ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ







ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ, Ահերմոնի վանք, Կնեվանք, ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ձախափնյա ձորալանջին: Հիմնադրել են Սյունյաց գահերեց իշխան Սմբատը և Տեր-Հակոբ եպիսկոպոսը 936-ին: Վանքը կոչվ ել է ծերունի ճգնավոր Ահերմոնի անունով:

X դ. Գնդեվանքը կառուցած իշխանուհի Սոփին գնել և Հ. վ-ին է նվիրել գյուղ, այգիներ, ծաղկանոցներ ևն: 1338-ին Հ. վ-ում է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ, Գլաձորի համալսարանի շրջանավարտ Տիրատուր վրդ. Կիլիկեցին և հիմնել նոր դպրոց, որը հայտնի է որպես Հ. վ-ի դպրոց: Հ. վ-ի գրչության կենտրոնը և դպրեվանքը համահայաստանյան ճանաչում են ստացել XV դ. 40-ական թթ.` վանահայր Հովհաննես Հերմոնեցու օրոք: Հ. վ. տվել է նշանավոր մտավորականներ, գրիչներ, նկարիչներ: Այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ (պահպանվել են շուրջ 30-ը): Հ. վ. նյութ. մեծ աջակցություն է ստացել Սյունյաց Օրբելյան իշխաններից, որոնք հովանավորել են նրա գործունեությունը: Հ. վ-ի ներկայիս Ս. Գրիգոր եկեղեցին հիմնովին վերակառուցվել է XVII դ. (նախկինի օգտագործված քարերից մեկի վրա պահպանվել է վանքի անունը):

Սրբատաշ բազալտից է և ունի մեկ զույգ մույթով եռանավ բազիլիկի հորինվածք: Պարսպապատ ուղղանկյուն բակում նկատվում են երբեմնի համալիրի շինությունների հետքերը: XIV դ. Հ. վ-ի դպրոցը գործել է Գլաձորի համալսարանին զուգընթաց: XV դ. դպրոցի սաներից Հովհաննես Հերմոնեցին դարձել է Հ. վ-ի դպրոցի րաբունապետ և 1441-ին Թովմա Մեծոփեցու հետ իրականացրել Ամենայն հայոց կաթողիկոսարանը Էջմիածնում վերահաստատելու գործը:

Հ. վ-ի դպրոցը գործել է շուրջ հարյուր տարի. մեզ են հասել այնտեղ ընդօրինակված մեկ տասնյակից ավելի ձեռագրեր` մեկնություններ, լուծմունքներ ևն:
Գրիգոր Գրիգորյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS

Comments are closed.