ԹՈՒՄԱՍ ճգնավոր, սուրբ Թումաս (Թովմաս, ծ. և մ. թթ. անհտ), տոնելի սուրբ, V դարի վերջի հայ ճգնավորության նշանավոր ներկայացուցիչ: Աշակերտել է Թաթուլ ճգնավորին, որը նրան նշանակել է Գաբեղենից (Գաբեղյանց) գավառի լեռներում «հրեշտակակրոն» կյանք վարող ճգնակյացների առաջնորդ և այնտեղ` Վիշապաձոր կոչված վայրում (Կաղզվան քաղաքին մերձ) կառուցված Թաթլո կամ Թաթլա (Թաթուլի) վանքի վանահայր: Թումասը հռչակվել է որպես «հույժ բարեսեր, աստվածապաշտ և երկյուղած…» ճգնող, ուխտավոր միաբանության «սուրբ վերակացու»: Ըստ ավանդության, ամփոփվել է ս. Թաթուլ ճգնավորի մոտ: Հայ եկեղեցին ս. Թումասի, ս. Թաթուլի և ս. Վարոսի հիշատակը նշում է Խաչվերացից հետո` 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը` ս. Անտոն և ս. Կրոնիդես ճգնավորների հիշատակի հետ միասին:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան