«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ»







«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ», գեղարվեստական առումով ճոխ և կատարյալ մագաղաթե ձեռագիր մատյան, մեզ հասած ամենավաղ նկարազարդված Ճաշոցը: Գրիչն ու նկարիչն անհայտ են: Ընդօրինակվել է 1286-ին, Կիլիկյան Հայաստանում (հավանաբար` Սկևռայի վանքում), Հեթում թագաժառանգի պատվերով (հետագայում` Հեթում Բ թագավոր): Պահվում է Մատենադարանում (ձեռ. դ 979, չափերը` 33,5×24,5 սմ, բաղկացած է 475 թերթից): Հայկ. Ճաշոցների գեղ. ձևավորումը, ի տարբերություն բյուզ. և արևմտաեվրոպ. Ճաշոցների, բավական համեստ է: «Հ. Բ թ. Ճ.», սակայն, հեռացել է այդ ընդհանուր կանոնից:

Նրա բոլոր էջերը (շուրջ 500) նախշածածկ են, պատկերազարդ: Մանրանկարների կազմը պայմանավորված է հայկ. Ճաշոցի բովանդակությամբ, որն ի տարբերություն բյուզ. Ճաշոցի, հաջորդել է առավել վաղ, այսպես կոչված` երուսաղեմյան խմբագրությանը` իր մեջ ներառելով ոչ միայն Նոր, այլև Հին կտակարանից փոխառված պատարագային ընթերցումները: Ուստի «Հ. Բ թ. Ճ.»-ում պատկերազարդվել են նաև հինկտակարանային իրադարձություններ: «Հ. Բ թ. Ճ.» բաղկացած է ութ հիմն. մասերից, որոնք համապատասխանում են ութ շրջանների բաժանված հայկ. եկեղեցածիս. տարուն: Մասերից յուրաքանչյուրն ունի իր շքեղազարդ անվանաթերթը, իսկ նրա հանդիպակաց էջում եկեղեց. տարվա այդ մասի հիմն. տոնը պատկերող մանրանկարն է (պահպանվել են միայն երկուսը` «Տյառնընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ»):

Հիշյալ մասերի գլուխները բացվում են գլխազարդերով, լուսանցազարդերը մատնանշում են ընթերցման սկիզբը: Տեքստի հետ դրված յոթ մանրանկարները («Քրիստոսը զրուցում է աշակերտների հետ», «Քրիստոսին խաչից իջեցնելը և թաղումը», «Անցումը Կարմիր ծովով», «Երեք մանուկները հնոցում», «Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի առաջ», «Հովնան մարգարեին ծովը նետելը», «Հովնանի վերադարձը ցամաք») և մոտ 130 մանրանկար լուսանցքներում (մարգարեների ու նահատակների պատկերներ, տեսարաններ նրանց կյանքից, իրադարձություններ եկեղեցու պատմությունից) ուղեկցում են ընթերցվածքները` նվիրված տոներին, սրբերի հիշատակի օրերին, եկեղեցու կարևոր իրադարձություններին: Սրբերից մեկի` Բարսեղ Կեսարացու դիմանկարը պատկերված է ոչ թե լուսանցքում, այլ ամբողջ էջի վրա` հասակով մեկ: Այդ մանրանկարով էլ բացվում է ձեռագիրը: Բարսեղ Կեսարացու նման առանձնացումը կապված է ոչ միայն նրա հիշատակի օրը հունվ. 1-ին տոնելու (այդ թվից է սկսվում հայկ. եկեղեց. տարին), այլև հայոց մեջ Բարսեղ Կեսարացու Պատարագը կիրարկելու հետ:

Նկարի հանդիպակաց էջին պատկերազարդ անվանաթերթն է, որի լուսանցքում պատկերված է թագավորական ինքնատիպ խմբանկարը (բուսազարդերի մեջ միմյանց վրա տեղավորված է վեց պատկեր): Չնայած պարզությանն ու ոչ մեծ չափերին, աչքի են ընկնում տիեզերական ժողովների լուսանցապատկերները: 381-ի Կ. Պոլսի տիեզերաժողովը ներկայացված է կիսաշրջանաձև նստած վեց եպիսկոպոսների պատկերով: Սուրբ Երրորդության պատկերից իջնող լույսի ճառագայթները հիշեցնում են, որ այդ ժողովն է հաստատել Սուրբ Հոգու աստվածությունը, բանաձևել Սուրբ Երրորդության Անձերի մեկ էությունը:

Ցածում, եպիսկոպոս. պատմուճանը մի կողմ ընկած, գետնին նստած է մերժված Մակեդոնը, որի վարդապետությունը դատապարտել է Կ. Պոլսի տիեզերաժողովը: «Հ. Բ թ. Ճ.»-ի պատկերազարդման սկզբունքը բազմափուլային է, այսինքն` նրա մանրանկարների համար օրինակ են ծառայել տարբեր բովանդակություն ունեցող պատկերազարդ ձեռագրեր, և ոչ միայն ձեռագրեր:

Այսպես` Բարսեղ Կեսարացու դիմանկարից երևում է սրբանկարչության ակնհայտ ազդեցությունը բուն հորինվածքում, կերպարի ճակատային դիրքում, հարուստ ու ճոխ զարդանախշված շրջանակներում: Տերունական պատկերները, ավետարանական երկրորդական տեսարանները, շքեղ նկարազարդված անվանաթերթերը հաջորդել են քառավետարանների նկարազարդման համար մշակված պատկերագրությանը, որի ավանդույթները Հայաստանում զարգացած են եղել: Հին կտակարանի գրքերի տեսարանները, որոնց նկարազարդման փորձառությունը երկարատև ու կայունացած չէր, պատկերագր. առումով ավելի անկաշկանդ են ու ինքնատիպ: Ընդ որում, առավել հետաքրքրականը շարականների նկարազարդումներն են («Անցումը Կարմիր ծովով», «Երեք մանուկները հնոցում», «Հովնանի պատմությունը»), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է հիմն. մեծ հորինվածք տեքստում և լրացուցիչ լուսանցազարդ մանրանկարների շարք: «Հ. Բ թ. Ճ.»-ի գեղ. ձևավորումն ընդգրկում է նաև 150 լուսանցազարդ և ավելի քան 3000 սկզբնատառ (մեծ մասամբ նախշազարդ են կամ կազմված թռչուններից, ձկներից, կենդանիներից, երբեմն էլ նաև «պատմականացված» սկզբնատառեր` բաղկացած մարգարեների և սրբերի պատկերներից):

Գեղ. առումով «Հ. Բ թ. Ճ.» XIII դ. 80-ական թթ. կիլիկյան գեղանկարչությանը բնորոշ օրինակ է, որը, զարգացնելով Թորոս Ռոսլինի արվեստի ավանդույթները, ի հայտ է բերել նոր միտումներ: XIII դ. կեսի գեղանկարչության պարզ հավասարակշռված ու զուսպ պատկերավոր կառուցվածքին փոխարինել է դրամատիկ ու արտահայտիչ ոճը: Բուռն շարժումը թափանցել է «Հ. Բ թ. Ճ.»-ի հորինվածքում, տեսարաններում ավելացել են գործող անձինք, բարդացված է ճարտ. ու բնանկարային ֆոնը: Ձեռքերի եռանդուն շարժումով գործող անձինք չեն թաքցնում իրենց զգացմունքները: Ձգտելով հասնել առավելագույն արտահայտչականության` «Հ. Բ թ. Ճ.»-ի նկարիչը հաճախ դիմել է ձևախախտման, կարողացել լավ վերարտադրել սրտահույզ վիճակները, երբեմն անհատականացնել կերպարները: Նրանց կենսական արտահայտչականությունը մեծ մասամբ ստեղծվում է ծավալային կերպավորման միջոցներով, որը կերտվում է գունային նրբերանգավորմամբ:

«Հ. Բ թ. Ճ.»-ի կոլորիտը չափազանց հարուստ է գուներանգներով. վարդագույնի, երկնագույնի, մանուշակագույնի, դեղինի, բաց կանաչի նրբերանգները զուգակցվում են լայնորեն ու բազմակերպ օգտագործված կապույտի, վառ կարմիրի երանգներին և ոսկուն (ֆոնի հարթություններում, հանդերձանքի նրբագծերում, հատուկ մածուկի միջոցով ստացված` մանրանկարների շրջանակների դրվագազարդանկարներում): «Հ. Բ թ. Ճ.»-ի զարդացանկը, որտեղ բուս. ու երկրաչափ. բազմատեսակ մոտիվները զուգորդվում են մարդակերպ ու կենդանակերպ պատկերներով (մարդկանց, գազանների, թռչունների, հրեշների), վկայում է նկարչի անհատնում երևակայության մասին: «Հ. Բ թ. Ճ.» իր զարդարվեստի ճոխությամբ, վարպետությամբ և գեղ. փայլուն ու կատարյալ ոճով դասվում է համաքրիստ. գրքարվեստի նշանավոր գործերի շարքը:
Իրինա Դրամբյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Comments are closed.