտով երեխա էր ունենալու։ Սկզբում թվաց, թե ամուսինն է մահացել, սակայն պարզվեց, որ տասնյոթամյա որդին է զոհվել անցյալ տարվա պաշտպանական մարտերում, երբ նահանջում էին հայրենի գյուղից՝ Չայլուից: Ամուսնու հետ որոշել էին էլի երեխա ունենալ, որ իրենց տղայի կյանքը շարունակվի նորածնի մեջ։ Հիմա էլ ծննդավայրի մոտալուտ ազատագրման մեծ հավատով եկել հանգրվանել էին Դրմբոնում, աշխատելով տեղի տնտեսությունում։ Այս կինը դաժան մի միտք հայտնեց, որ երևի միայն տևական պատերազմի ընթացքում կարող է հղանալ՝ մահվան ու ավերի միջավայրում։ Իր խոսքը իր կրած անձնական կորստյամբ վերապրելով ասաց, թե՝ ամեն զոհվող մարտիկի փոխարեն յուրաքանչյուր մայր կարող է մի նոր տղա ծնել, բայց ոչ մի մայրական արգանդ չի կարող կորցրած հողի փոխարեն նոր հող ծնել։

Բարձրաձայն ասեն, թե չասեն, համակերպվեն, թե չհամակերպվեն, Արցախում այս գիտակցությամբ են ապրում, այս գիտակցությամբ խեղդում իրենց վիշտը և իրենց տղաներով գրամ նորօրյա հայոց պատմությունը…

Վարդան Դեվրիկյան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS
This entry was posted in Գրադարան | Library, Հոդվածներ | Articles and tagged , , , . Bookmark the permalink.

Comments are closed.