ԶԱՐԶԱՆԴ (ՍԱՇԱ ՄԿՐՏՉՅԱՆ)
Բանաստեղծություններ
ԻՄ ՍՈՒՐԲ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Աստծո սիրուն
Եվ ի սեր բոլոր մյուս սրբերի
Ես ձեզ խնդրում եմ
Ազատեցեք ինձ ձեր ժպիտներից շպարված, ներկված,
Ազատեցեք ինձ ձեր շարժուձևից բեմերից շորթած.
Ձեր Մեծությանը, Ձեր բազմությանը հեզ խոնարհվում եմ ու կրկին խնդրում,
Պարոն մարդուկներ,
Թողեք միայնակ, լքեցեք ընդմիշտ
Ու ազատեցեք ձեր Մեծն գոյի ներկայությունից
Ուզում եմ լինել իմ մենության հետ
Մեծ մենության հետ, սուրբ մենության հետ
Իմ մաքուր օդում` իմ Մեծության հետ.
Իմ հանճարի հետ, տառապանքիս հետ ու արարելու Մեծ բերկրանքիս հետ…
Աստծո սիրուն, ազատեցեք ինձ ձեր այդ խայտառակ ու անկյանք գոյի,
այդ չնչին գոյի
Նույնիսկ լինելու, մեղկ լինելության
Հենց գոյությունից…
Ազատեցեք ինձ…
11.06.2004թ.
Ա՜խ, զայրացել եմ աշխարհի վրա.
Հոգուս անկումը խորն Է, անհնար
Ու մարդուկների հորդաների մեջ
խեղդվում եմ ջրից հանած ձկան պես
Փնտրում եմ մեկին, լիներ գեթ մի օր, գոնե մի անգամ…
Ու սպասեցի, անհույս հոգնեցի… չեկավ ու չեկավ
Ցնորք էր, չկար…
Թեկուզ հետմահու… շիրմիս վրա գար…
16.10.2003թ.
ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Կա ոսկի մի ցեղ,
Որ իր ընդերքի խորախոր թափով
Մի հսկա աստղի չափ է ամբարում
Վերուստ և´ ընտրյալ, և´ երանելի,
Որ հնադարյան հին աստվածների զարմից է սերում,
Ազնիվ է, շքեղ, ինչպես անգին քար
Եվ մաքուր իբրև անխառն մյուռոն,
Որը անհաղթ է միշտ էլ չարի դեմ
Եվ բացառում է գոյությունն իսպառ:
Կա հատուկ մի ցեղ,
Որ երկնի աղն է` կյանքին համ տվող.
Եվ երբեք ազգ ու գույն չի ճանաչում,
Հաշվի է նստում միայն խղճի հետ հանուր, մարդկային
Եվ իր ընթացքով և´ սիրուն, և´ վեհ
Հաղթանակներ է տանում ամեն օր
Ու անդրին կերտում
Իր անմահության:
23.10.2003թ.
ԵՍ
Ես լուսասփյուռ պատրույգի նման
Ինքս վառվում եմ,
Ինքս պակասում.
Տալիս եմ միայն
Ու… հարստանում:
Ու խոր ծովերի ես խեցու հանգույն
Ջրերի միջից ծծում եմ լույսը անհայտ աստղերի
Ու խորհրդավոր հատիկը երկնում…
Ու որպես ծղրիդ թաքուն, աննկատ
Երգեր եմ երգում բոլորի համար
Անհայտության մեջ, անհայտության մեջ…
13.04.1977թ.
ՍԻՐԱՄԱՐԳ
Զվարճացե´ք, աշխարհի ցմփոր դուք դդումներ,
Հղիանում է դեղին լռությունը աշնան,
Ու ինչքա՜ն աշուններ կլցվեն…ճերմակեն ու կանցնեն,
Ափսո՜ս, ձեզ չի հասնելու հասունությունը այս երգի աննման…
22.07.1976թ.
ՄՈՒԿ
Չլիներ ցեղն իմ կայտառ` ազնիվ ու ընտրյալ,
Աշխարհն այս պիտ մնար շշմած ու շվար
Ու գլուխ կոտրեր ու չիմանար ու տանջվեր
Թե ո՞ւմ, ո՞ւմ դեմ անվերջ թակարդ լարեր…
22.07.1977թ.
ՄԻ ՊԱՇՏՈՆՅԱ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԴԴՈՒՄԻ
Կատարյալ էշի մեծ երազանքը իրականացավ
Աստիճանաբար
Աճեց , վերաճեց
Ու…մի հազվագյուտ …ավանակ դարձավ:
27.09.2002թ.
* * *
Է՜ , ես հոգնել եմ վաղուց աշխարհից
Ու այս աշխարհն էլ հոգնել է ինձնից:
Արդ ժամն է արդեն հեռանալ կամոք.
Ասպարեզն ազատ թողնել իմ տեսքից,
Սակայն հոգս կա մի, խոր մտատանջում,
Թե ինձնից հետո լինելիքն է լոկ
Առանց ինձ ունայն, Մեծ դատարկություն…
26.07.2002թ.
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՊԱՀ
Պահ խորհրդավոր, առեղծվածային
Մեծագործության հանճարեղ Մեծ ժամ
Սուրբ, անմահ երգի անմեկին ծնունդ,
Երբ տիեզերքի անհուն, խոր հևքը
Ներշնչանքներ է առաքում Երկիր
Պահ աստվածային լուսատու վառքի
Արարման շքեղ, աննման հրաշք,
Երբ մինչև անգամ մեղուն էլ փոքրիկ
Մեղր է շինում.
Ստեղծելու այն վսեմ վայելքով…
30-31.05.2002թ.
ԼՈՒՍԱՏՏԻԿ
Անմահ Բասյոյի հիշատակին
Հանուն հայրենյաց փառքի զոհված
Սամուրայի լուսահոգին է թևածում գիշերով
Բրնձի ջրված դաշտերի վրա…
24.05.2002թ.
* * *
Այս ընթացքում, որ գնում ենք բոլորս անդարձ
Մեծ անհունի երախն է լոկ մեր դեմ բացված
Ու այդ անցքին խորհրդավոր պիտի հասնենք`
Թեկուզ շարժվենք արագ-արագ,
Թեկուզ` կամաց…
13.12.2001թ.
ՍԱՐԴ
Ես թել առ թել հյուսեցի իմ ոստայնը
Եվ բոլոր կողմերում լարեցի թակարդներ.
Արդ անշարժ հետևում եմ… Իմ համբերությանը
Չափ չկա: Անխուսափ է այստեղ վախճանը ձեր…
03.02.1976թ.
* * *
Որքան թշվառ ես դու,
Առյուծ,
Մժղուկի հանդեպ այս,
Որ ազատ ելումուտ է անում
Վանդակը քո:
21.12.1966թ.
* * *
Աշնան դեղին լռության մեջ
Տխուր անցնում էր մի խեղճ էշ,
Խորհում էր նա.
Հարցն էր այդ Մեծ,
Թե ինքն ինչու հենց էշ ծնվեց…
* * *
Ի սկզբանե վճռված է. տարվելու ենք մենք այս խաղում
ՈՒ հիմնովին կորչելու ենք Մեծ անհայտի խոր երախում
Անվերջ երթում շատերն անհերթ հրմշտվում են, ընկնում առաջ
Ու կարծում են շուտ հասնողի …գլխին առատ գանձ են մաղում…
13.03.2001թ.
* * *
Երբ գինետան սին պահը մնաց մարտի ասպարեզ.
Առաջնության Մեծ գավաթը մատուցեցին ինձ ու քեզ
Թե ով հաղթեց և ով պարտվեց` մնաց անհայտ հավիտյան,
Բայց մի սմքած առվի հունում հաջորդ օրը գտան մեզ…
28.03.1999թ.
* * *
Ճիշտ գեղեցիկը ճշմարտության պես
Փայլուն բառերի
Պես-պես ներկերի կարիք չի զգում,
Թե շպարված է, էլ գեղեցիկ չէ,
Թե գեղեցիկ է` շպարվելու չէ:
Սիրուն ծնվածը միշտ էլ սիրուն է,
Թե ժպտա,
Թե` լա…
30.10.1992թ.
ԲԱԽ
Ես լսում եմ
Տիեզերքի Մեծ ոգու
Ներդաշնակ հևքը:
11.10.1992թ.
* * *
Սերը Աստծո աղոթքից ծնված
Ամենաչքնաղ հրաշքն է վերին,
Որ իր ընդերքով բյուրեղյա, վճիտ
Հասու է միայն
Անհաս սրբերին…
03.09.2003թ.
* * *
Ու երբեք ոչ ոք ինձ չհասկացավ,
Եվ չհասկացա երբեք ես մեկին:
Նայում ենք իրար
Մենք վանդակների գազանների պես`
Սֆինքսի դեմքով առեղծվածային:
Խո՜ր, խորհրդավոր մեր հոգիները
Պինդ-պինդ ամփոփված
Այս պատյաններում, այս վանդակներում
Խեղճ ու շվարած դիտում ենք անվերջ
Այսքա՜ն , այսքա՜ն մոտ
Ու ընդմիշտ օտար…
14.10.1992թ.
* * *
Ողջ կյանքս եղավ
Մի մեծ սպասում.
Ինչ-որ մեկը պիտի գար,
Մի շքեղ տոն ու լույս պիտի լիներ
…………………………………………..
Եվ այժմ ես անհույս ու անուժ ու անտարբեր.
Թակում են , դուռդ բաց.
Նա է , Նա` Մեծ հյուրը,
Նա ` ինքը, Մահը…
19.10.1992թ.
ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՌՅՈՒՆՈՍԿԵ
Ահա ես գնում եմ
Իմ վերջին ճամփան
(Եվ հրաժեշտ տվող չկա)
Հոգիս տխուր է , բայց` խաղաղ:
Ինչ-որ խորին խորհուրդ է սփռված ամենուր…
Եվ աշխարհն այս դատարկ է մնալու`
Առանց ինձ…
17.11.1998թ.
* * *
Ո՞րն է թաքուն , խորհրդավոր
Շարժիչ ուժը մեր մտքերի.
Ինչքան համառ, խորն ենք հերկում,
Վերջնատեսքը
Առավել է լինում թերի….
03.09.2003թ.
* * *
Ժամանակի դեղին փոշին մարմանդ իջավ,
Նստեց գինուս սիրուն կժին:
Հասուն գինին դուր է գալիս
Իմաստունին, նաև` գժին…
03.09.2003թ.
* * *
Ձմեռվա խաղաղ ու մեղմ գիշերի
Լուռ համատարած գոլ անդորրի մեջ
Լուսնի սառ լույսը
Մարմանդ ու մանր-հեզիկ
Ոսկյա ալյուր է մաղում
Վաղուց անթեղված
Հուշերիս վրա…
22.09.2003թ.
ԲԱՍՅՈ
Այս խորհրդավոր, խաղաղ ջրերի խավար խորքերում
Հին հեքիաթների հրաշքների պես
Անըմբռնելի առեղծվածների ստվերներն են մե՜ղմ, մե՜ղմ տարուբերվում,
Ու լուռ ծնվում է մի համառ մեծ հարց,
Որի լուծումը անհայտ աստղերի լույսից է սերում…
04.10.1998թ.
* * *
Հավերժական քնից առաջ մի պահ ելել ես խաղի.
Չես վայելում կյանքդ հանգիստ` արշավում ես կատաղի…
Թեկուզ անշարժ տեղում մնաս, թեկուզ շարժվես շատ արագ`
Ըղձակետդ հողակույտն է, որն ընդմիշտ քեզ…կթաղի…
25.09.1999թ.
* * *
Ողջը վերուստ է վճռված
տասնյակ հազար դար առաջ.
Եվ մենք հլու ընթանում ենք
տրված բախտին ընդառաջ
Կարմիր ու սև բաժանված են
և´ կշռված, և´ չափված`
Ո´չ հզորին խինդը կօգնի,
ո´չ տկարին սուգ, հառաչ:
17.08.1999թ.
ՄՇՏԱՊԵՍ ՊԱՐՏՎՈՂԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Դու ես քո մեծագույն ախոյանը.
Հաղթի´ր ինքդ քեզ:
Այսքան տարիների պայքարում մշտապես պարտվել ես…
Սակայն ոչ մի նահանջ.
Բռնի´ր քո սև բախտի կոկորդից,
Հասցրու հարվածը մահացու`
Հաղթիր:
Դու չես կարող խտացնել սև ոհմակների շարքերը:
Դու վերուստ ստեղծված ես իբրև ընտրյալ ու երանելի.
Հաղթիր ինքդ քեզ:
……………………………………………………
Եվ ամեն ոքի համար
Այս ինքնապայքարը հարկադիր է,
Ինչպես ամեն պահ օդ շնչելը:
«Վա՜յ պարտվածներին»:
26.08.1999թ.
* * *
Ոչ ոք գիտի հաջորդ պահը
գլխին ինչեր կբերի,
Դրանով էլ նմանվում ենք լույսի,
խաղի` ստվերի,
Հղանում ենք հազարավոր գործեր սիրուն, աննման,
Արդյունքն, ափսո՜ս, լինում է միշտ
կամ անկատար, կամ թերի…
24.11.2003թ.
ՊԱԳԱՆԻՆԻ
Տխմար ճակատագիր`
Հետմահու փորձանք.
Այս սրիկաների հոծ բազմությունները
Ողջ կյանքս ինձ հետապնդելուց հետո
Այժմ ավելի կատաղի թափով են կատարում իրենց սև գործը`
Չթողնելով հանգչել գեթ… հողում:
26.08.1999թ.
ՁՈՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Դժվար վաստակում ու հեշտ մսխում ես,
Ու կողքից դիտող աչքերի համար`
Վայելքի մեջ ես մի արքայական.
Սև տառապանքդ խորը թաքցրած`
Պայծառ ժպտում ես,
Հորթի բերկրանքով օրեր սպանող
Թեթև թռվռող անհոգի մեկն ես
Ամենքի համար.
Դառը քրտինքով խոր ակոսում ես հերկդ օրնիբուն
Մի անմարդկային անհուն լարումով հաղթում ինքդ քեզ`
Անմռունչ ու լուռ կուլ տալով քարե ծանր արցունքներ.
Ու անհնարին հաղթանակներ ես ձեռք բերում հաճախ,
Որ անպարտ մնաս
Քո դեմ արշավող մահերի հանդեպ
Ու անսաստ կանգնես անմահության դեմ:
22.02.2000թ.
ԵԹԵ ՆՈՐԻՑ, ԿԱՄ ՍԻՐՈՒՆ ԵՐԳ
Եթե նորից ծնվեի հանկարծ, եթե նորից….
Եթե հանկարծ կյանքը այս սին
Ունայն ու փուչ ունայնամիտ ու ընդունայն
Տրվեր նորից , տրվեր կրկին հանկարծ պարգև, նորից հանկարծ,
Եթե նորից այս անիմաստ, տխմար, տխմար, հիմարագույն
Խաղն սկսվեր.
Ես կլինեի…
Ես չգիտեմ ինչ կլինեի
Ես կդառնայի նորից… նույնը
Խեղճ ու հանճար,
Դժբախտ, տխմար…
Եթե նորից…
Բա յց … ինչ նորից
Սկսել եմ վաղուց նորից
Էլ չեմ ուզում լինել… նորից….
25.05.2000թ.
ԱՍՔ ՎԱՍՆ ՍԻՐՈ
Սերը շնորհ է մի աստվածային`
Դրախտի լուսո քաղցր առեղծված
Սերը բառ է մի սուրբ , խորհրդավոր`
նախածննդյան հրում անթեղված
Եվ բոլո՜ր, բոլո՜ր քաղցրությունների
ամենաքաղցր պսակն է սերել,
Եվ բոլո՜ր, բոլո՜ր բարձրությունների`
ամենաբարձր վառ թագն է սերը
Ու սերը մեծ է բոլոր հույզերից, բոլոր կրքերից ամենամեծը,
Նախաստեղծման, նախածննդի այն սուրբ արարման
Մեծ սերմն է սերը
Ու սերը բառ է վերուստ սահմանված` աստղերի հևքով,
Ու սերը տառն է Աստծո ոգու նրբին նվագը
Սերը մի բառ է Մեծ, աստվածային,
Որի հուր լիցքը անգամ օձին ու սարդին է տրված.
Սերը մի քաղցր, քաղցր գինի է , որը ըմպողը
հարբում է անհուն խորին վայելքից, բայց
երբեք, երբեք, երբեք` հագենում…
Սերը Մեծ հիմն է կյանքի արարման` կյանքի կենսատու վառ հուրն ուղեցույց
Ու սերը նաև կյանքի պահպանման
խոր, խորհրդավոր գաղտնիքն է սերը:
24.02.2000թ.
ԿՅՈՒՐՈՍ ՄԵԾՆ
Հազարավոր մեծագույն հաղթանակները
Հավասարվում են ոչնչի
Մի անմիտ պարտության դեմ,
Բայց երբեմն այդ ըմբռնելն էլ
Դառնում է միայն հետմահու պարգև:
01.01.2001թ.
ԶՐԱԴԱՇՏ
Հազարավոր դարերի
Աստեղային միգամածությունների ընդերքից
Ծնվում Է ամեն ոքի
Ճակատի անջնջելի գիրը….
01.01.2001թ.
ԲՈՒԴԴԱ
Հաղթիր ինքդ քեզ.
Քո Մեծությունը
Թուլություններդ հաղթահարելու ճամփան է դժվար,
Երբ հասնես դրան`
Կդառնաս անպարտ
Նաև Աստծո դեմ…
03.01.2001թ.
ԹՈՌՆԻԿԻՍ` 2-ԱՄՅԱ ԴԱՎԻԹԻՆ
Դու այն հրաշքն ես, այն գոյությունը, այն Մեծությունը,
Որ հազարավոր անվերջ դարերի
Աստղերի դարձը վերուստ հռչակեց ինձ արյունակից:
Զավակս փոքրիկ ու ամենամեծ,
Իմ նախնիների ոսկե շղթայի դու անգին օղակ.
Որ վերջինն ես, նաև սկիզբը նոր օղակների
Նախահայրերիս Մեծ վերածնունդ ու Մեծ վերծանում
Դու փոքրիկ , փոքրիկ և ամենամեծ:
Դու այն ընդերքն ես և էությունը , որը սկիզբ է դառնում շատերի.
Ինձանից հետո, հորիցդ հետո
Դու էլ քո թոռին ` քեզանից բարձր իմ թոռան թոռին
Պարգևիր չքնաղ …բանաստեղծություն…
03.08.2002թ.
ՄԵԾ ՀԱՐՑ
Ընկերոջս` Կարլ Յալանուզյանին
Մեր ծնված օրից հառնում է շքեղ Մեծ առեղծվածը հազար անհայտով
Ուր սկսում ենք ամեն քայլի հետ
Այս հին հեքիաթը կրկին հոլովել ու հայտնաբերել, որերորդ անգամ:
Ու պատրաստակամ լծված մեր կուռքի ոսկեկուռ սայլին`
Խոր ակոսներում արյուն ու քրտինք թափելով դանդաղ շարժվում ենք առաջ…
Ու մեր շաղ տված անգին սերմերի
Հատուցման հույսի ոսկե ճաճանչներն են սնում հոգու ուժը անսպառ…
Ու չքնա՜ղ, չքնա՜ղ կույս գեղեցկության անարատ գրկին հավիտյան կարոտ
Մերթ-մերթ փորձում ենք հագենալ ինչ-որ սին պատրանքների վարսեր շոյելով…
Եվ հանկարծ զգում, որ խաբում ենք մեզ
Ու լցվում տխու՜ր, տխուր… տխրությամբ
Ու լցված սրտով փղձկում ենք հանկարծ,
Ուզում ենք խորունկ, իսկական մի երգ,
Բայց երբ երգում ենք մեր խռպոտ ու կոշտ ձայնով այրական,
Երազ ու պատրանք խուռն երամներով ճախրում են , ցրվում…
Իսկ այն իսկական երգի փոխարեն մի տխուր ու գեշ բան է ստացվում…
Եվ առժամանակ մնում ենք անշարժ հուսահատության այն խոնավ փոսում,
Բայց դանդաղորեն արյունը կրկին շարժվում է , բերում կրակ ու նոր թափ
Ու այնպես ընդմիշտ.
Մեծ խնդրի ամեն անհայտի դիմաց
Հատուցում ենք վառ կյանքի օրերով անդարձ ու անգին
Եվ լոկ վաստակած վախճանից առաջ միայն սթափվում,
Որ անհայտները բազմապատկվել են,
Մենք ծիծաղելի նույն մանուկն ենք
Մեծ հարցի հանդեպ…
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Ես իմ խոսքին տվի նուրբ փայլ ադամանդի
Ու թռիչքիս տվի հուր թափ աստեղային
Եվ սուրբ կրքիս ` միշտ լույս տալու.
Հավերժ կուռքիս քուրմ հնազանդ.
Մագլցեցի իմ լյառն ի վեր
Ու տեսնում էի գահս բարձր
Ու բարձունքից լուռ պրպտում
Մեծ ու փոքր ժամանակներ…
Եվ իմ հողը խոր հերկեցի
Գեղջուկի պես լեռնոտ երկրիս
Ու սերմերն իմ անգին, անթիվ առատ, շռայլ
Շաղ տվեցի ակոսներում տառապանքիս:
Եվ ընթացքում մանր ու չնչին,
Երբ ամոթից ու զայրույթից լուռ փակեցի
Աչքերս սև ու վշտագույն
Մարդկանց գործից սին, խայտառակ ու արնախում
(Խեղճ մարդկություն, խեղճ հայրենիք և° սուրբ, և° զոհ),
Կրկին , կրկին հավատացի և հուսացի մեծ ժամանակ:
Եվ երգեցի հույսս անմար, հավատս անհուն
Իմ սով դարում` աչքս ծարավ, հոգիս կարոտ
Մարդուն, մարդուն,
Այն Մեծ Մարդուն:

