ՀԱՑ, ս. Հաղորդության հաց, Հիսուս Քրիստոսի մարմինը խորհրդանշող բաղարջ հաց, որ ս. Պատարագի օրերին պատրաստվում է եկեղեցում` Պատարագը սրբագործելու և որպես Հաղորդություն քահանայական դասին ու հավատացյալ ժողովրդին տալու համար: Թխվում է առանց թթխմորի, լավագույն ալյուրից, ունենում է կլոր, ճաշի ափսեի մեծության լավաշի տեսք: Թափանցիկության աստիճանի բարակ է:
Որպես երկնավոր Հ-ի խորհրդանիշ` առկա է դեռևս Հին ուխտում. «Այդ գիշեր թող ուտեն կրակի վրա խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով» (Ելք 12.8), «Յոթը օր բաղարջ հաց կուտեք, առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը… « (Ելք 12.15): Նոր ուխտում Հ-ի խորհուրդը հաստատվում է Տերունական աղոթքով («…Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր…») և Վերջին ընթրիքի ժամանակ` ս. Հաղորդությամբ, երբ «…Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը» (Մատթ. 26.26): Ապա մատուցեց ս. Հաղորդության գինին, որպես տերունական արյան խորհուրդը (Մատթ. 26.27–28):
Պատարագի ժամանակ Ս. Հաղորդության Հ., Սուրբ Հոգու ներգործությամբ, փոխակերպվում է Հիսուսի ճշմարիտ մարմնի` կենաց բանին, որը պետք է ճաշակել արժանավորապես` սրբությամբ:
Մաս: Ս. Հաղորդության Հ. անվանվում է նաև Մաս: Հուն. կոչվել է antidoron (anti – հակա, փոխարեն, doron – նվեր, պարգև), նշանակում է նվերի փոխարեն, իմա` ս. Հաղորդության փոխարեն: Ս. Պատարագի ավարտից առաջ հատուկ մատուցարանի մեջ դասավորված Հ. օրհնում է բարձրաստիճան որևէ եկեղեցական, մանրացնում և ապա բաժանում հավատացյալներին, որոնք չեն հաղորդվել: Մաս բառն արդեն իսկ բացատրում է իմաստն իբրև մասնիկ կամ մնացորդ ս. Սեղանի վրա օգտագործված Հ-ի, որը քահանայի հաղորդվելուց հետո բաժանվում է ժողովրդին: Եկեղեցականն ամեն անգամ, երբ Մաս է բաժանում, կրկնում է. «Սա եղիցի Մաս և բաժին քեզ», այսինքն` մասնակից լինես ս. Հաղորդության Հ-ին և նրա շնորհին:
Եղիշե ավ. քհն. Սարգսյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան