Սերգեյ Վարդանյանը ծնվել է 1952թ. Երեւանում: Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ է: Աշխատել է «Պիոներ կանչ» թերթի, «Պիոներ», «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, 1991-2002 թթ. փոխնախագահ` ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում, այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: Գրել է նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնց համար 1980թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին: Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները:
Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) եւ «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երեւանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009):
Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա ուսումնասիրությունը (1985) նոր նյութերով հարստացված վերահրատարակվել է 1995թ. արժանանալով «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին: «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաեւ ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն:
Սերգեյ Վարդանյանի մանկական պատմվածքների «Արեւածաղիկը» ժողովածուն 1989թ. տպագրվել է Երեւանում, իսկ 1994թ. արեւմտահայերենով` Ստամբուլում: Այդ գրքից երկու պատմվածք ընդգրկված է 4-րդ և 5-րդ դասարանների «Մայրենիի» դասագրքերում: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն: Խորհրդային (ներքին) սփյուռքի եւ հատկապես համշենահայության (այդ թվում 1984թ. Միջին Ասիայում իր իսկ հայտնաբերած կրոնափոխ համշենցիների) մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի եւ արտերկրի մամուլում, 1989թ. իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009թ.-ին Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գրքում: 1992թ.-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական- բարեգործական հ/կ փոխնախագահն է, 2004թ.-ից նաև «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը: Որպես խմբագիր` 2010թ. նա արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակին և Ռուսաստանի հայերի միության մեդալին:


