Ազգ, 31 օգոստոսի, 2011թ.
Հատված «Հայ Տիասպորա» գրքից
Եթե աղանդավորական երեւույթները հետխորհրդային Հայաստանում նոր են, ապա սփյուռքում դրանք եղել են սկզբից եւեթ, անգամ Մեծ եղեռնից առաջՙ Կիլիկիայի ու Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում: Դրանց անդրադարձել են մեր գրողներից շատերը, տարբեր հոդվածներում եւ հրապարակումներում ձաղկելով օտարամուտ այդ «վարդապետություններն» ու դրանց քարոզիչներին, որոնց զոհերից մեկն էլ հայ գրականության ամենաինքնատիպ ներկայացուցիչ Ինտրան էրՙ իր տխուր վախճանով: Գրողներից մի քանիսն էլ քարոզիչներին ու ժողովրդի մեջ նրանց թողած ավերներին անդրադարձել են գեղարվեստական երկերումՙ առավելաբար կոմիկական իրավիճակներում, ինչպես «սուրբ հոգով փրկվածները» Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» անմահ հուշագրության մեջ: Թեմային անդրադարձել է նաեւ մեր մեծ երգիծաբան Երվանդ Օտյանը 1924-1925 թթ.-ին Կահիրեի ռամկավարական «Արեւ» օրաթերթում որպես թերթոն հրատարակած իր «Հայ տիասպորան» վեպում (առանձին գրքով հրատարակվել է 1999-ինՙ Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանի կողմից, խմբագրությամբ Հենրիկ Բախչինյանի): Ստորեւՙ մի հատված շուրջ 85 տարվա վաղեմությամբ այդ ստեղծագործությունից: Դեպքը տեղի է ունենում Բեյրութում, որն այդ ժամանակ մաս էր կազմում Մեծ Սիրիային: