Опрос по Установке камер в городе.
www.tricolor-diler.ru
ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ (< հուն. – ընտրություն, հատուկ մտածելակերպ), գիտակցական ու միտումնավոր շեղում` հստակորեն արտահայտված ու բանաձևված քրիստոնեական ուղղափառ դավանանքից: Աղանդի և Հ-յան պայմանական տարբերությունն այն է, որ վերջինս նշանակում է ոչ այնքան մարդկանց ամբողջություն, որ հետևում է որոշակի ուսմունքի, որքան հենց ուսմունքի բուն բովանդակությունը:
Հ. պայմանականորեն տարբերակվում է նաև հերձվածից: Վերջինս նույնպես նշանակում է առանձնացում եկեղեցու հավատացյալ համայնքից, բայց ի տարբերություն Հ-յան, հերձվածողությունը տվյալ եկեղեց. նվիրապետության հեղինակությանը չի ենթարկվում` քրիստ. ավանդության հարցում տարաձայնություն (ոչ գիտակցական, ոչ միտումնավոր) ունենալու պատճառով: Նա, հետ մնալով եկեղեցու ընդհանուր զարգացման ընթացքից, հետևում է հնադավան ուսուցմանը: Հերձվածը (հուն.` սխիզմա – խզում) փաստորեն նշանակում է հնադավանություն: Հերձվածողական կարծիքներ են արտահայտել II–III դդ. եկեղեցու որոշ հեղինակավոր վարդապետներ (Դիոնիսիոս Ալեքսանդրացի, Որոգինես), երբ աստվածաբանության բնագավառում իշխում էր կարծիքների ազատությունը, իսկ եկեղեց. ուսմունքի ճշմարտությունները դեռևս հստակորեն բանաձևված չէին տիեզերական և տեղական ժողովների կողմից:
Հ-յան ակունքները հիմնականում հետևյալն են. 1. քրիստոնեություն ընդունած հուդայականների և հեթանոսների, ինչպես նաև արլ. դուալիզմի հետևորդների` իրենց նախկին կրոնափիլ. աշխարհայացքից հրաժարվելու չկամությունը. նրանք ձգտում էին իրենց հնացած պատկերացումներն ու դոգմաները համատեղել նոր` քրիստ. ըմբռնումների հետ: Արլ. դուալիզմի և քրիստոնեության խառնուրդ էին մանիքեությունը, մոնթանականները և շատ այլ աղանդներ (այստեղ տեղին է նշել, որ եթե աղանդը ձեռք է բերում այնպիսի հատկանիշ, ինչպիսին է կանխամտածված, միտումնավոր հակադրվածությունը Ընդհանրական եկեղեցուն և շեղումը ընդունված դոգմայից, այդպիսի աղանդն ինքնին Հ. է): 2. Հ-ներ էին ձևավորվում քրիստ. ուսմունքի և մեծ մտածողների գաղափարների ու անտիկ աշխարհի փիլ. աշխարհայեցողության համադրման հետևանքով, ինչը հանգեցնում էր ռացիոնալիզմի. այդպիսին էր արիոսականությունը:
3. Հ-յան աղբյուր էին նաև որոշ քրիստ. վարդապետների ինքնածին աստվածաբանության և բանականության միակցումը (որը բացառվում էր Ընդհանրական եկեղեցու և սրբազան ավանդության կողմից), եկեղեցու հայրերի անձն. կամ մասնավոր կարծիքները քրիստ. վարդապետության այս կամ այն մանրամասնի վերաբերյալ, ինչպիսիք էին, օր., Եվսեբիոս Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու և մյուսների որոշ կարծիքներ:
Քրիստ. եկեղեցու ծնունդից ի վեր, մինչև մեր ժամանակները, հանդես են եկել մի շարք` հնագույն և նոր հերետիկոս. շարժումներ, որոնց դեմ անընդմեջ պայքար է մղել եկեղեցին: Վաղ քրիստ. Հ-ները (նիկողոսյաններ, մոնթանականներ) կրել են հուդայական կրոնի հեսսեների աղանդի և նորպլատոնականության (Փիլոն Ալեքսանդրացու ուսմունքը) ազդեցությունը: Ունենալով մարտնչող բնույթ` դրանք պայքարել են միահեծան եպիսկոպոսության, «հարուստ եկեղեցու» դեմ, քարոզել երկնային արքայության մոտալուտ գալուստը:
I–III դդ. տարածվել է գնոստիցիզմը, IV–VI դդ.` արիոսականությունն ու նեստորականությունը (Հայաստանում` գլխավորապես բորբորիտներն ու մծղնեությունը, ապա, մծղնեության ազդեցությամբ` մանիքեությունը): Հերետիկ. բնույթ են ունեցել Հայաստանում և Բյուզանդիայում տարածված պավլիկյանները, VII–VIII դդ. Բուլղարիայում` բոգոմիլների աղանդը, IX–X դդ. Հայաստանում լայն ծավալում ստացած թոնդրակեցիները, Եվրոպայում XI դ. կեսից` կաթարների և ալբիգոյցիների աղանդները: Հ-ները` «Առաքելական եղբայրները», դոլչիոնականները (Իտալիայում), լոլլարդները (Անգլիայում), թաբորականները (Չեխիայում), մերժել են մասնավոր սեփականությունը, ինչպես նաև աշխարհիկ պետ. կառույցները` որպես չարի իշխանության արտահայտություններ, պայքարել իր ավահավասարության համար: Այդօրինակ բնույթ են կրել Հայաստանում Դավիթ Ծարեցու (XIII դ.) և Մեխլուի (XVI–XVII դդ.) շարժումները:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան